ՍԴ-Ն ԱՆԱԿՆԿԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ անակնկալ որոշում կայացրեց՝ արձանագրելով, որ Վանաձորի գործող ավագանու գործունեությունը եղել է հակասահմանադրական: Հիշեցնենք, որ Վանաձորի ներկա ավագանին կազմավորվել է անցած տարվա հոկտեմբերի 10-ին: 33 հոգուց բաղկացած ավագանու կազմում իշխող ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ ունեն 15 անդամ: Չնայած իշխանական կոալիցիային չէր հաջողվել Վանաձորի ավագանում մեծամասնություն ունենալ, բայց համայնքի ղեկավարի ընտրութունները փակ-գաղտնի անցկացնելու շնորհիվ իշխանություններին հաջողվեց հոկտեմբերի 10-ին Մամիկոն Ասլանյանին կարգել Վանաձորի քաղաքապետ: Բայց դրանով խնդիրը չլուծվեց, քանի որ Վանաձորի ավագանու մեծամասնությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ի 3 անդամները, ընդհանուր 18 հոգի, բոյկոտեցին ավագանու նիստերը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23 հոդվածի 5 կետի 1-ին ենթակետը սահմանում է. «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ, եթե` 1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»: Ուստի իշխանական փոքրամասնությունն իրավիճակը փրկելու համար այս տարվա մարտից սկսեց 15 հոգով ավագանու նիստեր գումարել: Ի վերջո, խնդիրը բողոքարկվեց ՍԴ, որն էլ երեկ որոշեց հակասահմանադրական ճանաչել ՏԻՄ օրենքի այն դրույթը, որի հիման վրա Վանաձորի ավագանու փոքրամասնությունը նիստեր էր գումարում: Իհարկե, ՍԴ-ն ՀՀ խորհրդարանին մինչեւ 2018 թվականի մարտի 31-ը ժամանակ տվեց՝ խնդրին իրավական լուծում տալու, բայց դրանով իրավիճակը էապես չի փոխվում. Վանաձորի ավագանու՝ մեկ տարի, մեկ ամսվա գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. վերջ եւ կայացված բոլոր որոշումներն ապօրինի են: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են համակերպվել այս փաստի հետ ու Վանաձորում կա՛մ ավագանու նոր ընտրություններ նշանակել, կա՛մ ավագանին պետք է նոր քաղաքապետ ընտրի:

 

 

Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաեւ կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար: Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը չի համաձայնել դիտարկմանը, թե ամեն ինչ տեղի է ունեցել իր կուսակցի թողտվությամբ: «Միշտ էլ հսկողությունը եղել է, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ չափի է եղել, այո՛, այսօր խստացվել է: Երեւի մարդկային հատկանիշների, կամքի դրսեւորում է նաեւ»: Հարցին՝ Մ. Մաթեւոսյանը մի՞թե պատասխանատու չէ տեղի ունեցածի համար, նա նշել է. «Կարծում եմ՝ ոչ: Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը»:

 

 

 

Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արեւելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է: Այս տարի աճել են ՀՀ-ից Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ սիգարետի արտահանման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ-ից անգամ Ճապոնիա է սիգարետ արտահանվում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Ճապոնիա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 219 հազար 300 դոլարի: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուս, Ղազախստան եւ Ղըղզստան ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել, միայն ռուսական շուկան է այսօր ընդունում հայկական արտադրատեսակը, այն էլ ցուցանիշները գնալով նվազում են: Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար:

 

 

 

Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: Դեռ ավելին՝ պարզվում է՝ այս քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի, եւ այն կուղարկվի դատարան: Օզդեմիրիի պաշտպան Գարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, 2 , նույնիսկ երկու ամսից մի քիչ ավելի առաջ է եղել դեպքը»: Թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը միայն հիմա տեղեկացրել կատարվածի մասին, անհասկանալի է: Միգուցե ՊԵԿ-ում կասկածներ են ունեցել, որ այս գործի նախաքննության ընթացքում ինչ-որ բան փորձ է արվում թաքցնել, եւ որոշել են դատարան ուղարկելուց առաջ այն հրապարակայնացնե՞լ:

 

 

 

ԿՈՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու», մի կողմից ասել է՝ կոռեկտ չի համարում ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելը, բայց եւ հավելել՝ փոխզիջումների մասին խոսելը դեռ վաղ է: «Ես վստահ եմ, որ մենք այսօր, հատկապես 2016 թվականի ապրիլից հետո, շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Եվ այն, որ այդ համակարգի մեջ մտնում են ե՛ւ տարածքները, ե՛ւ մեր տնտեսական կենսունակությունը, իմ խորին համոզմամբ, մենք այսօր այդ պաշարը չենք կարող որեւէ բանով թուլացնել, որպեսզի ինչ-որ չխոստացված բաների դիմաց մենք պատրաստ լինենք ինչ-որ բաներ տալ: Ես կարծում եմ, որ մենք ժամանակից շուտ չպիտի այսպիսի խոսակցություններ վարենք, որովհետեւ միայն ու միայն սա մեր ներքին հասարակական անվտանգությունն է խարխլում, որովհետեւ մենք սկսում ենք փնտրել՝ ո՞վ ա ասել, որ կարելի ա զիջել, ո՞վ ա ասել, որ չի կարելի զիջել… Կարծես թե էդ զիջել-չզիջելը ինչ-որ կոնկրետ բաներից, կոնկրետ ասվածից է կախված: Ես վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանը ունի միայն մեկ սուբյեկտ. դա Արցախի ժողովուրդն է, որին Սահմանադրությամբ տրված է այդպիսի լիազորություն»,- նշել է Ղուլյանը: Փաստորեն, ԼՂՀ ԱԺ նախագահը բացահայտ հակադրվում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ «վաղ համարելով» փոխզիջումների մասին խոսելը: Ի վերջո, եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն իր նախկին հարցազրույցներում էլ ասել էր, թե Հայաստանը մի քանի անգամ մոտ է եղել ԼՂ խնդրի լուծմանը, վերջին անգամ՝ 2011թ. Կազանում, ընդ որում, պատրաստ է եղել տարածքների վերադարձին, միայն թե Ադրբեջանն ինքն է վիժեցրել հարցի կարգավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ այս տարվա սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովին էր ասել, թե Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել, բայց «խոսքը այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի»:
Բայց Ղուլյանի հայտարարությունները հետաքրքիր են մեկ այլ իրողության համատեքստում. 2016թ. օգոստոսի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում ասել էր. «Ողջամիտ, իրավացի եւ համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են: Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։ Ու, փաստորեն, հիմա ղարաբաղյան կողմը կրկին կոշտացնում է իր դիրքորոշումը:




Լրահոս