ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզյոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել:
Արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 4 ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելու վերաբերյալ:
Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Մաթեւոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ, ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով եւ իր կողմից վարած «Նիսսան Տիդա» ավտոմեքենայի մեջ տեղավորելով, յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140լ դիզվառելիք եւ տեղափոխել Սեւան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան, սակայն գործը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից:
Այս արարքի համար Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի` պաշտոնեական կեղծիք, 34-179-րդ հոդվածի յուրացում եւ վատնում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: