Պետք է ավելի շատ խստացնել, ոչ թե հանել տարկետման իրավունքը. զինծառայող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այստեղ ավելի շուտ ինձ հետ ծառայողները, կարծես, փոքր եղբայրներս լինեն: Նրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեմ իմ փոքր եղբորը: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես  սկսեց իր խոսքը ՊԲ զորամասերից մեկի զինծառայող Նիկոլայ Մինասյանը: Վերջինս Երևանից է, 26 տարեկան, սակայն զինծառայության մեկնել է միայն չորս ամիս առաջ:

Մեզ հետ զրույցում Նիկոլայը նշեց, թե կարմիր դիպլոմով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝  գեղարվեստական լուսանկարչություն բաժինը, սակայն ավարտելուց հետո առողջական խնդիրների պատճառով որոշ ժամանակով ազատվել է բանակից:

Միևնույն ժամանակ Նիկոլայը նշեց, թե այդքան ուշ տարիքում ծառայելն իրեն չի խանգարրում՝ «Հեշտ է, խնդիր չկա»: Նիկոլայից հետաքրքրվեցինք տարկետման իրավունքը խստացնող օրենքի մասին, ինչին ի պատասխան վերջինս ընդգծեց, թե պետք էր անհատական մոտեցում, ցուցաբերվեր:

«Կան մարդիկ, որ պետք էլ չի ծառայեն, քանի որ իրենք պետության համար կարող են ավելի լուրջ գործ կատարելու առումով, թեկուզ գիտություններով զբաղվեն: Այդ իսկ պատճառով ինձ թվում է այդքան էլ լավ որոշում չէ: Կարծում եմ՝ պետք է տարանջատել գիտնականները իրենց տեղում, մյուսներն իրենց: Ինձ թվում է՝ պետք է ավելի շատ խստացնել ոչ թե հանել կամ սահմանափակել տարկետման իրավունքը»,- նշեց նա, սակայն, միաժամանակ իր օրինակը հաշվի առնելով, հավելեց, թե կցանկանար 18 տարեկանում ծառայել:

«Ավելի ճիշտ է, որ տղան 18 -ում կամ 19-ում ծառայի: Ես միանշանակ կուզեի 18-ում ծառայեի: 26 տարեկանում արդեն գոնե  մինիմալ աշխատանք կարող է լինել, որը կորցնելուց հետո արդեն դժվար կլիներ: 18-ից հետո չէի գնա ոչ մի ինստիտուտում չորս տարի սովորելու, միանգամից կամ մի արհեստի կտիրապետեի, կաշխատեի: Սոցիալական ծանր վիճակն այսօր թույլ չի տալիս, որ 20 տարեկան նոր զորացրված զինվորը գնա 4 տարի սովորի: Իսկ համատեղել աշխատանքը ուսման հետ, չի լինի, քանի որ այսօր մեր աշխատատեղերի պայմանները դա թույլ չեն տալիս», – հավելեց նա:

Հավելենք, որ լրագրողները զորամաս էին այցելել «Ճամփորդ» հասարակական կազմակերպության կազմակերպած դասընթացների շրջանակներում:




Լրահոս