Ահազանգ. միջքաղաքային հասարակական տրանսպորտը` վերացման եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Նման ուղղությունների գծատերերի համար ուղեւորափոխադրումները սպասարկելը գնալով դառնում է ոչ եկամտաբեր: Արդյունքում, սպասարկող ընկերությունները սկսում են մտմտալ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար դժգոհություններ է ստանում մարզերի գծատերերից: Նրանց պատմելով՝ չեն կարողանում անգամ զրոյական եկամուտով աշխատել ուղեւորահոսքի սակավաթիվ լինելու պատճառով: Իսկ եղած ուղեւորները երթեւեկում են տաքսիներով, չնայած որ վերջիններս ավտոբուսների կամ միկրոավտովբուսների առաջարկած գնից շատ ավելի թանկ են ուղեւորներին տեղափոխում: «Ժողովուրդ»-ին ահազանգած տնտեսվարողների պնդմամբ` ստեղծված իրավիճակի մեղավորները այն մարդատար տաքսիներն են, որոնք, այսպես կոչված, ուղեւորներ «խլելո» գործելաոճ են որդեգրել:

Մինչդեռ միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսվարողները վարկային մեծ պարտավորություններով նախ մասնակցում են երթուղին շահագործելու իրավունքի համար հայտարարված մրցույթին, թարմ ավտոմեքենաներով երթուղին սպասարկելու համար հսկայական պարտքեր են կուտակում: Բայց երբ արդեն չեն կարողանում իրենց ծախսերը ծածկել, սկսում են մտածել երթուղուց հրաժարվելու մասին:

Փոխարենը տաքսիների դեպքում ամեն ինչ շատ հեշտ է, դեպի Երեւան օրը մեկ-երկու երթուղի իրականացնելով՝ նրանք իրենց եկամուտի խնդիրը լուծում եմ: Բացի այդ՝ տաքսիները բնակչությանը պարտադիր սպասարկելու խնդիր չունեն, ինչպես այս կամ այն երթուղին սպասարկող ընկերությունները: Հայաստանի մարզերի մեծ մասում միջքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները վաղուց չեն օգտագործվում, դրանց փոխարինում են միկրոավտոբուսներ, որոնց քանակը եւս գծատերերը սկսել են նվազեցնել. ձեռնտու չէ մեծ թվով միկրոավտոբուսներ պահել, որովհետեւ ծախսը շատ է, իսկ եկամուտը` քիչ:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանի հետ: Նա անմիջապես հայտարարեց, որ տեղյակ են խնդրին: «Այս խոսակցությունը վաղուց կա, եւ ոլորտը պարբերաբար մշտադիտարկման տակ է գտնվում: Մեր միջոցառումների ժամանակ պարզվում է, որ տաքսիների 95 տոկոսը լիցենզավոված է, մենք նրանց չենք կարող արգելել, որ ուղեւորներին վերցնեն, տանեն: Չենք կարող արգելել, որովհետեւ իրենք ավտոկայարան չեն մտնում»,- տեղեկացրեց Ասծատրյանը:

Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն` միայն ներմարզային, ներքաղաքային տրանսպորտային միջոցները պարտադիր պետք է շարժվեն ավտոկայարաններից:

Ավելին` նույն օրենքով տաքսի ավտոմեքենաները իրավունք չունեն մտնել ավտոկայարաններ: Բայց փաստորեն սա նրանց չի խանգարում մշտապես ուղեւոր ունենալ: «Իրենք ավտոկայարանների մերձակա տարածքներից են ուղեւորների վերցնում, իսկ իրենց կանգառման տեղը ավելի շատ ճանապարհային ոստիկանության խնդիրն է, քան տրանսպորտային տեսչության: Բայց նշեմ, որ մեր կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ ուղեւորափոխադրում իրականացնող մեքենաները լիցենզավորված են եղել»,- հավաստիացրեց նախարարության ներկայացուցիչը:

Մեր այն հարցին, թե, ի վերջո, նախարարությանը մտահոգում է այն խնդիրը, որի առաջ կանգնել են միջքաղաքային երթուղի շահագործող տնտեսվարողները, Ասծատրյանը պատասխանեց. «Մենք միայն վարչարարություն ենք իրականացնում, տրանսպորտային քաղաքականություն չենք իրականացնում: Մենք չենք կարող քաղաքականություն մշակել, որպեսզի միջպետական, միջմարզային ուղեւորափոխադրումով զբաղվող տրանսպորտային միջոցների կարգավիճակը տնտեսապես լավանա կամ վատանա: Խնդրից տեղյակ ենք, այս խնդիրը նոր չէ»:

Սա առաջին դեպքը չէ, որ այս գերատեսչությունը կարեւոր պահին ձեռքերը լվանում է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց զբաղվել ներմարզային, միջհամայնքային երթուղիներով: Ինչից հետո նախարարությունը իբր ուսումնասիրեց եւ հայտարարեց, որ ներմարզային երթուղիներով չի սպասարկվում 97 համայնք: Պատճառը գյուղական անբարեկարգ ճանապարհներն ու սակավաթիվ բնակչությունը է:

Ստացվում է, որ այս դեպքում եւս նախարարությունը չի կարողանում մինչեւ հիմա տրանսպորտային քաղաքականություն մշակել:

Հ.Գ. Ի դեպ, մարզերում տաքսիների այս բիզնեսն էլ յուրատեսակ մենաշնորհի է վերածվել: Բանն այն է, որ ամեն պատահական մարդ չի կարող տաքսի ունենալ եւ մարզից Երեւան կամ հակառակ ուղղությամբ ուղեւոր տեղափոխել: Ըստ որոշ տեղեկութունների` տաքսիների մեծ մասի «գծատերերը» քրեական կամ թաղային հեղինակություններն են: Իսկ եթե հանկարծ շարքային որեւէ քաղաքացի փորձի մտնել այդ բիզնեսի մեջ եւ ուղեւորափոխադրում իրականացնել, ապա նրան ոչ մի լավ հեռանկար չի սպասվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս