Ռոբերտ Մուգաբեի դասը Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Աֆրիկան ավանդաբար դուրս է մնում համաշխարհային քաղաքական գործընթացներից, սակայն վերջին օրերին մայրցամաքը գրավել է շատերի ուշադրությունը: Զիմբաբվեում մեծ թափով ծավալվում է քաղաքական ճգնաժամ, որը հասել է իր գագաթնակետին՝ հանձին հրապարակային անհնազանդության ու զինվորականության հեղաշրջման:

Գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտնվել է տնային կալանքի տակ, սակայն համառորեն հրաժարվում է հայտարարել իր հրաժարականի մասին: Այս երկրի քաղաքական իրավիճակը բավականին ծանոթ է այնպիսի պետություններին, որտեղ իշխանությունը չի փոխվում ընտրությունների ճանապարհով՝ հանգելով կա՛մ հեղաշրջումների, կա՛մ ապստամբության:

Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1987 թվականից: Նա այժմ 93 տարեկան է, եւ բնական է, որ իշխանության ներսում պետք է տեղաշարժեր լինեն՝ նրան փոխարինող գտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ս.թ. նոյեմբերի 14-ին Զիմբաբվեի զինված ուժերի հրամանատարությունն իր իշխանավարության տակ առավ մայրաքաղաք Հարարեն՝ հայտարարելով, որ բանակը խնդիր է դրել մաքրելու իշխանությունը կրիմինալ տարրերից:

Ըստ զինվորականության՝ այդ կրիմինալ տարրերն են պետության սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակի հիմնական պատասխանատուները: Բանակի ակտիվ ներգրավումը քաղաքական հարցերին ակնհայտորեն պայմանավորված է Մուգաբեին փոխարինող գտնելու հարցի հետ: Բանակը պաշտպանում է նախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվային, իսկ Մուգաբեն ու նրա մերձավոր շրջապատը՝ առաջին տիկին Գրեյս Մուգաբեին:

Այս երկու գործիչների միջեւ էլ պայքար է գնում՝ Մուգաբեից հետո քաղաքական առաջնորդությունը ստանձնելու համար, ինչն էլ վերաճել է զինված ապստամբության եւ գուցե անգամ պարունակում է քաղաքացիական պատերազմի սպառնալիք:

Իշխող կուսակցությունն արդեն իսկ կողմնորոշվել է Մնանգագվայի ուղղությամբ՝ վերջինիս դարձնելով կուսակցության առաջնորդ եւ այդ պաշտոնից հեռացնելով գործող նախագահին: Ակնկալվում էր, որ նախօրեին Մուգաբեն պիտի հայտարարեր կամավոր հրաժարականի մասին, սակայն 30-րոպեանոց ուղերձում այդ մասին որեւէ հիշատակություն չկար: Նա հայտարարեց, որ բանակի գործողությունները հեղաշրջում չի համարում եւ դրանք պայմանավորում է միջոցառումներ պետությանը սպառնացող վտանգների դեմ:

Մուգաբեն միաժամանակ արտահայտել է իր պատրաստակամությունը շարունակել իրացնել նախագահի լիազորությունները՝ հրաժարվելով վաղաժամ պաշտոնաթողությունից: Տեղեկություններ կան, որ Մուգաբեն նախապես համաձայնեցրած է եղել բանակի հետ իր հրաժարականը, սակայն ելույթում լիովին այլ տեքստ է կարդացել:

Նախագահի այդ հայտարարությունը սվիններով է ընդունվել իր իսկ կուսակցության ղեկավարների կողմից, որոնք Մուգաբեին վերջնագիր էին ներկայացրել՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ իմպիչմենտի ենթարկվել: Ակնկալվում է, որ այս օրերին խորհրդարանն արդեն իսկ պաշտոնանկ կանի նախագահին:

Ըստ էության, Մուգաբեի դեմ են դուրս եկել նաեւ հասարակական շրջանակները՝ զանգվածային հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելով: Ըստ էության, հասարակությունը ողջունում է բանակի հեղաշրջումը՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Մուգաբեն, փաստորեն, ներկայումս լիովին զրկված է տեղական շրջանակների աջակցությունից, քանի որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ ուժայինները այլեւս չեն ընդունում նրա իշխանությունը:

Մուգաբեից երես է թեքել նաեւ նրա իսկ կուսակցությունը՝ զրկելով վերջինիս որեւէ գործնական հենարանից: Սակայն կարծիք կա, որ Մուգաբեն, օդից կախված լինելով հանդերձ՝ համառորեն հրաժարական չի տալիս՝ միտում ունենալով օտարներին մասնակից դարձնել իր երկրի ներքաղաքական ճգնաժամին:

Հարավային Աֆրիկայի զարգացման միությունը, որը ղեկավարվում է Հարաֆավրիկյան Հանրապետության կողմից, հավաքվել ու քննարկել է իրավիճակը՝ կոչ անելով Զիմբաբվեի ղեկավարությանը դուրս չգալ Սահմանադրության շրջանակներից:

Կարծիք կա, որ այդ հայտարարությունը միտված է պահելու Մուգաբեին մինչեւ նախագահական ժամկետի ավարտը, իսկ եթե բանակը բռնի մեթոդներով հրաժարական պարտադրի նրան, ապա ՀԱՀ-ը, կարող է դա որպես պատրվակ օգտագործելով՝ ներխուժել Զիմբաբվե: Թեպետ եթե Մուգաբեին պաշտոնանկությունը պարտադրվի խորհրդարանի կողմից, այդպիսի զարգացումը քիչ հավանական է: Այդ իսկ պատճառով նրա հակառակորդներն իրենց նպատակների իրականացման համար գործին մասնակից են դարձրել ինչպես բանակին ու խորհրդարանին, այնպես էլ իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններին ու հասարակությանը:

Ներկա իրավիճակում իշխանության փոփոխությունն արդեն իսկ վերաճում է հասարակական պահանջի, որը օտար պետության տանկերով զսպել հազիվ թե ստացվի: Աֆրիկայի հարավային պետությունների եւ մասնավորապես ՀԱՀ-ի համար ավելի դյուրին կլինի նոր իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալ, քան արյան մեջ խեղդել հարեւան պետության ներսում բարձրացած ըմբոստությունը:
Ինչ-որ առումով Հայաստանը բավականին նման է Զիմբաբվեին, որտեղ բանակը խիստ կարեւոր դերակատարություն ունի իշխանության պահպանման հարցում: Այն պահից ի վեր, երբ բանակը իր աջակցությունը հայտնեց Մուգաբեի հակառակորդին, նախագահի բռնատիրության հիմքերը խիստ սասանվեցին:

Հասարակական բողոքը սկսեց լսելի դառնալ, իսկ խորհրդարանը վերածվեց իշխանությունը հավասարակշռող թեւի: Անկասկած, եթե բանակը կանգներ Մուգաբեի կնոջ թիկունքին ու նրան սատարեր որպես նախագահին փոխարինողի, դեպքերը լիովին այլ կերպ կզարգանային: Հազիվ թե իշխող կուսակցությունն այդժամ հեռացներ Մուգաբեին կուսակցական առաջնորդությունից եւ նախաձեռներ նրա իմպիչմենտի գործընթացը:

Քաջ գիտակցելով բանակի տեղն ու դերը իր իշխանության պահպանման հարցում՝ Սերժ Սարգսյանն էլ այսօր պատրաստ չէ հրաժարվել այդ ռեսուրսից, ինչն էլ այն շարժառիթն է, որ առաջ է մղում նրա վարչապետական հավակնությունները: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ կիսապատերազմական դրությունն ու ժողովրդավարական ինստիտուտների թերզարգացվածությունը՝ Հայաստանում նույնպես բանակը ղեկավարող գործիչն է տիրապետում իրական իշխանությանը:

Ն. Հովսեփյան




Լրահոս