ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հանդիպել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկին և Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին և հանձնել է նրանց «Արևելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար ընկերություն» մրցանակը:
Այդ պարգևն ընկերությանը տրվել էր Բուենոս Այրեսում՝ հոկտեմբերի 9-21-ին տեղի ունեցող Հեռահաղորդակցման զարգացման համաշխարհային համաժողովի շրջանակում կայացած տարածաշրջանային առաջատար ընկերությունների մրցանակաբաշխությանը։
«Ուրախ ենք, որ հայկական ընկերությունը նման բարձր մրցանակի է արժանացել, և, իհարկե, այն պարտավորեցնում է, որ օպերատորն էլ ավելի մեծ ջանքեր գործադրի զարգանալու և բաժանորդներին առավել որակյալ ծառայություններ տրամադրելու համար»,- շնորհավորելով ընկերությանը մրցանակի կապակցությամբ` նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Շատ հաճելի է մրցանակ ստանալ նման հեղինակավոր միջազգային կազմակերպությունից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեզ համար սա բացարձակ անակնկալ էր։ Սա նշանակում է, որ այս գնահատականն իսկապես օբյեկտիվ է, և մենք կարող ենք հպարտ լինել նման արդյունքներով։ Իհարկե, լինելով միջազգային խմբի մի մաս՝ մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով, և ըստ ամենայնի, մեզ դա հաջողվում է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ՎԵՈՆ» ընկերությունների խմբի ներկայության շուկաների կեսից շատը գտնվում է Եվրասիա տարածաշրջանում, որտեղ մենք արդեն վաղուց երկարատև ներդումներ ենք իրականացնում ու մեր ծառայություններից օգտվում են միլիոնավոր բաժանորդներ։ Մեզ համար սկզբունքային է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը մեր ներկայության բոլոր երկրներում։ Այս մոտեցումն իր արդյունքներն է բերում, և Հեռահաղորդակցության միջազգային միության պես հեղինակավոր միջազգային կազմակերպության բարձր գնահատականը վկայում է այն մասին, որ այդ մոտեցումից շահում են և՛ մեր բաժանորդները, և՛ հեռահաղորդակցության ոլորտը», – նշեց «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։
Նշենք, որ Բուենոս Այրեսում արարողության ժամանակ մրցանակը ստացել էր Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը: ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ պարգևը տեղափոխվել է Հայաստան։