Լուսանկարն արվել է Վան քաղաքում
Վանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սբ. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ: Վանա լճի ափից ոչ հեռու 400 մետրանոց բարձունքի վրա կառուցված եկեղեցում ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինությանը հասցրած վնասների հետեւանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջեւ: Վանի մշակույթի վարչությունը դեպի եկեղեցի բարձրացող ճանապարհ է կառուցել, սակայն այն իր նպատակին չի ծառայում, քանի որ ասֆալտի բացակայության պատճառով ցեխ է առաջանում՝ ճանապարհն անանցանելի դարձնելով մեքենաների համար:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, բայց տվյալ անձից բացի՝ որեւէ մեկը իրավունք ունի՞ իմանալ: Այսինքն՝ մեկ այլ անձի հասանելի՞ են նման տեղեկությունները:
Արփիկ Հարությունյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները գաղտնի են եւ հասանելի չեն այլ անձանց, ներառյալ՝ նրա ընտանիքի անդամներին:
Գործատուն, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չեն կարող տեղեկանալ անձի կենսաթոշակային հաշվի տվյալներին՝ անձի կատարած ֆոնդի ընտրության, անձին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի քանակի եւ արժեքի մասին:
Մասնակիցների ռեեստր վարողը, հաշվի օպերատորը, հարկային մարմինը, որոնց հայտնի են անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները, պարտավոր են պահպանել կենսաթոշակային գաղտնիքը եւ որեւէ կերպ չհրապարակել կամ հայտնի չդարձնել այլ անձանց: Որոշակի հիմքերի առկայության դեպքում կարող են լինել բացառություններ վերը նշված սկզբունքից: Մասնավորապես քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի որոշման հիման վրա գործատուն, պետական մարմինները եւ այլ սուբյեկտները պարտավոր են տեղեկություններ տրամադրել անձի կենսաթոշակային հաշվի վերաբերյալ:
Մեկ բացառություն եւս. ժառանգության իրավունքը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում անձի անհատական կենսաթոշակային հաշվի տեղեկությունները կարող են տրամադրվել նաեւ մահացած մասնակցի ժառանգներին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակիցը կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցների մասին տեղեկատվություն կարող է ստանալ կենսաթոշակային հաշվի քաղվածքի եւ կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի միջոցով:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է տեղի ունենում ուսանողի ներբուհական տեղափոխությունը:
Անահիտ Մնացականյան (28 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունն իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: