Նոյեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրենի պաշտոնի համար մրցույթը: Տնօրենի պաշտոնի համար հավակնում է միայն մեկ թեկնածու, բժշկական քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը: Մրցույթին մասնակցել են մրցութային հանձնաժողովի 10 անդամներից 9-ը, իսկ Վարդան Գեւորգյանը միաձայն ընտրվել է «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրեն: Նշված պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասին հայտարարությունը զետեղված է եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջում: Սակայն Դիլիջանում եւ ընդհանրապես Տավուշի մարզում շատ քչերն են այդ մասին տեղեկացված եղել:
2017թ. հուլիսի 19-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում է Վարդան Գեւորգյանի դատավարությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2010 թվականից աշխատելով որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրեն՝ 2013թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանից բացակայող, իր ղեկավարած քոլեջի ուսանողուհի Վարյա Բեգլարյանի բացակայությունները քողարկելու նպատակով, անձնական այլ դրդումներով, մինչեւ ուսանողուհու վերադառնալը, պաշտոնական փաստաթղթերում կատարել է ակնհայտ կեղծիքներ:
Վ. Գեւորգյանն իր ստորագրությամբ եւ «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» կնիքով հաստատել է փաստաթղթեր, որոնցում իրականությանը չհամապատասխանող տվյալներ են ներառված եղել:
Վ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»):
Նշված մեղադրանքը նախատեսում է 200-ից 500 հազար դրամի չափով տուգանք, կամ առավելագույնը մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով: Տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նման պայմաններում անգամ Վարդան Գեւորգյանը կարողացավ վերանշանակվել տնօրեն, իսկ մեկ շաբաթից՝ նոյեմբերի 28-ին, դատարանում պետք է շարունակվի նրա դատավարությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ