Չնայած կառավարության պնդումներին, թե ամեն ինչ անում են՝ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
«Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է հայտնվել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի` հոկտեմբեր ամսվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումների ցանկը: Ըստ այդմ, միայն մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ նախագահի որոշմամբ կասեցվել է մոտ 50 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 5-10 օրով, իսկ մի քանի տնտեսվարողի դեպքում կասեցման որոշումը հետագայում փոխարինվել է տուգանքով` 300-600 հազար դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ միայն նոյեմբերի 7-ի դրությամբ, ՊԵԿ նախագահի կողմից կասեցման որոշում է կայացվել 18 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ: Ընդ որում, որոշումների գերակշիռ մեծամասնությունը վերաբերել է առեւտրային օբյեկտներին` ՍՊԸ-ների կամ անհատ ձեռներեցներին, որոնք գնորդներին չեն տրամադրել ՀԴՄ կտրոն, շատ հաճախ մի քանի հարյուր կամ մի քանի հազար դրամ առեւտրի դիմաց: Եւ այդ օրինազանցությունը բավական թանկ է նստել տնտեսվարողների վրա. կատարած արարքն ու դրան հետեւած պատիժն առավել քան անհամաչափ է եղել:Փաստ է, որ տնտեսվարողները թույլ են տվել օրինախախտում, հետեւաբար պետք է պատասխան տան իրենց արարքի համար: Բայց նրանք թաքցրել են ոչ թե հարյուր հազարավոր կամ միլիոնավոր դրամների ապրանքաշրջանառություն, այլ հիմնականում փոքր առեւտուր իրականացնելիս չեն տրամադրել ՀՄԴ կտրոն: Արդյունքում հիմա ստիպված են հազարապատիկ մեծ տուգանք վճարել, շատ ավելի, քան իրենց մի քանի ամսվա շրջանառությունն է: Սա, համաձայնեք, նորմալ չէ, եւ այդպես փոքր ու միջին բիզնեսը չեն զարգացնում. ի վերջո, օրինազանցության համար պետք է տուգանել, բայց արարքին համարժեք չափով, այլ ոչ թե մարդկանց տանել սննկացման: Ի վերջո, այսօր դժվար է գտնել որեւէ տնտեսվարողի, լինի խոշոր, թե փոքր, որը կքած չլինի վարկային բեռի տակ: Ու հիմա նման մեթոդները էլ ավելի են ծանրացնում նրանց վիճակը:Հետո սա չի տեղավորվում օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի ասածի տրամաբանության մեջ. նոյեմբերի 2-ի իր ասուլիսում նա նշել էր. «Ես կողմնակից եմ նրան, որ պետության հիմնական գործառույթը բիզնեսի մեջ բիզնեսին չխանգարելն է: Բայց այսօրվա իրավիճակն այնպիսինն է, որ մենք շատ դեպքերում կատալիզատորի դեր ենք կատարում բիզնեսի համար եւ օժանդակելու ենք: Հենց բիզնեսը գա, հասնի, կայունանա, պինդ կանգնի ոտքի, այդ ժամանակ մեր գործառույթը կլինի իրենց չխանգարելը»: Այսինքն՝ ստացվում է՝ իշխանությունները բիզնեսը կայունացնելու փոխարեն ընդհակառակը, խանգարում են:Մեկ ուշագրավ փաստ էլ. օրերս հրապարակվել են այս տարվա ինը ամիսների հարկահավաքչության ցուցանիշները: Պատկերը, մեղմ ասած, հեռու է նորմալ համարվելուց. խոշոր հարկատուների կողմից այս տարվա երրորդ եռամսյակում վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 59.5 տոկոսը: Բացի այդ՝ շարունակվում են ահռելի թիվ կազմել գերավճարները: Ըստ ՊԵԿ-ի, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 150.7 մլրդ դրամի գերավճար (ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների գերավճարների չափն ավելի քիչ էր՝ 144.4 մլրդ դրամ): Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ ներկայացրած հաշվետվությունից էլ տեղեկանում ենք, որ այս տարվա ինը ամիսների գերավճարների չափը կազմել է 258.6 մլրդ դրամ: Ու ստացվում է՝ միայն փոքր ու միջին ձեռնարկություններն ունեցել են 107.9 մլրդ դրամի գերավճար:Չնայած կառավարությունը պնդում է՝ հետեւողականորեն վերադարձնում են գերավճարները, բայց հրապարակված ցուցանիշները դեռեւս մտահոգիչ են: Ի վերջո, այս գումարը, որ տնտեսվարողները որպես գերավճար մուծել են պետական բյուջե, կարող էին շրջանառության մեջ դնել եւ լրացուցիչ շահույթներ ստանալ: Բայց այսպես ստացվել է, որ իրենց միջոցները ներդրել են պետական բյուջե՝ առանց շահույթի, առանց «տոկոսի», երբեւէ ետ ստանալու կամ ընթացիկ հարկային պարտավորություններին հաշվանցելու հույսով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԴԵՄ, ԹԵ ՁԵՌՆՊԱՀ
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումից հետո այն կքննարկվի նոյեմբերի 14-ից մեկնարող լիագումար նիստում: «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս չի որոշել՝ ինչպես է քվեարկելու 2018 թվականի պետական բյուջեի նախագծին: Այս խմբակցության անդամները հանձնաժողովներում քննարկման ժամանակ ամենաակտիվն էին, անխնա քննադատում էին, հարցեր հնչեցնում: Սակայն այս պահին նրանք դեռեւս վերջնական որոշում չունեն՝ դեմ, թե ձեռնպահ քվեարկել նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս առումով խմբակցությունում դեռեւս տարակարծություն է առկա, սակայն քվեարկությունն ազատ թողնելու տարբերակը չի դիտարկում. ամեն դեպքում, մինչ քննարկումները խմբակցությունում պետք է վերջնական որոշում կայացնեն:
ԿՐՏՍԵՐԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի դրամական միջոցները տարեցտարի աճում են: Տեղեկացնենք, որ Սարգիս Երիցյանը ՀՀ լեզվի պետական տեսչության նախկին պետ, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի որդին է: Կրտսեր Երիցյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 50 մլն 740 հազար դրամ, 8 հազար եվրո եւ 147 հազար 364 դոլար: Բացի այս՝ նրա փոխառության չափը կազմել է 105 հազար 135 դոլար: Երիտասարդ դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած ավելի քան 8 մլն դրամ աշխատավարձ, 364 հազար դրամի չափով ապահովագրական հատուցումը եւ տրված փոխառության դիմաց ստացած 637 հազար դրամի տոկոսը: Փաստորեն, հայր եւ որդի Երիցյանները սեփական օրինակով, գործնականում հերքում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքերը: Հիշեցնենք, երբ 1997թ. ասուլիսին այն ժամանակ լրագրող Սերգո Երիցյանը Տեր-Պետրոսյանին հարցրել էր՝ ե՞րբ ենք լավ ապրելու, նախագահը կես լուրջ-կես կատակ պատասխանել էր. «Լավ չես ապրելու, Սերգո ջա՛ն, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»: Այս խոսքերից քսան տարի անց էլ դեռ ԼՂ հարցը չի լուծվել, բայց ե՛ւ Սերգո Երիցյանը, ե՛ւ դատավոր որդին՝ Սարգիս Երիցյանը բավական լավ են ապրում: Ապացույցը նրանց հայտարարագրած դրամական միջոցներն են:
ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Կառավարությունն Ազգային ժողովի վավերացմանն է ուղարկել 2017 թվականի ապրիլին Մոսկվայում ստորագրած «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը: Այս պայմանագրի վավերացումից հետո ԵՏՄ-ում իրավական բազան փոխվում է, եւ մինչ այս եղած բոլոր կարգավորումներն այս օրենքից հետո ուժը կորցրած են ճանաչվելու: Նախատեսված է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից: Սակայն 897 էջից բաղկացած այս նախագիծը դեռ չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ, եւ հայտնի չէ նաեւ՝ ո՞ր հանձնաժողովում է այն քննարկվելու:
ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին, «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆՔ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկն է։ «Մենք նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում եւ ունենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Օբյեկտիվորեն գնահատելով այսօրվա մեր իրավիճակը՝ պետք է փաստենք, որ գյուղատնտեսության զարգացման ճանապարհին ունենք նաեւ բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք՝ ոռոգման ջրի կայուն մատակարարումը, զոնինգը, չմշակվող հողերը, արտադրողականության եւ արդյունավետության պակասը եւ այլն»,- ասել է Կ. Կարապետյանը՝ ավելացնելով, որ կառավարության այսօրվա ջանքերն ուղղված են ոլորտում ստեղծելու ամուր նախադրյալներ եւ նոր հնարավորություններ՝ մրցունակ, շահութաբեր, կայուն գյուղատնտեսության զարգացման համար:
ՀԱՆՈՒՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ
«Մի ժամանակ բժշկին ծեծելը համարվում էր սպորտաձեւ: Ես այդպիսի դեպքերի շատ եմ ականատես եղել: Այստեղ պաշտպանվող հատկանիշը կյանքն է: Կարելի է քննարկել պատժաչափի հարցը, բայց կարեւոր է պաշտպանել բժիշկներին այն ոտնձգություններից, որ հաճախ տեղի են ունենում»,-երեկ հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ Ըստ պատգամավորի՝ վիճակագրություն չկա, թե քանի բժիշկ է բռնության ենթարկվում, բայց բազմաթիվ դեպքեր արձանագրվել են: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի խոսքով՝ շատ դեպքերում պացիենտը կամ նրա հարազատները գիտակցում եւ համակերպվում են իրավիճակի հետ, սակայն դեպքեր էլ կան, որ մահվան ելք է լինում: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նկատել է, որ ցանկացած բռնություն մնում է բռնություն. «Այս դաշտն անկանխատեսելի է, եւ այս փոփոխությամբ մենք գնում ենք դաշտի կանոնակարգման: Կարեւոր հանգամանք է, որ բժիշկն օրենքի ուժով կարողանա պաշտպանել իրեն»,-ավելացրել է փոխնախարարը: Մինչդեռ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բուռն կերպով դեմ է արտահայտվել նախագծին` պաշտպանելով պացիենտներին, սակայն, ի վերջո, կողմ է քվեարկել. «Տպավորություն է, որ ես բժշկական աշխարհի հետ լուրջ խնդիրներ ունեմ, ու վաղը եթե գրիպ ընկնեմ, դիմեմ բժշկի, ինձ էն աշխարհ կուղարկեն: Բայց ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում, կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում, որ տեսնի, թե երբ ա ամուսնանում»,-ասել է Գ. Պետրոսյանը: Օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ: