ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷԼ ՓՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի 2018 թվականի բյուջեն կարելի է բնորոշել որպես մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների կողմից եկող տարի սպասվող հետընթացի գրավոր արձանագրում:

Բանն այն է, որ Երեւանի՝ եկող տարվա բյուջեի նախագծով եկամուտները կազմելու են 80 մլրդ 189 մլն 969 հազար 800 դրամ: Ստացվում է, որ Երեւանի՝ եկող տարվա բյուջեն ընթացիկ՝ 2017 թվականի համեմատ 4 միլիարդ 154 մլն 961 հազար դրամով պակաս է լինելու: Այս տարվա համեմատ գրեթե նույնքան կնվազեն նաեւ Երեւանի՝ եկող տարվա բյուջեի ծախսերը, որոնք ըստ նախագծի՝ կազմելու են 80 մլրդ 237 մլն 969 հազար դրամ, իսկ դեֆիցիտը, ենթադրվում է, որ լինելու է 48 մլն դրամի սահմաններում:
Եկող տարի Երեւան համայնքի եկամուտներից հարկեր եւ տուրքերի տեսքով նախատեսվում է հավաքագրել 14 մլրդ 427 մլն դրամ: 21 մլրդ 696 մլն դրամի եկամուտ էլ ակնկալվում է, որ կստացվի պաշտոնական դրամաշնորհների տեսքով: «Այլ եկամուտներ» տողով նախատեսված է 44 մլրդ 66 մլն դրամ, որից 36 մլրդ 590 մլն դրամը ստացվելու է Հայաստանի պետական բյուջեից` տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար:
Ամենաուշագրավն այն է, որ եկող տարի եւս Երեւանի եկամուտների մեջ զգալի մասնաբաժին է հատկացված վարչական իրավախախտումների դիմաց գանձվող գումարներին: Այս ճանապարհով եկող տարի Երեւանի բյուջեն պատրաստվում են համալրել ավելի քան 460 մլն դրամով: Ասել է, թե եթե հանկարծ քիչ մարդու տուգանեն, ապա քաղաքի բյուջեի դեֆիցիտը կավելանա: Ուստի կարելի է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժինների աշխատակիցները ջանք չեն խնայի «պլանը կատարելու» ու հնարավորինս շատ երեւանցիների տուգանելու համար:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մոտ 2000 աշխատողների աշխատավարձային ֆոնդը եկող տարի կազմելու է 6 մլրդ 401 մլն դրամ: Նշված գումարից 758 մլն դրամը նախատեսված է պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար:
Երեւանում աղբահանության համար նախատեսվում է ծախսել ավելի քան 7 մլրդ 896 մլն դրամ: Ընթացիկ տարվա համար եւս գրեթե նույնքան գումար է հատկացված, բայց միեւնույն է՝ Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված:
Բավականին լուրջ գումար` 5 մլրդ 401 մլն դրամ է նախատեսված շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգման եւ պահպանման համար: Հայտնի է, որ շենքերի եւ կառույցների նորոգման եւ պահպանման աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի ղեկավարության մերձավոր շրջապատի հետ փոխկապակցված ընկերությունների մենաշնորհն է: Այլ կերպ ասած` շինարարության բիզնես ունեցող մերձավորների ֆինանսավորման համար Երեւանի բյուջեից 2018 թվականից կհատկացվի 5,5 միլիարդ դրամ:
Երեւան քաղաքի՝ եկող տարվա ծախսերի մեջ նախատեսված է նաեւ նվիրատվություններ ոչ կառավարական հասարակական կազմակերպություններին: Այս նպատակով հատկացվելու է 1 մլրդ 123 մլն դրամ: Չնայած ձեւակերպումը տրված է «ոչ կառավարական» ՀԿ-ների, բայց ավելի արդարացի կլիներ ասել, որ այդ գումարները հատկացվելու են դե ֆակտո ՀՀ իշխանությունների ներքո գործող ՀԿ-ներին:
2018 թվականին Երեւանի տրանսպորտի վրա նախատեսում են ծախսել 15 մլրդ 196 մլն դրամ: Նշված գումարից 3 մլրդ 661 մլն դրամը նախատեսվում է ծախսել քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար: Ի դեպ, եկող տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 25 մլն դրամով ավել է ընթացիկ տարվա համար նախատեսված գումարից: Հաշվի առնելով այն փաստը, որ տարին մոտենում է ավարտին, իսկ Երեւանի ճանապարհներն այս ընթացքում առանձնապես չեն բարելավվել, ուստի կարող ենք ենթադրել, որ հաջորդ տարվա հետ կապված եւս կարիք չկա մեծ ակնկալիքներ ունենալ:
Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորումը ընթացիկ տարվա համեմատ 2018 թվականին եւս չի փոխվելու. այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 724 մլն դրամ:
Եկող տարի մայրաքաղաքի տոնական ձեւավորումների վրա նախատեսվում է ծախսել 50 մլն դրամ: Մասնավորապես միայն դրոշների տեղադրման համար Երեւանի քաղաքապետարանը 2018 թվականին պատրաստվում է ծախսել 45 մլն դրամ: Իսկ Երեւանի պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթով ապահովելու համար 2018-ին նախատեսվում է ծախսել 692 մլն 496 հազար դրամ:
Ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայության համար 2018 թվականին քաղաքապետարանը ծախսելու է 444 մլն դրամ: Ասել է, թե կարմիր գծեր գծելու համար քաղաքապետարանը շարունակելու է բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ ծախսել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿՍԿՍՎԵՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ
Հայաստանում աղջիկներին կպատվաստեն մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ: Գործադիրը երեկվա նիստի ընթացքում փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի N 10 արձանագրային որոշման մեջ:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի փոխանցմամբ՝ նպատակ ունեն պատվաստումներ իրականացնել 2017թ. դեկտեմբեր ամսից: «Պատվաստումը կիրականացվի 13 տարեկան աղջիկների շրջանում՝ երկու դեղաչափ սխեմայով՝ 6 ամիսը մեկ անգամ: Պատվաստումների իրականացումն արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման միջոցառումներից մեկն է»,-նշել է նախարարը։
Լ. Ալթունյանի խոսքով՝ Հայաստանում տարեկան գրանցվում է 250-300 նոր դեպք: Մտահոգիչ է, որ դրանք հայտնաբերվում են բավական ուշ ստադիաներում: Տարեկան կորցնում ենք 100-130 կին: 2015թ. արձանագրվել է 127, իսկ 2016 թ.՝ 116 դեպք: 100 հազար բնակչի հաշվարկով դա կազմում է 8.1 եւ 7.4 ցուցանիշ: Ֆինլանդիայում, օրինակ, այդ ցուցանիշը 1-1.2 է։ Ըստ առողջապահության նախարարի՝ մարդու պապիլոմավիրուսների դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն. նույնիսկ մեկ դեղաչափ պատվաստումը 80-85 տոկոս դեպքերում առաջացնում է հակամարմինների պաշտպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ:
Պատվաստումը կսկսվի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին, ավարտը նախատեսվում է 2018թ. առաջին կիսամյակին:

 

 

 

ԿՊԱՐԶԵՑՎԵՆ ՊԱՀՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կառավարության նիստին հավանության է արժացել «Շահութահարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանում կպարզեցնեն շահութահարկի բազայից ամորտիզացիոն պահումները: Մասնավորապես բիզնեսին թույլ կտան ընտրություն կատարել հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի 2 տեսակների միջեւ՝ գծային (ըստ տարիների) եւ տոկոսային (ըստ մնացորդի նվազեցման):
Դրանից զատ, հնարավոր կլինի հիմնական ֆոնդերի տարբեր խմբերի համար ամորտիզացիան առանձին հաշվել (օրինակ՝ մեքենաները տարաբաժանել ուղեւորատարի եւ բեռնատարի):

 

 

ԿՆՎԱԶԻ 2-4 ԱՍՏԻՃԱՆՈՎ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Նոյեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյմբերի 10-ին` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:

 

 

ԵՐԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ:
«Վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումն իրականացվում է առանց որեւէ վճարների եւ կարճ ժամանակահատվածում, սակայն իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումների՝ հիմնականում անբավարար պատճառաբանվածությամբ, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործնական բացերով:
Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ արդարադատության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին եւ առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին երկամյսա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ»:

 

 

ԹԱՐՄ ԱՉՔՈՎ ԿՆԱՅԵՆ
Գործադիրի երեկվա նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին առաջարկել է, որ համայնքները մինչեւ տարեվերջ թարմացնեն իրենց զարգացման հինգամյա ծրագրերը: Կ. Կարապետյանի խոսքով` համայնքների խոշորացումից ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ծրագրերը վերանայելն ամեն դեպքում ճիշտ է. «Թարմ աչքով նայենք, գուցե վերանայենք»,- նշել է նա:




Լրահոս