Դերասան Գուրգեն Սարգսյանը, ով հանրության լայն զանգվածներին հայտնի դարձավ «Աննա» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարով, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սերիալներում նկարահանվելու ցանկություն այլեւս չունի. «Դրա կարիքն այլեւս չկա»,-ասաց նա։ Հարցին, թե արդյոք հիասթափվել է ոլորտում տիրող իրավիճակից, դերասանը պատասխանեց. «Ո՛չ, երեւի ես եմ մեծացել։ Զբաղվածությունս էլ թույլ չի տա, որ նկարահանվեմ»։
Ինչ վերաբերում է առաջիկայի պլաններին, ապա երկրպագուները ուրախանալու առիթ կունենան. Գուրգենը հանդես կգա Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» լիրիկական կատակերգությունում (ֆիլմում նկարահանվել են նաեւ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Քրիստինա Հովակիմյանը։ Այն ռեժիսորի առաջին հայկական կատակերգությունն է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2018 թվականին). «Կարծում եմ՝ հանդես կգամ անսպասելի կերպարում, նման դեր երբեւէ չեմ խաղացել»,- շեշտեց Գուրգենը։
«Գոյ» թատրոնի դերասանը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է բեմադրել նոր ներկայացում։ Ի դեպ, նախկինում նույն թատրոնում նա բեմադրել է «Ծովահենների հեքիաթը» մանկական ներկայացումը։ Թե ինչ պիեսի հիման վրա բեմադրություն է նա առաջիկայում պատրաստվում հանձնել հանդիսատեսի դատին, չմանրամասնեց։
Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ դա լինի մոնոներկայացում, Գուրգենը տվեց բացասական պատասխան։ Խոսելով թատրոնների հետ կապված պետության վարած քաղաքականության մասին՝ դերասանը համոզմունք հայտնեց, որ այն իրեն միանշանակ չի բավարարում։ Նրա խոսքով՝ խնդիրներն այնքան շատ են, որ դժվար է անգամ մեկ զրույցի ընթացքում դրանց անդրադառնալ. «Նախ պետք է լուծել թատրոնի աշխատողների աշխատավարձերի ցածր լինելու խնդիրը։ Այս կառույցները պետք է հաճախակի արժանանան պետական աջակցության։ Կարծում եմ՝ պետությունն անուշադիր է թատրոնների նկատմամբ»,-եզրափակեց նա։
Աննա Բաբաջանյան