Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության եւ դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, մասնագիտական գործունեության եւ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ եւ ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:
Վերջինս էլ, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
Հրապարակումից անցել է 6 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտպանության նախարարությունից տեղեկանալ, թե հղիության արհեստական ընդհատումների ի՞նչ դեպքերի մասին է խոսքը: Սակայն նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել՝ նշելով, որ քննություն է գնում, կպարզվի ամեն ինչ:
Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում, իսկ պաշտպանության նախարարությունում լռում են՝ սպասելով քննության արդյունքներին, «Ժողովուրդ» օրաթերթին հարուցված քրեական գործից որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն, երբ ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություն է սկսվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ որոշում կայացվել քրեական գործ հարուցել, պաշտպանության նախարարությունում ներքին կարգով սկսել են քննարկումներ եւ ստուգումներ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Այդ քննարկումներից մեզ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պաշտոնատար անձինք ՊՆ ղեկավարությանը զեկուցել են, որ հղիության արհեստական ընդհատման դեպքեր եթե եղել են, հիմնականում անելանելի իրավիճակներից ելնելով: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր, որ վերջին 3 տարում մոտավոր 25 արհեստական հղիության ընդհատում է իրականացվել, այն էլ հիմնականում օրինական հիմքերով:
Անդրադառնալով իրավապահների այն բացահայտմանը, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք ՊՆ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ.Թ- համապատասխան սենյակ են տրամադրել, ով հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն է տրամադրել, այս մասով էլ պարզաբանվել է, թե փաստաթղթեր կան, որ որ գինեկոլոգ Տ.Թ դիպլոմավորված մասնագետ է եւ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից բացի՝ այլ բժշկական հաստատությունում եւս աշխատում է:
Քննարկումների ընթացքում ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ցանկացել են հասկանալ, թե ինչով կարող էր պայմանավորված լինել դատախազության այս աղմուկը, եթե իսկապես հոսպիտալի ղեկավարությունը այլ տվյալներ է հայտնում: Լուրեր կան, որ ՊՆ-ում առաջ է քաշվել վարկածը, որ ՀՀ դատախազության կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ նրա գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել, որից հետո էլ հարուցվել է քրեական գործ: Ասվել է, թե դատախազը «վրեժ է լուծում» գինեկոլոգից, ինչի արդյունքում հարվածի տակ են հայտնվել ՊՆ մի շարք աշխատողներ:
Արդյո՞ք դատախազությունը տրվել է կանանց «ռազբորկաներին»: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի մասով մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Այդ տեղեկատվությունն իրականությանը բացարձակ չի համապատասխանում եւ ակնհայտորեն բամբասանքի ժանրից է: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ զինվորական դատախազության՝ այս տարվա 2-րդ կիսամյակային աշխատանքային ծրագրի շրջանակում: Իսկ այդ ծրագիրը հաստատվել է շատ ավելի վաղ: Եվ ուսումնասիրությունները կատարվել են ոչ թե մեկ դատախազի ներգրավվածությամբ, այլ մի քանի:
Երկրորդ՝ անկախ նրանից՝ ով ինչ է կարծում, քրեական գործը հարուցվել է կոնկրետ փաստական տվյալների հիման վրա, եղել է քրեական գործ հարուցելու օրինական հիմք ե՛ւ առիթ, ե՛ւ նախաքննության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն: Այս իմաստով ուղղակի անհեթեթ է դեպքի հայտնաբերումն ու քր. գործի հարուցումը տեղափոխել անձնական շահագրգռությունների կամ քինախնդրության դաշտ»:
Ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա:
Քնար Մանուկյան