Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը։ Ծխախոտի արտահանման ծավալների աճով պայմանավորված` ավելացել են նաեւ պետական բյուջե վճարվող հարկերը:
«Գրանդ Տոբակո» ձեռնարկությունը Հայաստանում համարվում է խոշոր հարկատու: Այս ընկերությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Այս տարվա 9 ամիսների արդյունքներով այդ ընկերությունը պետական բյուջե վճարել է 22 մլրդ 183 մլն 658 հազար դրամ հարկեր: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սիգարետի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունը պետական բյուջե էր վճարել 11 մլրդ 829 մլն 92 հազար դրամի հարկեր: Ճիշտ է՝ ընկերությունը անցած տարվա երրորդ եռամսյակում եւս զբաղեցրել է ցանկի երկրորդ տեղը, բայց այս տարի նախորդ տարվանից ավելի քան 10 մլրդ դրամով ավելացրել են հարկային վճարումները:
Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվում է երեք խոշոր ընկերություն` «Գանդ Տոբակո»-ն, «Ինտերնեշնլ Մասիս Տաբակ»-ը եւ «Մասիս Տոբակո»-ն։ Ինչպես հայտնի է` երեքն էլ «Գրանդ Հոլդինգ»-ի մաս են կազմում։ Եթե նշված ընկերությունների պետական բյուջե վճարվող հարկերը իրար գումարենք, ապա կստացվի, որ «Գրանդ Հոլդինգն» այսպիսով դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն, որի մեջ է մտնում նաեւ «Գրանդ քենդի» ընկերությունը, որն անցած ինն ամիսների արդյունքներով 3 միլիարդ 744 մլն դրամի հարկեր է վճարել եւ խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը: «Գրանդ Հոլդինգի» մեջ մտնող միայն վերը նշված չորս ընկերություններն անցած ինն ամիսների արդյունքներով պետբյուջե են վճարել 34 միլիարդ 524 մլն դրամի հարկեր: Սա այն դեպքում, երբ խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ինն ամիսների արդյունքներով 32 միլիարդ 254 մլն դրամի հարկեր է վճարել:
Ակնհայտ է, որ ծխախոտ արտադրող ընկերություններ հարկային վճարումներն ավելացրել են հատկապես արտահանման ծավալների ավելացման հաշվին: Պաշտոնական փաստաթղթերը եւս փաստում են, որ Հայաստանից սիգարետի արտահանման ծավալները կտրուկ աճել են: Միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից արտահանվել է 110 մլն 290 հազար 700 դոլարի սիգարետ, նախորդ տարվա 87 մլն 478 հազար 900 դոլարի դիմաց: Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 11 մլն 72 հազար 900 հատիկ սիգարետ, նախորդ տարվա 8 մլն 387 հազար 200 հատիկի դիմաց: Եթե նույն դինամիկան պահպանվել է, ապա ընկերությունը 9 ամիսների արդյունքներով Հայաստանից 160-170 մլն դոլարի սիգարետ է արտահանել:
Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը շարունակում է մնալ Իրաքը, այդ երկիր առաջին կիսամյակում արտահանվել է 56 մլն 406 հազար 600 դոլարի սիգարետ: Ի դեպ, անցած տարվա համեմատ ՀՀ-ից դեպի Իրաք արտահանման ծավալները նվազել են: Փոխարենն այս տարի աճել են Հայաստանից դեպի Սիրիա սիգարետի արտահանման ծավալները: Եթե անցած տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից դեպի Սիրիա արտահանվել էր 12 մլն 169 հազար 400 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ երկիր է արտահանվել 19 մլն 738 հազար 500 դոլարի ծխախոտ:
Հայկական ծխախոտի խոշոր խմբաքանակ է արտահանվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններ: Դեպի այս երկիր սիգարետի արտահանումն անցած տարվա համեմատ աճել է շուրջ յոթ անգամ: Անցած տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից դեպի ԱՄԷ արտահանվել է 3 մլն 807 հազար 900 դոլարի սիգարետ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 24 մլն 682 հազար 600 դոլարի:
Նկատենք, որ ավելացել են նաեւ ՀՀ-ից դեպի Ճապոնիա սիգարետի արտահանման ծավալները: Անցած տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից դեպի Ճապոնիա արտահանվել էր 48 հազար 400 դոլարի սիգարետ, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 219 հազար 300 դոլարի: Ուկրաինա արտահանվել է 652 հազար 600 դոլարի սիգարետ, նախորդ տարվա 184 հազար դոլարի դիմաց: Դեպի Վրաստան եւս արտահանման ծավալները ավելացել են. այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 5 մլն 299 հազար 400 դոլարի սիգարետ, նախորդ տարվա` 2 մլն 606 հազար 100 դոլարի դիմաց:
Երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իշխանությունները խոստումներ տվեցին, որ տեղացի արտադրողները կմեծացնեն արտահանման ծավալները։ Սակայն հայկական ծխախոտի արտահանման համար ԵԱՏՄ-ին անդամակցելը այնքան էլ դրական արդյունք չունեցավ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ` Բելառուս, Ղազախստան եւ Ղըղզստան, ոչ անցած ու ոչ էլ այս տարի ոչ մի հատիկ սիգարետ չի արտահանվել: Իսկ ՀՀ-ից դեպի ՌԴ ծխախոտի արտահանումը գնալով նվազում է: Եթե անցած տարի Հայաստանից դեպի ՌԴ արտահանվել էր 2 մլն 10 հազար 700 դոլարի սիգարետ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 75 հազար 600 դոլար: ԵԱՏՄ-ին անդամակցելը ոչնչով չօգնեց Հայաստանի արդյունաբերության չկայացած ձեռնարկություններին եւ որեւէ կերպ չնպաստեց նրանց զարգացմանը: Պարզվում է՝ ԵԱՏՄ նույնքան էլ անիմաստ է մեր երկրի կայացած ձեռնարկությունների համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ