«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել այդ հարցը:
Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ: Մասնավորապես միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:
Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ: Ու չնայած համատարած այս գնաճին՝ իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: »:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: