ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխության նախագիծ է հրապարակել, որը թեեւ դեռեւս Ազգային ժողով չի ուղարկվել, բայց հասցրել է դժգոհություն հարուցել:

Ինչ օրինագծի մասին է խոսքը, եւ ինչու է անհրաժեշտություն առաջացել այն ընդունելու: ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծի կից փաստաթղթերում ներկայացրել է նոր օրենսգիրք ընդունելու պատճառները: Ըստ այդմ, ներկայացվել է 7 հիմնավորումներ, մասնավորապես, որ 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված եւ 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարեւոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված եւ համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլեւ կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաեւ անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես`
1. Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն եւ այլն).
2. Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր եւ այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով.
3. Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի եւ այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ)…
Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ: Ուստի ըստ նախարարության՝ այս եւ այլ խնդիրները վկայում են նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ նոր օրենսգիրքը մինչեւ եկող տարվա ապրիլի 9-ը ուժի մեջ կտնի` այն օրը, երբ Սերժ Սարգսյանի լիազորությունները կդադարեն, եւ ուժի մեջ կմտնեն նոր նախագահի լիազորությունները, ըստ այդմ նաեւ ողջ ծավալով ուժի մեջ կմտնի փոփոխված Սահմանադրությունը:
Նկատենք, որ նոր նախագծին ոչ բոլոր մասնագետներն են ծանոթացել, իսկ ահա նրանք, ովքեր հասցրել են ուսումնասիրել այն, իսկ այն անձինք, ովքեր ծանոթացել են նախագծին, պատրաստվում են գրոհի: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք իրավաբաններ, ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում երկարամյա փորձ ունեցող պաշտոնատար անձինք կարծիք հայտնեցին, որ նախագիծը խիստ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ նրանց մտահոգում են ոչ թե կոնկրետ լուծումները, զուտ տեխնիկական հարցադրումները, այլ գլոբալ խնդիրները: Մասնավորապես վերջիններս նշում են, որ օրինագիծը որեւէ իրական կապ չունի հայ իրականության հետ եւ սոսկ միջազգային փորձի ընդհանրացման ու տեղայնացման արտացոլում է: Ըստ նրանց՝ մեր իրականությանը կարող է համահունչ լինել միայն այնպիսի դատավարությունը, որը կբացառի դատավորների կամայականությունները, փաստաբանների «հնարքները», տեւական դատավարությունները, անհարկի ծանրաբեռնվածությունը եւ այլն: Իսկ ահա այս նախագիծը, նրանց համոզմամբ, այդ խնդիրների լուծման անգամ մոտ չի գնացել:
Նկատենք, որ ոլորտի մասնագետները եւ, առհասարակ, դատաիրավական համակարգի երկարամյա փորձ ունեցող պաշտոնատար անձինք չեն պատրաստվում լռել եւ իրենց տեսակետները առավել համակարգված պաշտոնական քննարկման փուլում կհնչեցնեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ 18-Ը
Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի հանցագործությունների թողտվության, կաշառք տալու դեպքեր էր բացահայտել: Այս առիթով նոյեմբերի 1-ին ձերբակալվել են բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառի» անտառտնտեսության անտառապետը եւ վերջինիս օժանդակած անձը: Հիշեցնենք, որ 2017թ. ապօրինի ծառահատման առիթով 10 քրգործ է ուղարկվել դատարան, եւ ամբաստանյալի աթոռին է հայտնվել 13 անձ: Սակայն այսքանով չի ավարտվում ապօրինի ծառահատման գործով դատարանի առաջ կանգնած անձանց թիվը, այն գնալով ավելանում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապօրինի ծառահատման գործով եւս 4 անձ հայտնվել է դատարանի առաջ: Մասնավորապես Մանվել Լալայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2016թ. աշնանը իր «Վազ 21061» մակնիշի ավտոմեքենայով փայտանյութ ձեռք բերելու համար պարբերաբար գնացել Է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող, Լոռու մարզի Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզր ու հատել Է 4 հատ հաճարենի, 1 հատ բոխի, 1 հատ քամատապալ կաղնի տեսակի ծառեր ու 1 հատ հաճարենի տեսակի ծառի ճյուղ՝ այսպիսով բուսական աշխարհին պատճառելով 497.250 դրամի վնաս:
Սարգիս Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. նոյեմբեր-դեկտեմբերին փայտանյութ ապօրինի ձեռք բերելու համար պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող «Բոխու աղբյուր» կոչվող հանդամաս, հատել է 4 հատ բոխի, 2 հատ քամատապալ բոխի, 1 հատ հաճարենի տեսակի ծառեր եւ 3 հատ բոխի տեսակի ծառերի ճյուղեր՝ բուսական աշխարհին պատճառելով 258 հազար 750 դրամի վնաս:
Արմեն Վարդեւանյանն էլ «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող «Բոխու աղբյուր» կոչվող հանդամասում հատել է 13 հատ բոխի տեսակի ծառեր եւ 2 հատ բոխի տեսակի ծառերի ճյուղեր՝ բուսական աշխարհին պատճառելով 402 հազար 000 դրամի վնաս:
Մայիս Սիմոնյանը մեղադրվում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնում գտնվող, Լոռու մարզի Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզրին հատել է 4 հատ հաճարենի տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 472 հազար 500 դրամի վնաս:
Սերոբ Լալայանին մեղադրանք է առաջադրվել, որ 2016թ. նոյեմբերից մինչեւ 2017թ. մարտ ամիսը գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Լոռու մարզի Մադան-Ջիլիզա գյուղերի ճամփեզր, ու հատել է 5 հատ հաճարենի տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 460 հազար 500 դրամի վնաս:
Այսպիսով՝ ապօրինի ծառահատման համար դատարանի առաջ կանգնած անձանց թիվը հասավ 18-ի, իսկ պետությանը հասցված վնասը, հաշվի առնելով միայն 2017թ. դատարան մտած գործերի թիվը, կազմում է շուրջ 7 միլիոն դրամ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Արմեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի փոխանցմամբ՝ մրցույթը կայացել է, Կարապետյանը միակ հաղթողն է ճանաչվել, նա ունի երկարատեւ աշխատանքային փորձ կառավարման համակարգում:

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոչընդոտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչներ Ալլա Բաղդասարյանի եւ Արթուր Մարգարյանի աշխատանքը: Դեպքի առթիվ 2017թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ
Արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Հասուն տղամարդը փողոցում բռնություն է գործադրել դպրոցական աղջկա նկատմամբ, քաշքշել ու փորձել նրան բռնաբարել։ Կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել, եւ սկսվել է հետաքննություն։ Աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տուժած աղջիկը սովորում է 6-րդ դասարանում։

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՍՏԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանն անդրադարձել է ամբաստանյալների կողմից իրեն ուղղված գրություններին, որոնցով վերջիններս մի շարք խնդիրներ են մատնանշել: Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, որը գեղանկարիչ է, մասնավորապես նշել է՝ ՔԿՀ-ում իրեն արգելում են տրամադրել անհրաժեշտ նկարչական պարագաներ, այդ թվում՝ յուղաներկեր: Դատավորը պարզաբանել է. «Իմ տեղեկություններով՝ Ձեզ տրամադրել են վրձիններ ու մատիտներ, իսկ յուղաներկն արգելված իր է համարվում, քանի որ այրվող նյութ է, ուստի այն չի կարող խուց տարվել»: Ա. Պետրոսյանը պնդել է, որ դատավորին ստել են, իրեն մատիտներ չեն տրամադրել։ Ա. Գաբրիելյանը խոստացել է դիմել ՔԿՀ-ի ղեկավարությանը եւ կրկին հետաքրքրվել խնդրով: Ի դեպ, դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Կարո Եղնուկյանի եւ նրա պաշտպաններ Նինա Կարապետյանցի ու Տիգրան Հայրապետյանի բացակայության պատճառով: Կ. Եղնուկյանը բերվել էր դատարանի շենք, սակայն դատական նիստերի դահլիճ չէր բարձրացել՝ արյան բարձր ճնշում ունենալու պատճառով:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Շահինյան 4 ա շենքի 5-րդ հարկից քաղաքացի է ընկել: 1936թ. ծնված Նինա Բաբկենի Մարտիրոսյանը լվացք հավաքելիս կորցրել է հավասարակշռությունը, պատուհանից վայր է ընկել ու մահացել:




Լրահոս