— Չեմ հավատում, — ծիծաղում է աղավնին:
— Դու չե՞ս հավատում Աստծուն,— սպառնալից հնչում է ձայնը:
— Ճիշտ հակառակը, բայց… ես դժվար եմ պատկերացնում, որ Աստված այս ճամպրուկի մեջ է:
— Աստված կարող է լինել ամենուր:
Լռություն:
Աստված էլի դժգոհ է աշխարհից՝ մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին:
6 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար գրված «Տապանի մոտ ժամը ութին» ժամանակակից վիպակի հեղինակը Ուլրիխ Հուբն է (1963)՝ ռեժիսոր, մանկական գրքերի և պիեսների հեղինակ:
«Գերմանական մանկական ռադիոներկայացում» և «Գերմանական մանկական թատրոն» մրցանակների դափնեկիր այս վիպակը թարգմանվել է ավելի քան 24 լեզվով և վաճառվել ավելի քան 200 000 օրինակ: Գրքի նկարազարդումների հեղինակն է Յորգ Մյուլեն: Վիպակը գերմաներենից հայերեն է թարգմանել Մարիամ Եփրեմյանը:
Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Թե պինգվիններն ինչպիսի լուծում են գտնում այս իրավիճակում, և այն, թե ինչ է տեղի ունենում ջրհեղեղից հետո, կպարզվի հենց շնորհանդեսի օրը, որը կկայանա Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում նոյեմբերի 25-ին՝ ժամը 16.00-ին:
Միջոցառման հասցեն՝ ՀՀ ԱԳՆ նախկին շենք, Հանրապետության հրապարակ
«Զանգակ» հրատարակչություն