Ոստիկանության շուրջ օղակը գնալով սեղմվում է: Սա հատկապես հոկտեմբերի 23-ին ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի բավական կոշտ քննադատություններից հետո, երբ ի թիվս այլ խնդիրների՝ անդրադարձել էր հետախուզվող անձանց հայտնաբերելու հարցում ոստիկանների ցուցաբերած անգործությանը:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում:…Այդպիսի հետախուզվողները հետագայում ազատվում են, իհարկե, քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կամ ուղղակի դառնում են այլ հանցանքի զոհ: Ընդ որում, այդ անձանց մեծ մասը հետախուզվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման համար, ինչը կրկնակի անընդունելի է եւ շատ վտանգավոր»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Դրանից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը կոլգիտայի նիստում անդրադարձել էր նախաքննական եւ օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներին, թերություններին: Իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ կոլեգիայի նիստում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազները ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, հարուցել են քրեական գործեր, եւ նախաքննությունը հանձնարարել հատուկ քննչական ծառայությանը:
Դատախազությունն իր հաղորդագրության մեջ նաեւ մանրամասներ էր ներկայացրել այդ գործերից: Օրինակ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել քաղաքացուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ հայտարարվել հետախուզում: «Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից եւ նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին: Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու եւ հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով»,- նշված է հաղորդագրության մեջ: Մեկ այլ դեպքում դեռ 2000թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում ավազակության համար հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մի քաղաքացու, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ հետախուզում հայտարարելուց տասը տարի անց՝ 2012թ. դեկտեմբերի 14-ին, այդ քաղաքացին հատել է ՀՀ պետական սահմանը: Մի դեպքում էլ, ըստ գլխավոր դատախազության, 2009թ. ապրիլին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով հետախուզում է հայտարարվել մի քաղաքացու նկատմամբ, ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2015թ. ընթացքում վարույթն իրականացնող մարմնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր՝ նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել, եւ հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը Հայաստան:
Համաձայնեք՝ իրավապահ համակարգում բարձիթողի վիճակ է եւ այն էլ՝ տարիներ շարունակ: Ու պատահական չէ, որ այս ամենի վերաբերյալ ոստիկանությունից երեկ այդպես էլ որեւէ մեկնաբանություն կամ պարզաբանում չեղավ. հավանաբար ասելիք չունեն: Իսկ պատճառաբանությունը, թե այդ դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում, հետեւաբար՝ տվյալ պահին նպատակահարմար չէ խոսելը, հիմնավոր չէ: Հատկապես, երբ հարցը գնալով ավելի ու ավելի մեծ հնչեղություն է ստանում. կոնկրետ դեպքերի վերաբերյալ հնչել են կոնկրետ մեղադրանքներ:
Միայն թե, հետաքրքիր է, ինչո՞ւ այս ամենի մասին որոշվեց խոսել հիմա, երբ տեղի ունեցած դեպքերը նոր չէին: Միգուցե Սերժ Սարգսյանը որոշել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի պաշտոնանկության համար հիմքեր նախապատրաստել: Բայց այդ դեպքում պետք է նկատենք՝ կատարվածի համար պատասխանատվություն են կրում նաեւ նախկին ոստիկանապետերը. հիշեցնենք՝ 1999-2008թթ. ՀՀ ոստիկանապետը Հայկ Հարությունյանն էր, 2008-2011թթ. ոստիկանապետ նշանակվեց Ալիկ Սարգսյանը, իսկ 2011թ. առ այսօր ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է: Բացի այդ՝ հետախուզվողներից մի քանիսը ՀՀ-ից հեռացել է սահմանը հատելու միջոցով, իսկ սահմանապահ ծառայություն իրականացնում է նաեւ ԱԱԾ-ն, որը վերահսկում է «ՍԷԿՏ» համակարգը, ու վերջապես, իրանական կողմին թարգմանված փաստաթղթեր չտալու մեղադրանքների սլաքներն էլ ուղղվում են դեպի ՔԿ: Ամեն դեպքում, ինտրիգը հետաքրքիր է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՊՆ-Ն ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՑ
27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ մեծացման շուրջ բարձրացված աղմուկից եւ քննադատությունից հետո պաշտպանության նախարարությունը նահանջել է եւ որոշել իջեցնել շեմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՊՆ-ն ԱԺ ներկայացված օրինագծով առաջարկում էր յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց տուգանքը սահմանել 500 հազար դրամ, ինչը քննադատվել էր անգամ ՀՀԿ-ականների կողմից: Եվ ահա, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ առկա դժգոհությունը եւս մեկով չավելացնելու ու առկա դժգոհությունը մեղմելու համար պաշտպանության նախարարությունը, քննարկելով հարցը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ նախաձեռնած պատգամավորների հետ, որոշել է յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի դիմաց սահմանել 200 հազար դրամ տուգանք՝ նախկին 30 հազար դրամի փոխարեն: Նկատենք, որ սա եւս մեծ թիվ է, ու, հավանաբար, շատ քչերը կփորձեն օգտվել հնարավորությունից:
ՕՖՇՈՐԱՅԻՆ ԴԵՍՊԱՆԸ
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ում անունը կապվում է օֆշորային սկանդալի հետ, այս տարիներին հասցրել է ճոխ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ դեսպանը երեք բնակարան ունի, մեկ ավտոտնակ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հատ BMW 730 մակնիշի ավտոմեքենա: Բացի այս՝ դեսպանը մեկ ընկերությունում ունի 21 մլն 250 հազար դրամի բաժնետոմս, իսկ երեք ընկերություններում` 80 հազար եվրոյի եւ մոտ 259 հազար դրամի բաժնեմաս: Նրա ունեցած փոխառությունը կազմել է 1.2 մլն դոլար: Դեսպան Տողանյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող ձեռքի ժամացույցների, թանկարժեք քարերի եւ նկարների հավաքածուներ: Նրա դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, 48 մլն ռուսական ռուբլի, 4.9 մլն դոլար եւ 1500 ֆունտ ստեռլինգ: Որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 150 հազար ռուսական ռուբլի: Բացի այս՝ նա վարձակալության դիմաց ստացել է 4800 դոլար, որը նույնպես որպես եկամուտ է հայտարարագրել:
ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ կատարված ծրագրերն է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Եվ չնայած Կարեն Բոթոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, սակայն վարչապետն աղբահանության արդյունքները բավարար չի համարել, եւ որոշվել է, որ կարճ ժամանակ անց կրկին պետք է անդրադարձ կատարվի այդ հարցին: Հիշեցնենք, որ այդ ոլորտում կատարած աշխատանքների առումով վարչապետը դժգոհ էր մնացել նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանից:
ԿԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների եւ գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը: Նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը եւ ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ եւ առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը: Զեկուցվել է նաեւ, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության:
ՉԻ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ Արցախյան խնդրի լուծման ամենալավ ճանապարհը բոլոր երկրների կողմից Արցախի ճանաչումն է: Ըստ նրա՝ ստեղծված բանակցային ձեւաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: «Ի՞նչ անել այս պահին՝ միջազգայնացնել Արցախը՝ ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ միջազգային պետական-կառավարական կազմակերպությունների եւ ծրագրերի մեջ: Միջազգայնացնելով Արցախը՝ մենք հեշտացնում ենք նրա հետագա ճանաչումը»,- ասել է Ա. Աշոտյանը: Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտությունը եղել եւ մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը, սակայն եթե 1988թ. փետրվարին Արցախյան շարժումն աշխարհում դիտվում էր որպես դեմոկրատական շարժում՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի, ապա այժմ աշխարհը փոխվել է, առավել եւս՝ ունի իր սեփական, բազմաթիվ գլխացավերը, աշխարհում փոխվում են հարց լուծողների սերունդները, եւ աշխարհը դարձել է ավելի ցինիկ»,-նկատել է նա:
2.5 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԶՐՈՒՅՑ
Վերջերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ ԱԺ-ն պետբյուջեի հաշվին մոտ 100 հզ. ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները եւ հանձնաժողովի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել: Հրապարակումից հետո armtimes.com-ին տեղեկություններ հասան, որ 2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ է վճարվել: Մեր տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10-ից 12 հազար դրամի սահմանում գումար: