ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԱԵՎ ՊԱՀԱՆՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի թողտվության հանցագործությունների եւ կաշառք վերցնելու դեպքեր է բացահայտել: Նախօրեին էլ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա եւ դառնա առավել արդյունավետ գործող կառույց:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար Միքայել Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, վերջին շրջանում կրկին ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում: Արդյո՞ք դրանում անտառային տեսուչներն են մեղավոր:
-Այսօր մեր տեսուչներն այդպիսի գործիքակազմ չունեն՝ իրենց աշխատանքները կատարելու համար: Մեր անտառապահն աշխատում է առավոտյան իննից մինչեւ երեկոյան վեցը, շաբաթ-կիրակի օրերը հանգստանում են: Այս պայմաններում ոչ ոք չի կարող ամբողջությամբ վերահսկել ապօրինի ծառահատումները: Եվ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը միայն անտառապահի գործը չէ, այստեղ նաեւ գործ ունի անելու ոստիկանությունը, բնապահպանական պետական տեսչությունը: Այս գործը միասին պետք է արվի, ոչ ոք առանձին-առանձին չի կարող պայքարել սրա դեմ:
-Այդ դեպքում ինչպիսի՞ լուծումներ կարող ենք ակնկալել:
-Այս պահին էլ մենք լուծումներ առաջարկել ենք: Նախագիծը կառավարությունում է, նախօրեին էլ վարչապետի մոտ քննարկում է եղել: Մենք պետք է փորձենք մեր անտառապահին այնպիսի կարգավիճակ տալ, այնպիսի գործիքակազմ ստեղծել, որպեսզի կարողանանք նաեւ նրանից պահանջել: Որոշ դեպքերում մենք այսօր պահանջ չենք էլ կարողանում ներկայացնել:
-Վարչապետի հետ հանդիպմանը հանձնարարականներ հնչեցին նաեւ: Ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել:
-Ընդհանուր հայեցակարգի մասով խնդիրներ չկան: Մի քանի մանր նրբություններ պետք է ճշտվեն արդարադատության նախարարության, մյուս գերատեսչությունների հետ: Սա է միակ խնդիրը:
-Վերջերս հայտարարվեց, թե «Հայանտառը» խստացնում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Ինչպե՞ս է դա արտահայտվելու:
-Խստացում ասվածը, եթե հետեւել եք, մենք ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ իրականացրեցինք, ճանապարհների վրա կետեր դրեցինք, որպեսզի փայտանյութի շարժը կարողանանք վերահսկել: Խստացումը նկատի ունենք այդպիսի քայլերը: Մեր վերահսկողական ծառայությունը մշտապես ստուգումներ է իրականացնում անտառտնտեսություններում:
-Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ղեկավարում եք «Հայանտառը»: Ի վերջո, ինչպիսի՞ ժառանգություն էիք ստացել: Նշեցիք, թե ապօրինի ծառահատումների դեմ պայքարը խստացվելու է: Ստացվում է՝ նախկին ղեկավարի օրոք խիստ չի՞ եղել:
-Միշտ էլ հսկողությունը եղել է, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ չափի է եղել, այո՛, այսօր խստացվել է: Երեւի մարդկային հատկանիշների, կամքի դրսեւորում է նաեւ: Ապօրինի ծառահատումները եղել են, կան, եւ պետք է հույս ունենանք, որ ապագայում ավելի կքչացնենք:
-Նախկին ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը պատասխանատո՞ւ չէ: ԱԱԾ-ն բազմաթիվ դեպքեր է բացահայտել:
-Կարծում եմ՝ ոչ: Այս պահին էլ ապօրինի ծառահատման դեպքեր կան, ես չեմ, չէ՞, հատողը: Այսինքն՝ ես հիմա պե՞տք է պատասխան տամ: Մենք արդեն իրավապահ աշխատակիցների դաշտ ենք մտնում, իրենց գործն է, քննությունը կատարվում է: Գիտեք՝ բազմաթիվ մարդիկ արդեն ձերբակալված են, երեւի էլի ձերբակալություններ կլինեն: Սպասենք քննության ավարտին:
-Պարո՛ն Մանուկյան, ի վերջո, ըստ Ձեզ՝ ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ անտառամերձ շրջանի բնակիչներն իրենց կյանքն առանց ապօրինի ծառահատումների չեն պատկերացնում: Մարդիկ պատերազմ են անում, որպեսզի շարունակեն ապօրինի եկամուտ ստանալով ապրել:
-Մարդիկ տարիներով սովորել են այդպես ապրել եւ այսօր միանգամից, կտրուկ հրաժարվել ու մեր պահանջներին ընդառաջ գալը մի քիչ դժվար կլինի, ժամանակ է պետք: Մենք պետք է փորձենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի այդ մարդկանց համար գրավիչ լինի օրինական դաշտում աշխատելը:

 

 

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Երեկ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ժամը 18:00-ին պետք է նիստ գումարեր եւ քննարկեր, առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվելիք մի շարք օրենքների նախագծեր ու եզրակացություններ տար: Սակայն նախատեսված ժամին նիստը չկայացավ եւ տապալվեց քվորում չլինելու պատճառով:

Նախ նշենք, որ հանձնաժողովի նիստի օրակարգում բազմաթիվ կարեւոր հարցեր էին ընդգրկված, այդ թվում՝ ուսանողների դասադուլի պատճառ դարձած «Զինծառայողի ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 14-ին մեկնարկող նստաշրջանում պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում ընդգրկված է 11 պատգամավոր եւ «ԱԺ կանոնակարգ-օրենքի» համաձայն` նվազագույնը 4 պատգամավոր պետք է ներկա լիներ՝ քվորում ունենալու ու նիստն անցկացնելու համար: Սակայն նախատեսված ժամին ներկա էր միայն հանձնաժողովի երեք անդամ՝ Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից, Սասուն Միքայելյանը՝ «ԵԼՔ»-ից եւ Ռոմիկ Մանուկյանը՝ ՀՅԴ-ից:
Այս հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն է, որը գործուղմամբ գտնվում է Սլովենիայում: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է փոխնախագահը, տվյալ դեպքում` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, սակայն վերջինս եւս ներկա չէր նիստին: Հանձնաժողովի նիստը պետք է վարեր Ալիկ Սարգսյանը, սակայն տեսնելով, որ անհրաժեշտ թվով պատգամավորներ չկան, նա որոշեց մի փոքր սպասել, որպեսզի քվորումի համար անհրաժեշտ թիվը լրանա: Եվ մինչ հանձնաժողովի անդամները նստած սպասում էին, այդ ընթացքում աշխատակիցները պարբերաբար զանգահարում էին բացակա պատգամավորներին՝ հասկանալու համար` նրանցից ով կկարողանա գալ, ով` ոչ, կամ ով ինչու չի եկել, ու պարբերաբար զեկուցում էին Ալիկ Սարգսյանին: Ի վերջո, հասկանալով, որ գեթ մեկ պատգամավոր գտնել հնարավոր չէ, Ալիկ Սարգսյանը որոշում կայացրեց հետաձգել նիստը եւ այն անցկացնել երկուշաբթի:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ,որ նշված հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը բացակայում էր վատառողջության պատճառով: Իսկ թե ինչու էին բացակայում «Ծառուկյան» խմբակցության անդամներ Դավիթ Մանուկյանը, Վահան Կարապետյանը եւ Արթուր Մանուկյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ականներ Միհրան Պողոսյանը, Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, անհայտ է: Ի դեպ,6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները սկսվելուց ի վեր գեներալ-պատգամավորները հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում:
Երբ նյութը արդեն պատրաստ էր թողարկման, հայտնի դարձավ, որ ժամը 21.00-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ հանձնաժողովի երկու բացականերին՝ ՀՀԿ-ականներ Միհրան Պողոսյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին, հաջողվել էր գիշերային նիստին «բերման» ենթարկել, որոնք Ալիկ Սարգսյանի ու Ռոմիկ Մանուկյանի հետ քվորում էին ապահովել՝ հնարավորություն տալով գիշերային նիստ անցկացնել: Ի դեպ, «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրենքների վերաբերյալ «ԵԼՔ» խմբակցության առաջարկները քվեարկության դրվեցին առանց քննարկման, մանրամասնելու եւ հեղինակների փաստարկները լսելու: Բնականաբար, ընդդիմության բոլոր առաջարկներն էլ գիշերային նիստի մասնակիցների կողմից մերժվեցին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԹԱՔՑՆՈ՞ՒՄ Է
Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 1.6 մլրդ դրամով նվազեցրել է վճարված հարկերը: Նշենք, որ ընկերությունը շահագործում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում պետական բյուջե կատարել է ավելի քան 9 մլրդ 137 մլն դրամի հարկային վճարում: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվում «Թեղուտ»-ը պետբյուջե վճարել է ավելի քան 10 մլրդ 782 մլն դրամ հարկ ու տուրք: Սա տարօրինակ է, քանի որ այս տարվա ընթացքում միջազգային շուկայում մետաղների գները բարձրացել են, ոչ թե անկում գրանցել, բացի այդ՝ Հայաստանում շարունակվում է հանքահումքային արդյունաբերական արտադրանքի աճը. այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին այս ոլորտում աճը 10 տոկոս էր կազմել: Ուստի կասկածելի է, որ այս պարագայում ընկերությունը ավելացնելու փոխարեն հարկերը նվազեցրել է: Գուցե թաքցնում է հարկերը: Չէ՞ որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի ղեկավարը՝ Վալերի Մեժլումյանը, Սերժ Սարգսյանի մտերիմն է:

 

 

ՆՈՐ ԴԵՄՔ
Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության վերջին նիստում հաստատվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը։ Ըստ այդմ, խորհուրդը նախագահելու է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձեւավորվող կրթության տեսչական մարմնի պետ է նշանակվելու Ալեքսանդր Շագաֆյանը: Ավելին՝ Շագաֆյանին այս պաշտոնին նշանակելու մասին անգամ նախարար Մկրտչյանն է ներկայացրել մասամբ ձեւավորված տեսչական մարմնի անձնակազմին: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ԿԳՆ, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը փոխանցեց, որ այս պահին ոչինչ հայտնի չէ. «Երբ նման նշանակում լինի, այդ մասին կհայտարարվի»: Իսկ մինչ այդ նշենք, որ Շագաֆյանը «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, եւ տարեսկզբին ԿԳՆ-ն այդ ՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել:

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԻՆ-Ի
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի նոյեմբերի 8-ին ԱԻՆ աշխատակից Հարություն Կարապետյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ ՀՀ ԱԻՆ աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը իր՝ գործուղման մեջ գտնվող ժամանակահատվածում կատարած աշխատանքները եւս համարի աշխատանք եւ համապատասխան վճարում կատարի: Ու հիմա գործը մակագրվել է ՀՀ վարչակայն դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին:




Լրահոս