Հայաստան ներկրված հերոինի պատմությունը կարծես թե ավելի խորը արմատներ ունի, քան կարելի էր պատկերացնել: Եվ, առհասարակ, հերոինին առնչվող քրեական գործերը մեր երկրում խորհրդավորության քողով են պատվում: Թե ինչու, դժվար չէ կռահել: Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ վերջին դեպքը:
ՊԵԿ-ը բացահայտեց
Նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան:
Հաղորդագրության համաձայն՝ ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող «DAF» մակնիշի սառնարանային բեռնատարը, որն այնուհետեւ մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում ուղեկցվել է Երեւան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ հերոին:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով:
Կատարվածից երկու ամիս անց
Նկատենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված, չէր թե երբ է Թուրքիայի քաղաքացին փորձել Հայաստան ներկրել «հերոինը», ուստի դատելով իրավիճակից՝ բոլորի մոտ տպավորությունն այնպիսին էր, որ դեպքը եղել է պաշտոնական հաղորդագրությունից մեկ կամ երկու օր առաջ, մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն իրականացրեց, եւ պարզվեց, որ այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականի օգոստոս ամսին, եւ, չգիտես ինչու, ՊԵԿ-ը որոշել է կատարվածի մասին հիմա տեղեկացնել:
Ինչո՞ւ, արդյո՞ք քննության արդյունքները ՊԵԿ-ին չեն բավարարել, դրա համար էլ որոշել են հանրայնացնել բացահայտումը: «Ժողովուրդ» օրաթերթը պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե ինչու են նրանք շուրջ երկուսուկես ամիս առաջ տեղի ունեցած հերիոնի ներկրման փորձի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում նոյեմբերի 1-ին: Ի պատասխան մեր հարցի՝ ՊԵԿ-ից ընդամենը հայտնեցին, որ ընթացակարգով են առաջնորդվել՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Թե ինչու է ընթացակարգը թելադրել, որ 2.5 ամիս անց հայտարարություն տարածեն, այդպես էլ անհայտ մնաց:
ԱԱԾ-ի խորհրդավորությունը
Դիմեցինք նաեւ ազգային անվտանգության ծառայություն՝ հասականալու համար, թե ինչ է արվելու հայտնաբերված հերոինի հետ, եւ ինչ փուլում է գտնվում քրեական գործը: Ի պատասխան մեր հարցադրումների՝ ԱԱԾ-ից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր:
Ու մինչ ԱԱԾ-ն կպատասխանի մեր հարցերին, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ 105 կգ հերոինի գործով նախաքննությունը ավարտական փուլում է: Մոտ օրերս գործով նախաքննությունը կավարտվի, եւ այն կուղարկվի դատարան:
Պաշտպանը՝
բացահայտման մասին
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան հերոին ներկրման համար ամբաստանյալի աթոռին հայտնված Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիին սկզբում հանրային պաշտպան են տրամադրել՝ ի դեմս Դավիթ Մնացականյանի, սակայն նա հրաժարվել է եւ մասնավոր պաշտպան է պահանջել, որն էլ Գարիկ Մալխասյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գարիկ Մալխասյանի հետ:
-Պարո՛ն Մալխասյան, ե՞րբ է բացահայտվել 105 կգ հերոին Հայաստան ներկրելու դեպքը:
-Դեպքը հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, 2, նույնիսկ երկու ամսից մի քիչ ավել է անցել դեպքից:
-Հստակ չե՞ք հիշում օրը:
-Ո՛չ, գործի նյութերը այս պահին ձեռքումս չեն, չեմ կարող հստակ օրը ասել:
-Այսինքն՝ շուրջ 2,5 ամիս է, ինչ ԱԱԾ-ն քննում է այս քրեական գործը:
-Այո, երկու ամիս է, ինչ նախաքննություն է գնում:
-Ֆերդի Օզդեմիրիին ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը:
-Մեղադրանքի հետ կապված, գործի քննության ընթացքի հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել Ձեզ:
-Այս դեպքի մասին հանրությանը հայտնի դարձավ նոյեմբերի 1-ին, միչդեռ այն բացահայտվել է ամիսներ առաջ, Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված:
-Ես տեղյակ չեմ՝ լրատվամիջոցները դեպքի մասին երբ են տեղեկացել, բայց գործը երկու ամիս առաջ է հարուցվել:
-Իսկ ո՞ր փուլում է գտնվում քրեական գործը:
-Կարծում եմ, որ ավարտական:
Այսպիսով՝ մեր՝ վերեւում ներկայացված պնդումը, որ Հայաստանում հերոինի ներկրման դեպքով հարուցված քրեական գործերը խորհրդավորության քողի տակ են պահվում, իրականություն դարձավ նաեւ այս պարագայում:
Անհետացած 77 կգ հերոինն ու բացահայտումը
Սակայն չմոռանանք հերոինի՝ շուրջ 4 տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որի մասով եւս շատ հարցեր մնացին օդից կախված: 2013թ դեկտեմբերին կրկին Մեղրիի անցակետով փորձ էր արվել ներկրել այս անգամ էլ 927 կգ հերոին: Սակայն անցկացված փորձաքննության արդյունքներով` հերոինի քաշը իբր նվազել էր՝ հասնելով 850 կգ-ի: Այս քրեական գործով դատական նիստերին էլ չբացահայտվեց փաստը, թե ինչո՞ւ սկզբում 927 կգ եղած հերոինը վերջում դարձավ 850 կգ, եւ ո՞ւր անհետացավ 77 կգ հերոինը: Միայն հայտնի դարձավ, որ Արարատի ցեմենտի գործարանի վառարանում 850 կգ «հերոինը» ոչնչացվեց:
Հետաքրքիր է՝ այս անգամ հայտնաբերված 105 կգ-ից որքա՞ն կպակասի, եւ, առհասարակ, այս թմրանյութն ի՞նչ ճակատագրի կարժանանա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ
Դատական համակարգում առկա խնդիրների շուրջ բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դատական տեղեկատվական համակարգում ՀՔԾ նախկին քննիչ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արսեն Սարդարյանին 2017 թվականին մակագրվել է շուրջ 146 քրեական գործ, որից ընդամենը 21 քրեական գործն է, որով ինֆորմացիան սահմանափակված չէ, եւ հանրությունը կարող է տեղեկանալ, թե որ գործն ինչ փուլում է գտնվում, երբ է կայացել դատական նիստը եւ այսպես շարունակ: Իսկ ահա 125 քրեական գործը գաղտնի է պահվում՝ կողպեք կա: Նկատենք, որ սովորաբար դատական տեղեկատվական համակարգում գաղտնի են պահվում զինվորական գործերը, բայց սա այդ դեպքը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն սկսեց, եւ պարզվեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին մակագրված գործերն այնքան շատ են, որ դատարանում չեն հասցնում բոլոր գործերի մասին տեղեկությունը տեղադրել դատական տեղեկատվական համակարգում: Դրա համար էլ որոշել են քրեական գործերի դիմաց կողպեք դնել, որը հնարավորություն չի տալիս տեղեկանալու, թե դատավորը ինչ քրեական գործ է քննում, եւ որ փուլում է այն:
15 ՄԵՂԱԴՐՅԱԼ, ՄԵԿ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ
Եվրամիության դրամաշնորհների յուրացման գործով երկրորդ կինն է կալանավորվում: Նոյեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից դրամաշնորհ է հատկացվել «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպությանը, բայց հատկացված գումարը հափշտակվել է: Պարզվել էր, որ ՀԿ նախագահը կազմել է կեղծ փաստաթղթեր՝ ծրագրերի իրականացման վերաբերյալ, դրանք ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ, որոնց հիման վրա ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարի օժանդակությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 300 հազար եվրոյին համարժեք դրամ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագիրն իրականացվել է «Սոսե» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, որի նախագահն է Նելլի Սեդրակյանը: Ու դատելով իրավիճակից՝ ամենայն հավանականությամբ, կալանավորվածը հենց Նելլի Սեդրակյանն է: Այսպիսով՝ 2016 թվականից մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի աթոռին են հայտնվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը, Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Նելլի Սեդրակյանը, իսկ ահա եւս մեկ անձ՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանը, հետախուզման մեջ է: Այսինքն՝ ներկայումս գործով 16 մեղադրյալ կա, որից մեկն է ընդամենը հետախուզման մեջ:
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
Բացահայտվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Պարզվել է, որ Շ. Ս.-ն նույն դպրոցում ձեւակերպված է եղել որպես սոց. մանկավարժ, 2015թ. մայիսից մինչեւ 2016թ. հունիսի վերջ չի հաճախել աշխատանքի, որից շուրջ 4 ամիսը բացակայել է ՀՀ-ից: Սակայն պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, աշխատավարձի ցուցակների հիման վրա կազմված վճարային տեղեկագրերում նրա անվան դիմաց ստորագրել է այլ անձ, եւ տնօրեն Ռ. Ս.-ի կողմից դուրս է գրվել աշխատավարձ ու վատնման եղանակով հափշտակվել: Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն եւ պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում 2017թ. նոյեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ:
ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ ՏԻՄ-ԵՐՈՒՄ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է. «Մենք անսահմանափակ իշխանություն ենք տվել տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենքով ոչ մի մարմին չունի այնպիսի պաշտպանվածություն, որքան ՏԻՄ-երը»: Նրա խոսքով՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնուրույն ծախսել իրենց գումարները, համայնքներում ապահովել աշխատանք: «Վերջին 21 տարիների ընթացքում տեղական իշխանությունները հաստատվել ու կայացել են»,-ասել է նախարարը: Լոքյանի փոխանցմամբ՝ տեղական մարմինների համակարգում բազմաթիվ թերացումներ կան սեփական եկամուտների հավաքագրման, բյուջեների վարման, բազաների անկատարության առումներով: Նա խոստացել է, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում: