ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԱՆԿԱՆՈՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Արգելված թմրանյութեր
1. Իրենց համապատասխան լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում Կողմերը պետք է համագործակցեն՝ արգելված թմրանյութերի, ինչպես նաեւ նոր հոգեակտիվ նյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին ուղղված հավասարակշռված եւ ինտեգրված մոտեցումն ապահովելու շուրջ: Թմրանյութերի հետ կապված քաղաքականությունը եւ գործողությունները պետք է ուղղված լինեն արգելված թմրանյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին, արգելված թմրանյութերի մատակարարումը, առեւտուրը եւ պահանջարկը նվազեցնելուն, ինչպես նաեւ թմրանյութերից կախվածության հետ կապված առողջական եւ սոցիալական հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառույցների ամրապնդմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել հասցվող վնասը, ինչպես նաեւ արդյունավետորեն կանխել թմրադեղերի, հոգեներգործուն կամ հոգեակտիվ նյութերի ապօրինի արտադրության համար օգտագործվող քիմիական պրեկուրսորների նպատակային օգտագործումից շեղումները:
2. Կողմերը պետք է համաձայնության գան 1-ին պարբերության մեջ նշված նպատակներին հասնելու համար համագործակցության անհրաժեշտ մեթոդների շուրջ: Գործողությունները պետք է հիմնված լինեն համապատասխան միջազգային կոնվենցիաներով սահմանված ընդհանուր համաձայնեցված սկզբունքների վրա եւ պետք է ուղղված լինեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ 2016 թվականի ապրիլին անցկացված՝ աշխարհում թմրանյութերի խնդրի վերաբերյալ հատուկ նիստի արդյունքների մասին փաստաթղթում ամրագրված առաջարկությունների իրականացմանը:
Փողերի լվացում եւ ահաբեկչության ֆինանսավորում
1. Կողմերը պետք է համագործակցեն՝ հատկապես ընդհանուր բնույթի եւ թմրանյութերի հետ կապված հանցագործություններում քրեական գործողությունների արդյունքում ստացված դրամական միջոցների լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրենց ֆինանսական եւ համապատասխան ոչ ֆինանսական համակարգերի օգտագործումը կանխելու նպատակով: Այդ համագործակցությունը տարածվում է հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների կամ դրամական միջոցների բռնագանձման վրա:
2. Այս ոլորտում համագործակցությունը հնարավորություն է տալիս Կողմերի համապատասխան օրենսդրության եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի շրջանակներում իրականացնել համապատասխան տեղեկությունների փոխանակում, ինչպես նաեւ ընդունել փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համապատասխան ստանդարտներ, որոնք համարժեք կլինեն այս ոլորտում ակտիվ համապատասխան միջազգային մարմինների, ինչպես, օրինակ, Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների հանձնախմբի (ՖԱԹՖ) կողմից ընդունված ստանդարտներին:
Ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը
1. Error! Reference source not found.-րդ հոդվածով սահմանված՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմքում ընկած սկզբունքներին համապատասխան՝ Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ իրավապահ եւ դատական համակարգերի մոտեցման կարեւորությունը եւ համաձայնում են համագործակցել ահաբեկչության կանխարգելման եւ դադարեցման շուրջ, մասնավորապես՝
ա) ահաբեկչական խմբերի եւ անհատների ու դրանց աջակցող ցանցերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ միջազգային եւ ներպետական, մասնավորապես տվյալների պաշտպանության եւ գաղտնիության պահպանման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան,
բ) ահաբեկչության կանխարգելման եւ դադարեցման, միջոցների եւ մեթոդների կիրառման ու դրանց տեխնիկական հայեցակետերի, ինչպես նաեւ վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված փորձի փոխանակման միջոցով՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան,
գ) արմատականացման եւ հավաքագրման, արմատականացման դեմ պայքարելու եւ վերականգնումը խթանելու եղանակների վերաբերյալ տեսակետների փոխանակման միջոցով,
դ) ահաբեկչության մեջ կասկածվողների միջսահմանային տեղաշարժի եւ սահմանը հատելու, ինչպես նաեւ ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ տեսակետների եւ փորձի փոխանակման միջոցով,
ե) ահաբեկչության դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ, մասնավորապես քրեական վարույթի հետ կապված լավագույն փորձի փոխանակման միջոցով,
զ) ահաբեկչական հանցագործությունների քրեականացումն ապահովելու միջոցով, եւ
է) քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային ահաբեկչության սպառնալիքների դեմ ուղղված միջոցներ ձեռնարկելու եւ քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ ատոմային նյութերի՝ ահաբեկչական նպատակներով ձեռքբերումը, տեղափոխումը եւ օգտագործումը կանխարգելելու, ինչպես նաեւ բարձր ռիսկայնության քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային սարքավորումների դեմ անօրինական գործողությունների կանխարգելման համար միջոցներ ձեռնարկելու միջոցով:
2. Համագործակցությունը պետք է հիմնված լինի համապատասխան առկա գնահատումների վրա եւ իրականացվի Կողմերի միջեւ փոխադարձ խորհրդակցության միջոցով:

Շարունակելի…

 

 

 

 

ԲԺՇԿԱԿԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԲԺՇԿԻ ԴԻՊԼՈՄ ՉՏԱԼ ԱՅԼՈՑ

ՀՀ կրթության նախարարը՝ Լեւոն Մկրտչյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ոչ մի մասնավոր բուհ բժիշկ մասնագետ որակավորում տալու իրավունք չունի, միայն բժշկական համալսարանինն է տրված այդ իրավունքը՝ օրդինատուրայի ձեւով: Նախարարն իր խոսքում նշել է, որ եթե մասնավոր բուհերի տված դիպլոմներն այդքան անորակ են, ապա ինչո՞ւ է բժշկական համալսարանը բժշկի որակավորում տալիս այն մասնագետներին, ովքեր այլ բուհերից դիմում են իրենց՝ ստանալու բժշկի որակավորում:

Ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը: Ի պատասխան «Ժողովուրդ-ի այս հարցմանը՝ ԵՊԲՀ հետբուհական հարցերով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը պատասխանեց. «Մինչեւ 2011 թվականը ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա իրավունք ունեին ընդունվելու միայն ԵՊԲՀ շրջանավարտները: 2011 թվականից ԵՊԲՀ-ին միացել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կրթական մասը՝ ամբիոններով եւ իրենց կլինիկական օրդինատորներով եւս: Միավորման արդյունքում 2011 թվականից սկսած, կառավարության որոշման համաձայն, կլինիկական օրդինատուրան իրականացվել է ԵՊԲՀ-ում, ինչի արդյունքում այլ բուհերի բժշկական կրթություն ստացած շրջանավարտներին եւս տրվեց իրավունք բժիշկ մասնագետի որակավորում ստանալ ԵՊԲՀ-ում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով բժշկական կրթության առանձնահատկությունները եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քաղաքականությունը՝ միջազգային դաշտում մրցունակ բժիշկներ պատրաստելը, որոշակի հստակեցումներ եւ խստացումներ են կատարվել ուսումնական գործընթացում:
Օրինակ՝ 2016 թվականին բժշկական կրթություն տրամադրող այլ բուհերից ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա է դիմել 188 քաղաքացի, որից ընդունվել է 165-ը կամ դիմողների 87%, 2017 թվականին 150 քաղաքացի, որոնցից ընդունվել է 40 կամ 26%: Նշենք նաեւ, որ ԵՊԲՀ-ն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի այն կետի վերաբերյալ, որով սահմանափակվում է հավատարմագրում չունեցող բուհից հավատարմագրված բուհի կլինիկական օրդինատուրա ընդունվելը, նույնիսկ անգամ տեղափոխվելը»:
Փաստենք, որ Հայաստանում բժշկական կրթություն տրամադրող միակ ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհը ԵՊԲՀ-ն է:

Ս. Հ.

 

 

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԴԻՆԵՐԸ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի սահմանագոտում ականների վրա պայթել են Վազաշենի բնակիչ Մելիք Հակոբյանի 2 կով: Վազաշենցիները «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Մ. Հակոբյանին պատկանող 3-րդ կովն անհետացել է: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանն ասաց, որ Մ. Հակոբյանին պատկանող 3-րդ կովից տեղեկություններ չկան: Սահմանամերձ համայնքի ղեկավարը հայտնեց, որ Տավուշի մարզպետարանում տեղյակ են դեպքի մասին, սակայն ինքը չգիտի` կովերի կորստյան համար Մելիք Հակոբյանին պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվելո՞ւ է, թե՞ ոչ: Նոյեմբերի 8-ին, երբ հեռախոսազանգով խոսում էի Լ. Բադիրյանի հետ, նա ասաց, որ ինքն այդ պահին զբաղված է, գյուղի միջնակարգ դպրոցի շենքի առաջ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած արագ աճող բարդիներն են տնկում, որպեսզի դպրոցի շենքը պաշտպանվի ադրբեջանական գնդակոծություններից: Արագ աճող բարդիները տնկվում են 3 շերտով: Մի քանի տարի անց այդ բարդիները կդառնան մեծ ծառեր: Նախկինում Վազաշենի դպրոցի պատուհանները ձեւափոխել էին, նեղացրել, որպեսզի դպրոցում սովորող երեխաները ադրբեջանական զինուժի գնդակոծություններից պաշտպանված լինեն: Դպրոցի շենքի պատերին առկա են ադրբեջանական գնդակոծության հետքերը:

 

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Հոկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Լեւոն Բրուտյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1990-ական թվականներից Պառավաքար գյուղում գտնվող առանձնատանը կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով պահել է 350 հատ գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտ եւ ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության Ֆ-1 եւ ՌԳԴ-5 տեսակի ձեռքի նռնակներ: Լ. Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Լեւոն Բրուտյանը մոտ 43-44 տարեկան է, նա 90-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, հայրենի գյուղի պաշտպանությանը եւ այդ ժամանակ վիրավորվել է: Նա այժմ զբաղվում է իր գյուղացիական տնտեսությամբ: Գյուղապետը արտասովոր բան չհամարեց, որ ազատամարտիկի շինությունում 90-ականներից ռազմամթերք է մնացել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս