«ՇԱՏԵՐԻ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱ ԸՆԴՈՒՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքի նոր փուլի, ակումբներում չերգելու պատճառի, շոու-բիզնեսում իշխող մարդկային հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ։

-Նարինե՛, վերջին շրջանում Ձեզ էկրաններին չենք տեսնում։ Կարելի՞ է կարծել, որ պասիվացրել եք Ձեր գործունեությունը։
-Ո՛չ, պասիվության հարց չկա, պարզապես ավելի քիչ եմ հայտնվում եթերում, քիչ եմ հարցազրույցներ տալիս։ Չեմ սիրում անընդհատ խոսել, հատկապես երբ նոր ասելիք չի լինում։
-Այնպիսի տպավորություն է, որ ստեղծագործական առումով հիմա Ձեզ համար դժվարին փուլ է։ Այդպե՞ս է։
-Հիմա արդեն ոչ։ Կար մի պահ, որ ստեղծագործում էի, բայց չէի կարողանում ստանալ այն, ինչ իսկապես զգում էի։ Բայց հիմա, ի ուրախություն ինձ, ամեն բան իմ ուզածի պես է։ Խոսքս մուսայի մասին է։ Ի դեպ, հիմա ստեղծագործելիս զգացողություններս փոխվել են։ Այն, ինչ զգում էի տարիներ առաջ եւ ինչ զգում եմ այսօր, բավական տարբեր են։ Ես էլ եմ փոխվել, հասունացել, երաժշտական առումով աճել։ Այժմ աշխատում եմ ներկայացնել հեղինակային գործեր, դրանց վրա եմ կենտրոնացել։ Իսկ «cover» տարբերակով երգերի հետ կապված հատուկենտ անդրադարձներ կլինեն։ Կարծում եմ՝ կատարողի երգացանկում ուրույն տեղ ունեն հենց հեղինակային գործերը, իսկ «cover»-ները դպրոց են, որ պետք է անցնել։
-Ինչպե՞ս կկոչեք այն ժանրը, որում Ձեզ գտել եք:
-Դժվարանում եմ որեւէ կոնկրետ ժանր, ոճ առանձնացնել, քանի որ հիմնականում դիմում եմ միքսերի։
-Քանի որ Ձեր ստեղծագործական կյանքում նոր փուլ է սկսվել, ենթադրում եմ, որ առաջիկայում հանդիսատեսը կարող է սպասել նոր երգերի։
-Այո՛, անպայման կլինեն նոր երգեր։ Ի դեպ, վերջերս անգլերեն գործերից զատ, ինձ «այցելում են» նաեւ հայալեզու երգեր։ Այնպես որ, այդ առումով եւս սպասվում են նորություններ։
-Արդեն երկու տարուց ավել է՝ ակումբներում մշտական համերգներ չեք ունենում, ինչո՞ւ։
-Այդ համերգների միջոցով լավ փորձ ձեռք բերեցի, սակայն հետագայում չուզեցի շարունակել։ Հիմա հատուկենտ համերգներ ունենում եմ, բայց ակումբներում այլեւս ելույթ չեմ ունենում։ Դա էլ մի փուլ էր, որն անցա։
-Դժվար չէ՞ այդ հատուկենտ համերգների միջոցով երկրպագուների հետ կապը պահելը։
-Առհասարակ, պետք չէ մտածել դժվարությունների մասին, կարիք չկա պատճառներ, արդարացումներ գտնել։ Պետք է ուղղակի առաջ շարժվել՝ հաղթահարելով խնդիրները։
-Նարինե՛, նկարահանվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հետո, սակայն, նմանատիպ նախագծերում Ձեզ չտեսանք, ինչո՞ւ։
-Ինչպես գեղարվեստական ֆիլմերից, սերիալներից էլ շատ եմ հրավերներ ստացել։ Եվ եթե նախկինում մերժում էի դրանք, ապա նախորդ տարի որոշեցի ընդունել, որպեսզի փորձ ձեռք բերեի՝ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու համար։ Բացի այդ՝ սերիալի շրջանակում հետաքրքիր էր համագործակցությունը։
-Իսկ կա՞ ֆիլմ, որտեղ արդեն նկարահանվել եք:
-Կա մի ֆիլմ, որի սաունդթրեքը ես եմ կատարել, կա նաեւ մի ֆիլմ, որտեղ համաձայնել եմ նկարահանվել հաջորդ տարի։ Մանրամասներ դեռ չեմ հայտնի։ Միայն ասեմ, որ կարեւորում եմ ֆիլմի սցենարը, ռեժիսուրան, այն հանգամանքը, թե ինչ թիմ է հավաքված դրա շուրջը։
-Շոու-բիզնես կոչված տարածքում կա՞ մի երեւույթ, որի հետ չեք համակերպվել:
-Ինձ, առհասարակ, «շոու-բիզնես» բառը դուր չի գալիս։ Բոլորը գիտեն, որ Հայաստանում շոու չեն անում, այլ միայն՝ բիզնես։ Ամեն դեպքում, որեւէ մեկին չեմ քննադատում, թող ամեն մեկն անի այն, ինչ իրեն է հոգեհարազատ։ Բայց ինչ վերաբերում է այդ տիրույթում իշխող մարդկային հարաբերություններին, կասեմ, որ շատերի կեղծավորությունը չկարողացա ընդունել եւ ընկալել։ Իհարկե, մեր ասպարեզում կան շատ լավ մարդիկ, բայց կան նաեւ ոչ այնքան անկեղծները, որոնք մարդու երեսին մի բան են ասում, հետեւից՝ մեկ այլ բան։
-Եվ վերջում կցանկանայի Ձեր անձնական կյանքից խոսեինք։ Առաջիկայում նշանադրություն, ամուսնություն սպասե՞նք։
-Անձնականիս մասին խոսել չեմ սիրում, միայն կասեմ, որ չեմ նշանադրվել, իսկ երբ ամուսնանամ, բոլորը կիմանան այդ մասին։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՆԱԼԸ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒՑ ԿԱՐԵՎՈՐ Է

«2018 թվականի բյուջեն, ըստ էության, լինելու է զարգացման բյուջե, եւ արդեն իսկ սկսած ներդրումային ծրագրերի շարունակականությունն ապահովող բյուջե»,- այս մասին օրերս ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով հաջորդ տարի նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի բովանդակային մասը։

Նախարարի խոսքով՝ առավել ագրեսիվ քաղաքականություն են վարելու կապիտալ ծախսերի մասով. «Դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը, օրինակ՝ Ամբերդ, Լոռի բերդ, քանի որ սրանք զբոսաշրջության համար հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային հուշարձաններ են, որտեղ ենթակառուցվածքների ստեղծումով մենք ծրագրում ենք եկող տարվա ընթացքում ապահովել 40-50 միլիոն դրամի հավելյալ շահույթ, որը կարող ենք ուղղել այն հուշարձաններին, որոնք զբոսաշրջության համար այս պահին այդքան էլ հետաքրքիր չեն»,-նշել է նա։
Արմեն Ամիրյանի այս հայտարարությունը, սակայն, տարակուսելու առիթ է տալիս։ Փաստորեն, նախարարությունը առաջին հերթին մտածում է զբոսաշրջիկներին գոհացնելու եւ ոչ թե պատմամշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ։
«Նախարարը մեկ անգամ չէ, որ նման մոտեցմամբ է հանդես գալիս։ Ցավոք, նման քաղաքականությունը մեծամասամբ ուղղված է էլ ավելի եկամուտներ ստանալուն, քան բուն հուշարձանների պահպանության խնդիրներին լուծումներ տալուն։ Անշուշտ, մեր հուշարձանները պետք ունեն էլ ավելի հանրահռչակման։ Սակայն մինչ այդ դրանք պետք է նորոգվեն ու բարեկարգվեն, որն այնքան էլ տեսանելի չէ։ Նույնիսկ Գառնին, որն ամենաշատ այցելուներ ունեցող հուշարձաններից է եւ ամեն տարի 120-150 միլիոն դրամի հասնող եկամուտ է բերում, առ այսօր աշխատակիցների համար աշխատատեղ-թանգարան չունի, եւ աշխատակիցները պարզապես ծվարում են այս կամ այն պատի կամ ծառի տակ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց հայագետ Արգամ Այվազյանը։
Նրա համոզմամբ՝ պետական քաղաքականությունը պետք է նախեւառաջ ուղղված լինի սեփական երկրի բնակչությանը մեր մշակութային արժեքների դերի ու նշանակության, հուշարձանների պահպանության խնդիրներին հավուր պատշաճի հասու դարձնելու հարցերին։ «Շատ մեծ կարեւորություն ունի նաեւ պետական պաշտոնյաներին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, այսպես ասած, կրթելը՝ հուշարձանների նկատմամբ կատարվող ոտնձգությունները կանխելու ու դատապարտելու համար։ Այդ ուղղությամբ հանրապետությունում անհրաժեշտ է համալիր աշխատանքներ իրականացնել»,-կարծիք հայտնեց պարոն Այվազյանը։
Հայագետի խոսքով՝ նպատակահարմար կլինի, որ թե՛ դպրոցական եւ թե՛ բուհական ծրագրերում ներառվեն մեր հուշարձանների պահպանության խնդիրներն արծարծող թեմաներ, մարզպետարանների մարզային տարեկան հաշվետվություններում հատուկ տողով տեղ տրվի մարզում տվյալ տարում հուշարձանների պահպանության ու նորոգման խնդիրները արտացոլող պարտադիր տեղեկություններին։ «Հուշարձանների նորոգման ու վերականգնումից բացի՝ առավել մեծ ուշադրություն պետք է դարձվի նաեւ հուշարձանների օգտագործմանը որպես մշակութային, կրթական օջախների։ Նման խնդիրների իրականացումը, անշուշտ, ինքնըստինքյան կբերի հուշարձանների հանրահռչակմանը եւ մեծ թվով այցելուներ ունենալու հարցի կարգավորմանը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին անվտանգության նկատառումներից ելնելով տեսախցիկներ են տեղադրել: Կարսի նահանգապետարանի փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ից սկսված տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտված են: Նախագիծն արժեցել է 2 մլն 880 հազար թուրքական լիրա: «Նախագիծը միտված է ավելի ապահով դարձնելու Թուրքիա-Հայաստան սահմանի Կարսի հատվածն ու կանխելու տարբեր պատահարները»,-նշում է նահանգապետարանը։

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Երեւան է այցելել բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթը։ Արվեստագետը հրավիրվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի կողմից՝ թատրոնում մեներգիչների ատեստացիայի հանձնախումբը գլխավորելու նպատակով։ Նշենք, որ նրա մի շարք համերգներ հեռարձակվել են Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Գերմանիայի եւ այլ երկրների ազգային ռադիոյով։ Արտիստը մշտապես հյուրընկալվել է Հռոմի, Փարիզի, Աթենքի, Լիլի, Վենեցիայի թատրոններում։
Վերջին տարիներին Էվըրարթը Լատվիայի ազգային օպերային թատրոնում կայանալիք ցանկացած պրեմիերայից առաջ հրավիրվում է՝ մեներգիչներին արժեքավոր խորհուրդներ մատուցելու համար։ Նա մի շարք եվրոպական երաժշտական ակադեմիաներում հյուրընկալվող պրոֆեսոր է։ Հայերս ճանաչված տենորին հիշում ենք 2016 թ. Կուլտուրա TV-ով անցկացված «Բոլշայա օպերա» միջազգային մրցույթից, որտեղ մեր երկիրը ներկայացնող տենոր Տիգրան Օհանյանը հաղթող ճանաչվեց։

 

 

ԿՄՐՑԵՆ
Բելառուսի հավաքականը նախօրեին մարզում է անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականների միջեւ խաղը կկայանա նոյեմբերի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 18:00-ին: Ի դեպ, նոյեմբերի 13-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը նույն վայրում կմրցի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:

 




Լրահոս