Կիրակի օրը ԱՄՆ-ի 2 նահանգներում՝ Վիրջինիայում ու Նյու Ջերսիում, կայացան նահանագապետերի ընտրություններ, որոնք, ըստ էության, ազդարարեցին ամերիկյան հասարակության վերականգնողական փուլի մեկնարկը: Երկու նահանգներում էլ նահանագապետեր ընտրվեցին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Այս ընտրություններով պարզ դարձավ, որ նախագահ Թրամփի քաղաքականությունը աստիճանաբար մերժելի է դառնում ամերիկացիների համար՝ ազդելով կոնկրետ ընտրական գործընթացների վրա:
Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում անցկացված ընտրությունները 2016թ. նոյեմբերից հետո առաջին նահանգային ընտրություններն էին: Վերջիններս իրենց էությամբ նախագահական ընտրությունների ավելի փոքր մասշտաբով տարբերակն են համարվում, որտեղ կրկին հիմնական թեկնածուները ներկայացնում են ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունները: Հատկանշական է, որ երկու նահանգներում էլ գործող նահանգապետերը կաշկանդված էին գործող օրենքով: Վիրջինիայի սահմանադրությամբ՝ նահանգապետը մեկ ժամկետից ավելի պաշտոնավարելու իրավունք չունի: Այստեղ գործող նահանգապետ Թերրի ՄաքՕուլիֆը ներկայացնում էր Դեմոկրատական կուսակցությունը: Նրա տեղակալ Ռալֆ Նորթեմը վայելում էր ինչպես գործող նահանգապետի, այնպես էլ ամբողջ կուսակցության աջակցությունը: Նրա նախընտրական հանդիպումը զարդարել էր իր ներկայությամբ նաեւ 44-րդ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Էդ Ջիլեսփին, որը հանրապետականների թեկնածուն էր, բավականին հայտնի անձնավորություն էր ամերիկյան քաղաքական դաշտում: Նա 43-րդ նախագահ Ջորջ Բուշի խորհրդականն էր, կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահը, 2012թ. Օբամայի մրցակից Միթթ Ռոմնիի նախընտրական շտաբի կարկառուն դերակատարներից մեկը: 2014թ. նույն ընտրություններում նա չնչին տարբերությամբ էր պարտվել եւ հայտարարել, որ 2017թ. անպայման կրկին հավակնելու է նահանգապետի պաշտոնին: Նա հրապարակայնորեն փորձում էր իրեն հեռու պահել Թրամփից՝ ստանալով հանդերձ վերջինիս նախագահական սատարումը: Նա նախընտրել էր իր քարոզարշավին մասնակից դարձնել փոխնախագահ Փենսին՝ ցույց տալու համար նախագահի քաղաքականության հանդեպ իր ոչ միանշանակ վերաբերմունքը: Հատկանշական է, որ իր դեմոկրատ մրցակիցը մեղադրում էր դաշնային կառավարության հանդեպ չափից դուրս քննադատաբար մոտենալու համար՝ նկատելով, որ Վիրջինիայի տնտեսական զարգացումը էապես կախված էր դաշնային իշխանությունների հետ ջերմ հարաբերություններից: Այդ ամենը, սակայն, չփրկեց Ջիլեսփին՝ ցուցադրելով վիրջինիացիների հստակ աջակցությունը դեմոկրատական կուսակցությանը:
Նյու Ջերսիում գործող նահանգապետը Քրիս Քրիսթին էր՝ նախագահական ընտրություններում թեկնածուի կարգավիճակի համար պայքարող գործիչը, որը իր պարտությունը կանխազգալով՝ կանգնել էր Թրամփի կողքին: Քրիսթին առաջին հայտնի հանրապետականն էր, որը այն ժամանակ հանդգնեց սատարել Թրամփին՝ ի հեճուկս կուսակցության իրական «բոսերի» դժկամությանը: Այդ քայլով Քրիսթին, թվում է, հույս ուներ դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազ, սակայն Թրամփը հուսախաբ արեց իր քաղաքական թիմի ծանր հրետանուն՝ նրան գործնական որեւէ պաշտոն այդպես էլ չտալով եւ մի քանի անգամ հրապարակավ նվաստացնելով: Քրիսթին նաեւ իրավունք չուներ մասնակցելու նահանգապետի ընտրություններին՝ երկու հաջորդական ժամկետով այդ պաշտոնում ընտրված լինելու համար: Նա, ի դեպ, 2013թ. նահանգապետ էր դարձել 60 եւ ավելի տոկոս ձայնով, ինչը նահանգի հանրապետականացվածության ցուցիչն էր: Նրա փոխարեն նահանգապետի պաշտոնի համար պայքարում էր փոխնահանգապետ Քիմ Գվադանյոն: Վերջինս 13 տոկոս տարբերությամբ պարտվեց դեմոկրատական կուսակցության թեկնածու, Հոլդման Սաքսի ղեկավար ու Գերմանիայում Օբամայի նշանակած ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մըրֆիին: Օբաման այստեղ նույնպես հանդես էր եկել քարոզարշավի ակտիվ մասնակցի դերում, ինչն էլ նվազ նշանակություն չունեցավ արձանագրված արդյունքի վրա: Հանուն արդարության հարկ է նկատել, որ երկու նահանգներն էլ 2016թ. ընտրությունների ժամանակ նախապատվությունը տվել էին Քլինթոնին՝ մերժելով Թրամփին: Դրանով հանդերձ, հաշվի առնելով նահանգապետի նախորդ ընտրությունների փորձը, կարելի է պնդել, որ սա առաջին ուղղակի հարվածն էր հանրապետական կուսակցությանը: Վերջինս զրկվեց առնվազն մեկ նահանգային իշխանությունից՝ որպես հետեւանք Թրամփի քաղաքականության հանդեպ լոյալ վերաբերմունքի:
Այդուհանդերձ, այս ընտրություններով ԱՄՆ-ն դրսեւորվեց նաեւ իբրեւ յուրօրինակ ժողովրդավարություն, երբ նախագահը, բնույթով հակաժողովրդավար լինելով եւ ավտորիտար հակումներ ունենալով հանդերձ, պարզապես անկարող է միջամտել տեղական ընտրություններին: Երկու դեպքում էլ հաղթանակ են տարել նախագահի ամենախիստ քննադատները: Հայաստանում նման իրավիճակ վաղուց այլեւս հնարավոր չէ, երբ հանրապետության նախագահին ընդդիմադիր գործիչները ընտրեն ինչ-որ քաղաքի ղեկավար:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԲԻԶՆԵՍ ՏԱՐԱԾՔ` ՍՈՑԱՊ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ
ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը «Դի ընդ Էյջ գրուպ» ընկերության հետ առաջիկայում կկնքի հրաժարագնի պայմանագիր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՀՀ-ի հանդեպ 10 մլն դոլարի չափով վարկային պարտավորություններ ունի, որը չկարողանալով մարել` պատրաստվում է դրա դիմաց ՀՀ-ին օտարել Երեւանում սեփականության իրավունքով իրենց ընկերությանը պատկանող հասարակական նշանակության մի մեծ տարածք: Խոսքը Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 շենքի, N296 հասցեում գտնվող 1 հազար 719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի եւ դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասի մասին է: Ի դեպ, նշված տարածքների շուկայական արժեքը նոյեմբերի 7-ի դրությամբ գնահատվել է 1 մլրդ 240 մլն 423 հազար դրամ:
Ինչպես արդեն նշեցինք՝ ընկերությանը տրամադրված է եղել 10 մլն դոլարի բյուջետային վարկ: ՀՀ կառավարությանը օտարվող գույքը՝ դոլարային արտահայտությամբ, ստացվում է, որ գնահատվել է 2 մլն 500 հազար դոլարից մի փոքր ավել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օտարվող տարածքը ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը հետագայում անհատույց անժամկետ օգտագործման նպատակով պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոն ստեղծելու համար: Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը սոցիալական ծառայության կենտրոնի միայն տարածքի ձեռքբերման համար ծախսելու է ավելի քան 2,5 միլիոն դոլար:
Ի դեպ, վերը նշված ընկերությանը պատկանող շենքը ունի երկար ու մութ պատմություն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության՝ 2013 թվականի որոշմամբ՝ Բյուզանդի փողոցի նախկին բնակիչներին բնակարաններով պետք է ապահովեր «Դի Ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ն: Այդ որոշմամբ իբր պետք է լուծվեր Արամի 72-80 շենքերում բնակարանների սպասող անձանց խնդիրը: ՀՀ կառավարության կողմից «Դի Ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին 2015 թվականին տրամադրված 10 մլն դոլարի վարկը պետք է մարվեր մինչեւ 2022 թվականը:
Նախկին նման դեպքերի փորձը հաշվի առնելով՝ ամենեւին էլ բացառված չէ, որ նշված տարածքը մեկ կամ երկու տարի հետո ՀՀ կառավարությունը կորոշի ետ վերցնել ու սեփականաշնորհել, որից հետո մի քանի թղթաբանության արդյունքում այդ տարածքը կդառնա այս կամ այն պաշտոնյայի սեփականությունը: Ամեն ինչ կանեն «օրենքի շրջանակներում», եւ թող դրանից հետո որեւէ մեկը համարձակվի ՀՀ կառավարության ներկայացուցիչներին մեղադրել կոռուպցիոն սխեմաներ աշխատեցնելու մեջ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել լուծել Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ 2012թ. նոյեմբերի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նոյեմբերի 3-ին մարզպետի մեկ այլ որոշմամբ, մինչեւ մրցույթով Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցվելը, Օլյա Դալլաքյանը նշանակվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր:
Իսկ մինչ այդ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Սարգիս Խաչատրյանի դատավարությունը: 1953թ. ծնված Ս. Խաչատրյանը մեղադրվում էր պաշտոնական կեղծիքներ կատարելու մեջ, որոնք նա, ըստ մեղադրանքի, իրականացրել է «Վազաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն պաշտոնավարելիս: Ըստ մեղադրանքի, նա 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 98 հրամանով որպես նախնական զինվորական պատրաստության եւ անվտանգ կենսագործունեության ուսուցիչ աշխատանքի է ընդունել իր որդուն՝ Արամ Խաչատրյանին: Սակայն նրա հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել: Նշյալ փաստը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով նա 2016թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2016թ. դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագիր եւ իրականությանը չհամապատասխանող կեղծ գրառումներ կատարել դրանում՝ այն թվագրելով 2008թ. հոկտեմբերի 31-ով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»): Ս. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը: 2017թ. նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի, վճռեց, որ Ս. Խաչատրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմ չկա, եւ նախաքննական մարմնի հետեւությունը հիմնավոր չէ: Ըստ դատավճռի՝ նախաքննական մարմինը քրեական օրենսգիրքը ոչ ճիշտ է կիրառել, քանի որ Ս. Խաչատրյանին մեղսագրված գործողությունները հանցագործություն չեն համարվում, դրանք թեեւ ձեւականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում: Ըստ այդմ, դատավորը վճռեց ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սարգիս Խաչատրյանին ճանաչել անմեղ եւ արդարացրեց նրան, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվեց: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկել դատավճիռը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ