Հայաստանի պետական բյուջեի վրա նոր բեռ է դրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարությանը ընթացիկ տարվա պահուստային ֆոնդից կհատկացնի 233 մլն 525 հազար 500 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով ԱՆ-ն կփոխհատուցի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի կողմից, էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս գումարը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին կտրամադրվի նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Հիշեցնենք, որ «Էլեկտրոնային առողջպահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի սահմանած սակագներից դժգոհում էին ՀՀ բուժհաստատությունները: Եւ առողջապահության նախարարությունը հաշվի առնելով ծառայությունների մատուցման բաժանորդային պայմանագրերի կնքման գործընթացում բուժհաստատությունների կողմից բարձրացված դժգոհությունները, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ բուժհաստատություններում ֆինանսական միջոցների պլանավորման եւ միջոցների հատկացման հետ կապված հարցերը՝ կառավարությանն առաջարկել է փոխհատուցել ընկերության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների մատուցման ծախսերը:

Տեղեկացնենք, որ այս պարտականությունը մինչեւ պետության ուսերին գցելը, նախապես հայտարարվել էր, որ բժշկական հաստատությունները համակարգին միացվելու են անվճար: Ապա գործադիրը բուժհաստատությունների ղեկավարներին խոստացավ, որ կբանակցի ընկերության հետ, եւ որքան հնարավոր է՝ կնվազեցնի սահմանած սակագները:

Փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա: Ստացվում է, որ կառավարությունը «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին չի նեղացնի եւ կսուբսիդավորի պահանջած գումարը: Թեեւ կառավարությունը պատրաստվում է առաջիկայում գումար փոխանցել ընկերությանը, բայց նկատենք, որ այսօր ՀՀ շատ բուժհաստատություններում տեխնիկական հագեցվածությունը թույլ չի տալիս այս մակարդակով աշխատել եւ տվյալ համակարգից օգտվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս