Այսօր Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է Նիկոմեդիայում (այժմ` Իզմիր) 1895թ.-ի նոյեմբերի 12 (24)-ին: Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ, ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, Եսայան վարժարանում: Կ.Պոլսում մասնակցել է Ա.Պենկլյանի և Հայ դրամատիկ խմբերի ներկայացումներին:

Հրաչյան մասնակցել է նաև Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ հյուրախաղային ներկայացումներին: Հրաչյա Ներսիսյանին, Մկրտիչ Ջանանին և ևս մի քանի դերասանների Վահրամ Փափազյանն իր հետ բերում է Կովկաս: 1923թ.-ից Հրաչյա Ներսիսյանն առմիշտ դառնում է Երևանի բնակիչ, հայկական Առաջին թատրոնի դերասան:

Առաջին դերը Կասսիոն էր Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, որն անմիջապես նկատելի դարձավ և երիտասարդ դերասանին վիճակվեց առաջնակարգ դերերի այնպիսի քանակ, այնպիսի շքեղ խաղացանկ, որ երազել կարող էր ամեն մի վաստակաշատ դերասան:

Ստեղծագործական առաջին իսկ տարիներին Հրաչյա Ներսիսյանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կատակերգական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար և՛ բարի, և՛ հերոսական, և՛ սովորական կերպարներ:

20-30-ական թվականները նշանավորվել են Հրաչյա Ներսիսյանի ստեղծած կերպարներով՝ Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»), Բասանիո (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Դոն Կիխոտ (Լունաչարսկու «Դոն Կիխոտ»), Բերգ (Օ Նեյլիի «Աննա Քրիստի»), Համլետ (Շեքսպիրի «Համլետ») և այլն:

Հրաչյա Ներսիսյանի գործունեության վերջին շրջանի մեծ հաղթանակները եղան Անհայտը (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասովը (Տոլստոյի «Կենդանի դիակ»), Պաղտասար աղբարը և, իհարկե, Մեք Գրեգորի (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») կերպարը, որով նա ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու բեմին:




Լրահոս