ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային Կայմանյան կղզիներում գրանցված, Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը «քցել է» Հայաստանի իշխանություններին: Ու երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը պետք է իրականացներ Գավառ-Մեղրի երկաթուղու կառուցումը, բայց պարբերաբար խախտել է պայմանագրով սահմանված բոլոր ժամկետներն ու պարտավորությունները, ուստի Հայաստանը ջանքեր է գործադրելու՝ ընկերությունից անկախ շինարարությունն իրականացնելու համար:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն. «ՀՀ կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված եւ՛ վերջնաժամկետները, եւ՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը եւ ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը կնքել էր դեռ 2013 թ հունվարին՝ ազդարարելով «Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասին: Ըստ այդմ, նախատեսված էր կառուցել 316 կմ երկարությամբ երկաթուղի Գավառ քաղաքի մոտակայքից՝ Սեւանա լճից արեւմուտք ընկած հատվածից մինչեւ Մեղրի, որտեղ եւ այն միանալու էր ՀՀ-ի առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ն պարտավորվում է նաեւ իրականացնել անհրաժեշտ շինարարական աշխատանքները՝ ծրագրերի ավարտից հետո 30 տարի դրանք շահագործելու պայմանով: 3 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ այդ ծրագրերը, որպես Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի պակասող օղակ, ապահովելու էին Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին: Ասել է, թե «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությանը նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման իրավունքն էր վերապահված, այն երկաթուղու, որի շինարարությունն «առաջիկա ամիսներին» սկսելու մասին դեռ 2008թ. հայտարարել էր Սերժ Սարգսյանը, բայց այդպես էլ քարը քարին չի դրվել:
Ու հիմա, փաստորեն, ՀՀ տրանսպորտի նախարարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությանը մեղադրում է պայմանագիրն ու ձեռք բերված ողջ պարտավորությունները խախտելու մեջ, եւ անուղղակի խաչ են դնում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի վրա:
Ճիշտ է, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ իրականացնելու ուղղությամբ «ջանքեր գործադրելու» մասին: Բայց ինքներդ եք հասկանում՝ ջանքեր գործադրելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի, ու ծրագիրը կիրականացվի: Առավել եւս, երբ առայժմ չկա նաեւ որոշակի հստակություն՝ ո՞ր ուղղություններով է կառավարությունը ջանքեր գործադրելու, եւ արդյո՞ք արդեն կան շահագրգռված անձինք: Այս տրամաբանությամբ կառավարությունը կարող է տարիներով «ջանքեր գործադրել» եւ այդպես՝ մինչեւ մարդիկ մոռանան ծրագրի մասին:
Ի վերջո, նույն ջանասիրությամբ տեւական ժամանակ իշխանություններն այս ծրագրերն իրականացնելու վերաբերյալ համագործակցում էին նույն «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ, այն էլ՝ բավական ջանասիրությամբ: Բայց տեսանք՝ ինչով վերջացավ համագործակցությունը:
Մի քանի հիշեցում եւս. 2014թ. օգոստոսին պարզ դարձավ, որ կառավարության հետ կոնցեսիոն պայմանագիր ստորագրելուց երկու տարի անց «Ռասիա ՖԶԷ»-ն միայն հասցրել է կառավարությանը ներկայացնել նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Հետո 2014թ. դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանի ղեկավարած պատվիրակությունն էր մեկնել Թեհրան, եւ ինչպես նշել էր Առաքելյանը. «Թեհրան կատարած իմ այցի ընթացքում համաձայնագիր է նախաստորագրվել, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչեւ Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար: Իսկ երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել»: Ի դեպ, այս ծրագրում ներգրավվել էր նաեւ Չինաստանը. 2015թ. սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանի՝ Չինաստան այցի արդյունքում չինական կողմը սկսել էր ուսումնասիրել, թե որքանո՞վ է հնարավոր ու նպատակահարմար հայ-իրանական երկաթգծի կառուցումը՝ չբացառելով իրենց կողմից ֆինանսավորելու հավանականությունը: Ընդ որում, չինական կողմն այս ծրագրում ընդգրկվել էր շատ ավելի վաղ. 2013թ. հունվարին, երբ տեղի ունեցավ երկաթուղային ծրագրերի շնորհանդեսը, «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին տարածաշրջանային կարեւորության առումով պատմական էր գնահատել կատարվողը: Ծրագրում ներգրավված Չինաստանի հաղորդակցային ընկերությունը, ընկերության ներկայացուցիչ Հու Բինն ասել էր, թե իրենց համար մեծ պատիվ է ընկերության փորձառությունը ներդնել նաեւ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքի մասը կազմող այս ծրագրերում: Բայց, փաստորեն, որոշ ժամանակ անց նաեւ Չինաստանն էր ետ քաշվել:
Հ.Գ. Իսկ մինչ այդ, նկատենք, այս ամենը տարօրինակ է. «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը սկզբում բավական մեծ ոգեւորությամբ, ակտիվորեն ներգրավվեց երկաթուղու կառուցման ծրագրին, բայց ինչ-որ պահից ետ քաշվեց ու, փաստորեն, անգործունեության մատնվեց: Համենայն դեպս, «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերությունը երեկ չի արձագանքել ՀՀ տրանսպորտի նախարարության հայտարարությանը, չի պարզաբանել պայմանագրի դրույթները խախտելու մասին հնչեցված մեղադրանքներին: Ու հիմա դժվար է ասել՝ միգուցե հիմնավոր են շշուկներն այն մասին, որ երկաթուղու կառուցման ծրագրի բանակցությունների ժամանակ իշխանությունները բաց տեքստով խոսել են «փայ մտնելու» եւ ծրագրի 10 տոկոսն ատկատով իրենց վճարելու մասին, եւ սա դուր չի եկել օտարերկրյա ներդրողներին: Թե, այնուամենայնիվ, օֆշորային գոտում գրանցված ընկերությունն ինքն է չարաշահել հայկական կողմի վստահությունը՝ ստիպելով կառավարությանը դիմել կտրուկ քայլերի:

(Լուսանկարում՝ Փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրումը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության եւ «Ռասիա ՖԶԷ» ընկերության մասնակցությամբ, հունվար 18, 2013թ.)

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ
Դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը սահմանափակելուն միտված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ, դժգոհ են մնացել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո: Երեկ՝ դասադուլի երրորդ օրը, ակցիայի մասնակից ուսանողները երթով շարժվեցին դեպի կառավարություն, վարչապետն էլ համաձայնեց հանդիպել նրանցից մի քանիսի հետ: Սակայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչները հանդիպումից հետո հայտարարեցին, որ արդյունքներով բավարարված չեն եւ շարունակելու են պայքարը: Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարները։ Իսկ մինչ այդ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե դասադուլների ճանապարհով խնդիրներ բարձրաձայնելն արդյունավետ չէ, եւ ուսանողներին առաջարկել է վերադառնալ ուսումնառության բնականոն ընթացքին:

 

 

 

ԱՆՁԱՄԲ Է ՀՍԿՈՒՄ
Տեւական ժամանակ է, ինչ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքում են հարկային մարմնի կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներից: Նրանց պատմելով՝ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացող անձինք կանգնում են առեւտրի կենտրոնի մուտքերի մոտ եւ ստուգում անգամ գնորդների տոպրակների պարունակությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առեւտրականների գործունեությունը անմիջապես «հսկում է» ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 7 բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը: Ուշագրավն այն է, որ նա ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրն է: Փաստորեն Մամիկոնյանը չի վստահում իր ենթականերին եւ անձամբ է վերահսկում առեւտրականներին:

 

 

 

ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
Երկու օրից լրանում քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմների՝ Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպանության երկու ամիսը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործությունն իրականացնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված տղաները առավել մտերիմ են եղել քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի եղբոր հետ:
Ինչեւէ, վերոնշյալ անձանց սպանությունը դեռեւս մնում է առեղծված: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Քննության շահերից ելնելով՝ պարզված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով տիկնոջ հետ ՀՀ է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին եւ տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը: Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար եւ իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

 

 

 

ԿԴՅՈՒՐԱՑՎԻ
ՀՀ կառավարությունն համաձայնություն է տվել «Հայաստանի եւ Դանիայի Թագավորության կառավարությունների միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ՝ համաձայնագրով էապես դյուրացվում է վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին։ «Հայաստանի քաղաքացիներն, ովքեր ստանում են վիզան, կարող են 180 օրվա ընթացքում 90 օր մնալ Դանիայի Թագավորության տարածքում եւ Շենգենյան գոտու այլ երկրների տարածքում։ Դյուրացումը վերաբերում է բազմաթիվ կատեգորիաների՝ գիտնականներ, մշակույթի գործիչների, հ/կ-ներ, տարբեր պատվիրակություններ»,- նշել է նա։

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բոլոր առաջնորդները հաստատել են նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցող գագաթնաժողովին իրենց մասնակցությունը: Հիշեցնենք, որ Բելառուսը ներկայումս ՀԱՊԿ նախագահող երկիրն է:




Լրահոս