«Ես եմ» ծրագրի «թաքնված» դրույթները. երբվանից այն կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ զորակոչից՝ հունվարից, նախատեսվում է սկսել «Ես եմ» ծրագրի կիրառումը, որն, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն: Այս մասին «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ ցուցումներ են տրվել, որպեսզի զորակոչի նախապատրաստական աշխատանքների ժամանակ բոլոր նորակոչիկներին ներկայացվի «Ես եմ» ծրագրի մանրամասները: Խոսելով ծրագրի մասին՝ Սիմոնյանը նշեց, թե ցանկացողների հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր, եւ զինծառայողը չի համարվելու պայմանագրային: Խոսելով այլընտրանքի մասին՝ նա նշեց, թե այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում եւ 1 շաբաթ՝ տանը:

Սկզբնական շրջանում, քանի դեռ հստակ չէ դիմողների քանակը, նրանց ծառայելու վայրը որոշելու է ՊՆ-ն, այլ ոչ թե վիճակահանությամբ, եւ նախատեսված է, որ այդ ծրագրով ծառայողները լինեն մեկ ստորաբաժանման մեջ: Ծրագրի դրույթներում կան կետեր, որոնց այս ընթացքում ուշադրություն այնքան էլ չի դարձվել, որոնք, սակայն, կարեւոր են: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրամ՝ այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ, որը կարող են ծախսել երեք ուղղություններով միայն՝ կրթություն, բիզնես-ծրագիր (գյուղատնտեսություն), բնակարանի ձեռքբերում:

Սակայն «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են միայն ծառայության վեցերորդ ամսից: «5 ամիս կիրականացվի պատրաստություն, 6-րդ ամսից կներգրավվի մարտական հերթապահության, 10 օր արձակուրդ կտանք, կվերադառնա, նոր ծրագիրը կսկսի աշխատել», – նշեց նա:

Ընդ որում, այստեղ հետաքրքիր են նաեւ պայմանագիրը վաղաժամկետ խզելու հետ կապված դրույթները: Եթե զինծառայողը որոշի խզել պայմանագիրը, ապա նրա ծառայության ժամկետից հանվելու է տանը գտնվելու ժամանակահատվածը, եւ արդյունքում, եթե հանրագումարը սովորական ծառայության համար նախատեսված 24 ամսից քիչ է ստացվում, զինծառայողն արդեն սովորական պայմաններով պետք է շարունակի ծառայությունը՝ մինչ ժամկետի լրանալը, իսկ եթե 24 ամիս ծառայած է լինում, ապա այդ պահից զորացրվում է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս