Gaz 3102-ն ու ռուբլիները. որքան է քաղավիացիայի աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը, պարզվում է, որ բացի պետական աշխատանքից՝ ունի այլ եկամուտներ եւս: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Մանուկյանը երեք ընկերությունում ունի ընդհանուր 250 հազար դրամի բաժնեմաս, երկու ընկերությունում` մոտ 130 հազար ռուսական ռուբլիի չափով բաժնետոմս:

Մանուկյանի ունեցած պարտատոմսերը կազմում են 10 հազար 501 դոլար:

Նշված պաշտոնյան հայտարարագրել է, որ ունի ավելի քան 58.6 մլն դրամի փոխառություն: Դրամական միջոցները կազմում են 17 մլն 253 հազար դրամ, 37 հազար ռուսական ռուբլի եւ 1260 դոլար:

Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը, որ ամսական կազմում է մոտ 220 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած 8 մլն 640 հազար դրամը:

Նշենք նաեւ, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, մեկ ավտոտնակ եւ արտադրական նշանակության մեկ շինություն, Gaz 3102 մակնիշի մեկ ավտոմեքենա: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր սույն տարվա մարտի 31-ին:




Լրահոս