Խաղացել են, չեն խաղացել, ով մեղավոր է, թող պատժեն. ՔԿՀ պետի տեղակալը` թղթախաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկների ներսում առկա իրավիճակի բացահայտումները շարունակվում են: «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորները մեկը մյուսի հետեւից աղմկահարույց հայտարարություններն են անում ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին, իսկ իրավապահները, միչեւ դանակը չի հասնում ոսկորին, ընթացք չեն տալիս:
Նոյեմբերի 15-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2017թ.-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Գ. Արսենյանի եւ այլ դատապարտյալների միջեւ, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի հետեւանքով Արսենյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ծեծի ենթարկված դատապարտյալին պարբերաբար թղթախաղով զբաղվելու առաջարկներ է արվել իր խցակցի կողմից, սակայն վերջինս հրաժարվել է եւ պահանջել չանհանգստացնել իրեն:
Արդյունքում, դատապարտյալ Արսենյանը ՔԿՀ ղեկավարությանը դիմում է գրել՝ խնդրելով, որ իրեն այլ խուց տեղափոխեն, սակայն դրան սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն հարկադրել են շարունակել պատիժը կրել նույն խցում: Եւ ահա, նրա մերժումներին ի պատասխան՝ ծեծի են ենթարկել: Այս արարքի համար «Հրազդան» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՔԿՀ պետի տեղակալը՝ վախի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Վահան Մարգարյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե արձակուրդի մեջ է եւ ոչնչից տեղյակ չէ:
Իսկ ահա ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ամեն ինչ սուտ է:

-Պարո՛ն Բուլղադարյան, ՔԿՀ-ում դատապարտյալին ստիպել են գումարով թղթախաղ խաղալ, ու երբ վերջինս հրաժարվել է, ծեծել են: Ինչպե՞ս կբացատրեք այս իրավիճակը:

-Ես մեկ բառով կարող եմ ասել՝ սուտ է, իսկ մնացած հարցերով դիմեք ՔԿ վարչության լրատվական բաժին:

-Ըստ Ձեզ՝ դատապարտյալը չի՞ գիտակցում, որ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության կենթարկվի ու գնում է նման քայլի:

-Ահագին դատապարտյալ սուտ մատնության համար պատժվել է, սա որերորդ դեպքն է, որ դատապարտյալները սուտ մատնության համար պատասխանատվության են ենթարկվում:

-Այսինքն՝ իրենք սո՞ւտ են, ճիշտը Դո՞ւք եք:

-Ես այլ բան չեմ կարող ասել, դիմեք լրատվական բաժին:

-Դատապարտյալը հստակ հայտարարել է, որ իրեն ծեծել են, նրան տանում են հիվանդանոց, ավելին՝ դատապարտյալն այս մասին ՔԿՀ ղեկավարությանն է տեղյալ պահել, բայց Դուք «մատներդ մատներիդ չեք տվել», վախենալու բան չունե՞ք:

-Ինչ վախենալու մասին է խոսքը, խաղացել են, չեն խաղացել, ով մեղավոր է, թող պատժեն, դրա մեջ ինչ կա: Մենք սխալ բան չեն արել, դիմեք լրատվական, իրենք Ձեզ ամեն ինչ կասեն:

-Ձեր ամենաթողության արդյունքում մարդուն անընդհատ ծեծել են, ասել, որ գումարով թղթախաղ խաղա:

-Մենք հսկում ենք, պատժում էլ ենք, եթե խաղում էլ են, դա իրենց անձնական գործն է, մենք խցիկում չենք եղել, որ պարզենք՝ ինչ է եղել:

-Բայց դատապարտյալը խցի ներսում կատարվող դեպքերի մասին հայտնել է, ընթացք չեք տվել:

-Ի՞նչ եք ուզում մեզանից, հնարավոր չէ՝ մեզ դիմի, մենք չօգնենք, բացառվում է: Սպասենք քննության ընթացքին:

-Փաստ է, որ չեք օգնել:

-Քննությունը կպարզի, մեղավոր ենք, թող պատժեն:
Դատապարտյալների գլխին սարքում են

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը որպես վկա ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ եւ հայտնել, որ ՔԿՀ պետը ուղղորդում է, որ ՔԿՀ կալանավորները իրեն ոչ ցանկալի աշխատակիցների դեմ ցուցմունք տան, թե իբր նա կաշառք է վերցրել: Այս հայտարարությունից հետո դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը խնդրել էր ապահովել իր անվտանգությունը, որ նա հետ չվերադառնա «Հրազդան» ՔԿՀ, այլապես չգիտի՝ իր հետ ինչ կկատարվի:

Ի դեպ, դատապարտյալներն անգամ հայտարարել էին, որ ՔԿՀ պետի որդին Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ Արսեն Մարգարյանն է, եւ իրենք հույս էլ չունեն, որ քննիչներն այս գործին համապատասխան ընթացք կտան: Ու այդպես էլ եղավ. 4 ամիս ՀՔԾ քննեց այս գործը, արդյունքում դատապարտյալներ Դալլաքյանի, Սանոյանի. Սարիբեկյանի նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Դրա համար էլ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը ինքնավստահ խոսում է:

Քնար Մանուկյան




Լրահոս