Նախօրեին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արտառոց իրավիճակ էր տիրում, որին անգամ չէր սպասում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Բանն այն է, որ վերջին տարիներին թերեւս առաջին անգամ ՀՀ Վերահսկիչ պալատի ծրագիրը չհաստատվեց եւ բացասական եզրակացություն ստացավ:
Այդ օրը հանձնաժողովի նիստում քննարկվում էր Վերահսկիչ պալատի՝ 2018 թվականի գործունեության ծրագիրը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ զեկուցող ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը եւ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա «վերահսկողական գործառույթ» բառակապակցության շուրջ: Գագիկ Մինասյանը քննարկման ժամանակ ընդգծեց, որ Վերահսկիչ պալատը 2018 թվականի ապրիլից հետո չի կարող վերահսկողական գործառույթ կատարել: Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատի իրավահաջորդը դառնում է հաշվեքննիչ պալատը, որը նման գործառույթ չունի:
«Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի՝ հաշվեքննիչ պալատը վերահսկողական գործառույթ չի կարող իրականացնել, իր գործառույթը հենց հաշվեքննությունն է, մինչդեռ ՎՊ-ն իր 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- պարզաբանեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն էլ հակադարձեց, թե այժմ պետք է առաջնորդվել գործող օրենքով, որը Վերահսկիչ պալատի համար նախատեսում է վերահսկողական գործառույթ, իսկ երբ կլինի նոր օրենքը, այդ ժամանակ էլ կգործեն Սահմանադրության անցումային դրույթները: Երկար ժամանակ այս հարցի շուրջ հանձնաժողովի նիստում բուռն քննարկում տիրեց: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հորդորեց հետաձգել ծրագրի քննարկումը եւ խորհրդակցել իրավաբանների հետ:
Երկար վեճից հետո Գագիկ Մինասյանն Արա Նռանյանին հարցրեց՝ արդյո՞ք ցանկանում է ծրագիրն այդ տեսքով դնել քվեարկության, վերջինս համաձայնեց, սակայն 6 անդամները դեմ քվեարկեցին, կողմ էր միայն դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Նռանյանը եւս դաշնակցական է:
Իսկ ո՞րն է ելքը: Իրավիճակն իսկապես փակուղային է, քանի որ ԱԺ-ի բացասական եզրակացությունը նշանակում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատը ծրագիր չի ունենա աշխատելու: «Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակից դուրս գալու ելքերի մասին զրուցեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
-Պարո՛ն Մինասյան, նախօրեին հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության ծրագիրը բացասական եզրակացություն ստացավ: Ստացվում է՝ ՎՊ-ն ծրագիր չունի, բա կառույցն ինչպե՞ս աշխատի:
-Այդպես չէ, կլինի նոր ծրագիր, որը դրական կստացվի եւ հանձնաժողովի նիստում կարժանանա դրական եզրակացության:
-Ի՞նչ ժամկետներում պետք է նոր ծրագիրը ներկայացվի:
-Մինչեւ դեկտեմբերի 31-ը:
-Դուք նշել էիք, թե ամբողջ տարվա համար իրենք չեն կարող վերահսկողական գործառույթ իրականացնել, այդ դեպքում ելքը ո՞րն է:
-Իրենք պետք է բերեն այնպիսի ծրագիր, որը չի հակասի Սահմանադրությանը եւ նաեւ կընդունվի: Սահմանադրության մեջ ամեն ինչ հստակ ամրագրված է: Վերահսկիչ պալատը 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
-Պարո՛ն Մինասյան, առաջին անգամ է, որ Վերահսկիչ պալատի ծրագիրը չի հաստատվում: Թերեւս կարելի է արտառոց համարել, որ ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ծրագրին:
-Պարզապես ներկայացվել է ծրագիր, որը խնդիրներ ունի Սահմանադրության հետ: Այստեղ կապ չունի՝ հանրապետական կամ ոչ հանրապետական: Պետք չէ հարցերին այդ տեսակետից նայել:
-Ստացվում է՝ Վերահսկիչ պալատում հաշվի չե՞ն առել կատարված փոփոխությունները:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողները շարունակել են բողոքի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Նրանք վաղ առավոտից կրկին հավաքվել էին համալսարանի դիմաց, ապա երթով շարժվեցին դեպի կրթության եւ գիտության նախարարություն, որտեղ էլ հանդիպեցին նախարար Լեւոն Մկրտչյանին: Սակայն ուսանողներին նախարարի հետ հանդիպումը չի գոհացրել: Անգամ հանդիպումից հետո վերջիններս հայտարարեցին, թե դասադուլը շարունակվելու է:
Երեկ ուսանողների ակցիայի երկրորդ օրն էր: Նախ ԵՊՀ շենքի դիմաց ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով կոնֆլիկտների չգնալ: Կրթության եւ գիտության նախարարություն երթով շարժվելու ամբողջ ընթացքում ուսանողները բացականչում էին՝ «Տարկետում լինելու է», «Միացում»:
Շենքի մոտ հասնելով՝ նրանք որոշում կայացրին 10 հոգով հանդիպել նախարարին, սակայն, ի վերջո, ընդհանուր հայտարարի նրանք այդպես էլ չեկան: Հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը նշեց, թե չեն վստահում, իսկ նախարարն էլ արձագանքեց` սա ձեր խնդիրն է: Ուսանողները նշեցին, թե իրենց բարձրացրած հարցերը հրատապ լուծում են պահանջում, եւ դա կօգնի ստեղծել վստահության մթնոլորտ:
Դիտարկմանը, թե այս փոփոխությունը վնաս է հասցնելու առաջին հերթին գիտությանը, Լեւոն Մկրտչյանը նշեց. «Վերջին 4-5 տարիներին գիտությունների թեկնածուի աստիճանով քաղաքացիներից գիտության մեջ մնացել է 15-17 տոկոսը, որը միջազգային որեւէ չափանիշի մեջ չի ներառվում: Այսինքն՝ սա նշանակում է, որ կոռուպցիոն մեծ ռիսկ ենք կուտակել»,- ընդգծեց Լեւոն Մկրտչյանը:
Ուսանողներից Դավիթ Պետրոսյանն էլ նշեց՝ իրենք վստահ չեն, որ նման օրինագծի ընդունմամբ լուծվելու է արդարության խնդիրը: «Կան այլ շատ ոլորտներ, որոնք օգտագործում են բանակից ազատվելու համար, նույն առողջապահական համակարգում կան սողանցքներ: Մինչեւ այդ ոլորտներում չի բերվել համապատասխան կարգ ու կանոն, այս ոլորտում կատարել փոփոխություն ՊՆ-ի առաջ քաշած նախագծով, տրամաբանական չէ», – հայտարարեց նա՝ կոչ անելով բանակի հարցը չխառնել այս տարկետման ինստիտուտի հետ, քանի որ իրենք էլ են մտահոգված բանակում առկա խնդիրներով: Ամեն դեպքում, կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, թե դասադուլի մեջ իմաստ չի տեսնում:
Ի վերջո, նախարարի հետ հանդիպումից հետո ուսանողները նշեցին, թե դասադուլը շարունակելու են եւ փորձելու են այլ կերպ ազդեցություն ունենալ նախագծի որոշման վրա:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՎԵԼԻ ՔԱՆ 1.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ` ՊԵԿ-ԻՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի 1 մլրդ 665 մլն 144 հազար 300 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարից 389 մլն 203 հազար 500 դրամը կուղղվի աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների, իսկ 1 մլրդ 275 մլն 940 հազար 800 դրամը` պարգեւատրումների, դրամական խրախուսումների եւ հատուկ վճարների համար: Այսինքն՝ ՊԵԿ-ը մտադիր է հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին պարգեւատրել: Ըստ ՊԵԿ-ի` այն կնպաստի համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
ԳՈՂՆ ՈՒ ԳՈՂՈՆԸ ԴԵՌ ՉԿԱՆ
Այսօր լրանում է «Կոնվերսբանկ»-ի Սայաթ-Նովա մասնաճյուղից 200 հազար դոլար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեկ ամիսը, սակայն մինչ օրս ամենակարեւոր հարցերը մնում են օդից կախված: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ հիմա չի հայտնաբերվել բանկից հափշտակված 200 հազար դոլարը, նաեւ չի ձերբակալվել Աշտարակ քաղաքի բնակիչ Պյոտր Ցիգանկովը, որին եւս մեղադրանք է առաջադրվել այս գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղ էր մտել Պյոտր Ցիգանկովը եւ հափշտակել էր 200 հազար դոլարն ու փախել: Այս գործով կալանավորվել են Դավիթ եւ Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը, իսկ Պյոտր Ցիգանկովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
ՎՍՏԱՀ ԵՆ
ՀՀ իշխանությունները կարծես թե կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսերում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով: Ավելի նպատակահարմար են գտել քննարկումն անցկացնել համաձայնագրի ստորագրումից հետո: Նշենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվելու են ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Լսումներին նախատեսվում է ՀՀ ԱԺ պատգամավորների, այլ երկրների դեսպանների, ՀՀ կառավարության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: Երեկ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է՝ «Ենթադրվող ստորագրումից մեկ շաբաթ անց շատ թարմ եւ ակտուալ մտքերով անդրադառնալու ենք այդ կարեւորագույն քաղաքական փաստաթղթին», ու հավելել, թե խորհրդարանական լսումներն ունենալու են «քաղաքական նշանակություն, բովանդակային կարեւորություն»: Միայն թե ոչ վաղ անցյալում նույն Աշոտյանը պնդում էր, թե պետք չի շատ ոգեւորվել ԵՄ համաձայնագրից ու այն դարձնել «տոնածառ»: