ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միգուցե մի փոքր ավելի մոտ ենք, քան ընկերները. Վարդան Սարգսյանը` Տապասիայի հետ իր հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգիչ Վարդան Սարգսյանի հետ զրուցել է երգարվեստ վերադառնալու, «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի հետ հարաբերությունների, առաջիկա խենթ ճամփորդության, օտարազգի աղջկա հետ ամուսնանալու եւ այլ թեմաների շուրջ։

-Վարդա՛ն, հայտնի հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսայի, նույն ինքը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի հետ Ձեր համագործակցությունը (դերասանուհին նկարահանվել է երգչի տեսահոլովակում) մեծ աղմուկ բարձրացրեց: Երբ հարցնում էին Ձեր եւ դերասանուհու հարաբերությունների մասին, Դուք ինտրիգային պատասխաններ էիք տալիս: Հիմա շատերի մոտ հարց է ծագում՝ Ձեր մեջ, ի վերջո, սիրավեպ կա՞, թե՞ ոչ։

-Կասեմ մի բան՝ մենք շատ լավ ընկերներ ենք, միգուցե մի փոքր ավելի մոտ, քան սովորական ընկերները։ Ես նրան շատ-շատ սիրում եմ որպես լավ մարդ:

-Առաջիկայում դերասանուհու հետ կրկին համագործակցություն կլինի՞:

-Կարծում եմ՝ այո՛, քանի որ տեսահոլովակը պետք է հետագայում ունենա շարունակություն: Հուսամ՝ Ռաշմին եւս կմասնակցի նկարահանումներին:

-Դերասանուհու մասնակցությունը Ձեր տեսահոլովակում, նրա մասին Ձեր հայտարարությունները ոմանք որակեցին որպես PR քայլ, ի՞նչ կասեք:

-Ես այդ համագործակցության շնորհիվ ինձ համար գտա լավ ընկեր: Եթե դա միաժամանակ եղավ PR քայլ, միայն ուրախ եմ այդ առթիվ: Դա բնական է: Ես նույնիսկ չէի երազել, որ նման հայտնի դերասանուհի նկարահանվի իմ տեսահոլովակում: Բայց դա եղավ: Ինձ ճանաչողները գիտեն` PR-ի համար ես կարող եմ համագործակցել, բայց ոչ ընկերություն անել: Այս պարագայում PR-ը վերջին տեղում էր:

-Վերջերս հաճախ եք զարմացնում երկրպագուներին, գուցե առաջիկայում էլի՞ հայտնիներից որեւէ մեկի հետ համագործակցեք:

-Այժմ ես աշխատում եմ շատ հետաքրքիր նախագծի շուրջ: Ցավոք, փակագծերը բացել չեմ կարող, բայց, կարծում եմ, արդյունքը երկար սպասեցնել չի տա:

-Վարդա՛ն, «Տնից հեռու» ծրագրի շրջանակում առաջիկայում ո՞ր երկիր կայցելեք։ Ի՞նչ անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին։

-Շուտով կլինեմ Աֆրիկայում: Այնտեղ կատարելիք նկարահանումները կնպաստեն, որ դա լինի նախագծի ամենից հետաքրքիր եթերաշրջանը:

-Սպասենք խենթությունների՞:

-Բավականին շատ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ աֆրիկյան երկրներում խենթություններն անպակաս են։

-Ենթադրում եմ, որ վայրի ցեղերի հետ հանդիպումներ կունենաք։

-Այո՛, բուն նպատակս հենց դա է: Ի դեպ, վայրի ցեղերի ներկայացուցիչների նկարել էինք նաեւ Շրի Լանկայում: Բայց այն, ինչ սպասվում է Աֆրիկայում, կլինի ավելի հետաքրքիր։

-Վերջին տեսահոլովակը կարծես վերադարձրեց Ձեզ երգարվեստ: Նոր երգեր, տեսահոլովակներ Ձեզնից սպասե՞նք։

-Անպայման կլինեն շատ երգեր։ Ինձ համար մեծ երջանկություն է այն, որ մարդիկ ուշադրություն են դարձնում իմ աշխատանքներին: Մեկ ամսում տեսահոլովակն ունեցավ մեկ միլիոն դիտում: Դա ինձ, իսկապես, ոգեւորում է:

-Մի փոքր էլ անձնականից խոսենք։ Դուք նշել էիք, որ եթե սիրեք, օրինակ, հնդիկ աղջկա, կամուսնանաք նրա հետ։ Իսկ, ըստ Ձեզ, հայ աղջիկների առանձնահատկությունը ո՞րն է:

-Այն, որ հայ են, այդ հանգամանքն արդեն առանձնահատկություն է հաղորդում նրանց: Բայց եթե որեւէ աղջկա տեսնեմ իմ կողքին, ազգությունն արդեն ինձ համար նշանակություն չի ունենա:

-Կարգավիճակի փոփոխության մասին մտածո՞ւմ եք:

-Այժմ ես անձնականի, կարգավիճակի մասին մտածելու ժամանակ չունեմ: Հիմա գործում է նաեւ իմ տուրիստական գործակալությունը, որը կայացման փուլում է: Ես ամեն օր աշխատում եմ, կազմակերպում եմ խմբային ճամփորդություններ: Այսօր մարդիկ հնարավորություն ունեն ինձ հետ մեկնելու էկզոտիկ երկրներ, որտեղ միայնակ, գուցե, ռիսկ չանեին մեկնել: Մի խոսքով, ինձ 24 ժամը չի բավականացնում, հարկավոր է ավելին:

Անի Անտոնյան




Լրահոս