Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի, Բաշինջաղյան փողոցում, որը հանրության շրջանում հայտնի է Անաստասավան անունով, հողահատկացում է արվել եւ հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ: Հատկացված հողատարածքը մայթի հաշվին է եւ իրականացվող շինարարությունն էլ խոչընդոտում է հետիոտներին:
Բնակիչները ահազանգել են ArmLur.am-ին:
Մենք փորձեցինք Երևանի քաղաքապետարանից պարզել մի քանի հարցեր.
.Ե՞րբ է կայացել հողահատկացման մրցույթը եւ ի՞նչ արժեքով են ձեռք բերել տարածքը:
.Ո՞ւմ է տրվել մայթեզրյա հատվածը՝ անուն ազգանուն հասցե:
.Օրենքի ո՞ր կետով է հողահատկացման օրինականությունը հիմնավորվել:
.Արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել եւ ո՞ր հատվածներն են դրանք:
Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից տեղեկացրել են, որ Բաշինջաղյան փողոց հ.143/4 հասցեի սեփականատիրոջ դիմումի համաձայն՝ առկա հասարակական կառույցի տեղում նորի իրականացման համար քաղաքացի Անդրանիկ Ավագյանին այս տարվա հունիսի 27-ին համաձայնեցվել է նախագիծ և տրվել է շինարարության թույլտվություն՝ հիմք ընդունելով տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քննարկվող հասցեում կատարվող շինարարական աշխատանքների առնչությամբ Երևանի քաղաքապետարան ներակայացված բողոքների ու հաղորդումների հիման վրա կատարվել է տեղատեսություն և տրված քաղաքաշինական փաստաթղթերի կրկնակի ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ համաձայնեցված նախագծում առկա են իրականությանը չհամապատասխանող սխալ տվյալներ՝ համաձայնեցված նախագծում պահպանված է եղել կառուցապատման գիծը, և կառուցվող շինությունը ներկայացված է եղել գոյություն ունեցող հարակից շինությունների լայնական չափերին հավասար, այնինչ կառույցի տեղում իրականացվում է հարևան շինություններով պայմանավորված կառուցապատման գծի ակնհայտ խախտումով։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում հարցի ուսումնասիրության և կարգավորման նպատակով հարուցվել է վարչական վարույթ, ինչը դեռևս ընթացքի մեջ է:
ArmLur.am-ը փորձեց պարզել նաև` նշված տարածքում իրականացվե՞լ է արդյոք ծառահատում, եթե այո, ապա ում թույլտվությամբ, ինչին ի պատասխան մեզ վստահեցրին, որ քննարկվող տարածքում կառուցապատման թույլտվության տրամադրման ժամանակ ծառերի առկայություն չի արձանագրվել:
Այսպիսով, հերիք չէ մայթին շենք են սարքել, մի բան էլ՝ խախտումներովեն ավարտին հասցրել շինարարությունը: Եվ պարզ չէ` երբ է Երևանի քաղաքապետարանը «նկատել» և արձանագրել խախտումը, եթե շինությունն արդեն պատրաստ է: Բնականաբար, որևէ մեկը պատիժ չի կրի, իսկ շենքը կմնա ու կխոչընդոտի հետիոտնի երթևեկությանը:
Իսկ թե ինչպես է ապօրինի շինարարությունը վրիպել վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի աչքից, շատ զարմանալի է:
Մեր այս հրապարակմանն արձագանքել է նաև շինության սեփականատեր Անդրանիկ Ավագյանը և ներկայացրել իր հիմնավորումները. «Շինարարական աշխատանքները կատարվում են օրինական ընթացակարգով, ունեմ Երեւանի քաղաքապետի որոշում` հողը գնելու մասին: Այն գնել եմ, թույլտվությունը ստացել եմ, էսքիզով նախագիծ եմ ներկայացրել, որը հաստատվել է: Նշեմ, որ նախագիծը հաստատվել է Երեւանի քաղաքապետի կողմից: Կարճ ասած` իմ ձեռքի տակ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ իմ կողմից իրականացվող շինարարությունը ապօրինի չէ: Երեւանի քաղաքապետարանը սխալ տեղեկություն է տրամադրել ձեզ (նկատի ունի ArmLur.am-ին):
Քանի որ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչները անընդհատ շինարարության ընթացքում եկել-գնացել են եւ իրենք համոզվել են, որ ես օրինական շինարարություն եմ անում: Ես չափերից դուրս չեմ եկել, իրենց տված նախագծի համաձայն եմ շինարարություն իրականացնում»: Ի դեպ, Անդրանիկ Ավագյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչության եւ Աջափնյակի թաղապետարանի աշխատակիցները պահանջում են շենքը քանդել եւ հետ տանել: Մինչդեռ շենքը կառուցապատվել է, իսկ քաղաքապետարանը նոր է բարեհաճում զգուշացնել նրան այդ մասին: