Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Երեկ մի քանի ուսանողներ հանդիպել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, որպեսզի քննարկեն տարկետման հետ կապած հարցեր։ Իհարկե, գովելի է, որ այս ուսանողները սկզբունքային են եւ պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն կարծում ենք, որ հաճելի կլիներ, որ նրանք սափրվեին համալսարան մտնելիս, հատկապես վարչապետի եւ նախարարների հետ հանդիպմանը ներկայանալիս։
ՀԱՐՑ. Ես ունեմ մեծ քանակությամբ կենդանիներ։ Ցանկանում եմ իմանալ` պետությունը կենդանիների ո՞ր հիվանդությունների բուժման համար է իրականացնում պետական աջակցություն։ Ո՞ր հիվանդություններն են ներառված պետական աջակցման մեջ։
Հարություն Մարտիրոսյան (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են անասնահակահամաճարակային միջոցառումներ:
Ախտորոշիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ: Կանխարգելիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների պաստերելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ, մեղուների վարրոատոզ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած իրականացվող գործողություններին՝ հաճախ են գրանցում կենդանիների հիվանդության մասսայական դեպքեր։ Ի դեպ, հիվանդանում են բոլոր տարիքի կենդանիները, սակայն առավել զգայուն են երիտասարդ կենդանիները, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է ծանր։
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ աշխատողը ո՞ր դեպքում է կրում նյութական պատասխանատվություն։
Լիզա Գրիգորյան (32 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետեւանքով.
2) նյութերի գերածախu թույլ տալու հետեւանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետեւանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետեւանքով:
(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված)։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած վնասը լրիվ ծավալով, բայց ոչ ավելի նրա երեք ամսվա միջին աշխատավարձի չափից, բացառությամբ մի քանի դեպքերի. եթե վնասը պատճառվել է դիտավորությամբ. վնասը պատճառվել է աշխատողի հանցավոր գործունեության հետեւանքով. աշխատողի հետ կնքվել էր լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր. վնասը պատճառվել է այնպիսի եղանակով կամ այնպիսի գույքի, որի դեպքում օրենքով սահմանված է լիակատար գույքային պատասխանատվություն. վնասը պատճառվել է ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ: