Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր կայանալու է Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երեկ արդեն մեկնել է Բելգիայի Թագավորություն: Բրյուսելում կայացած Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթնաժողովը խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթնաժողովից եւ 2016թ. նախարարական հանդիպումից հետո եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը:
Ըստ այդմ, սահմանված են 20 առաջնահերթ նպատակներ, սակայն ԱԼԳ 6 երկրներից յուրաքանչյուրի հետ Եվրամիությունն ունի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից բաղկացած առանձնահատուկ օրակարգ: Արեւելյան գագաթնաժողովը տեւելու է մեկ օր, եւ ինչպես հայտնի է՝ նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Սակայն այս առումով անորոշությունը դեռեւս պահպանվում է:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի: Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին: Նման պահվածքի պատճառն Ադրբեջանն է: Բանն այն է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԵՄ անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող պարբերությունից: Բանն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագրի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատվածի առնչությամբ մեկը մյուսին ակնհայտորեն հակասող ձեւակերպումներ են առաջարկում:
Ընդ որում, այս հարցերում ԵՄ-ն իսկապես մտահոգ է: Բոլորը հիշում են երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով հռչակագրի ընդունումը նույնիսկ հայտնվել էր տապալման եզրին: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չէր կարողացել առաջ տանել Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող իր նախընտրած ձեւակերպումները եւ հրաժարվել էր գագաթնաժողովին մասնակցել: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էլ երկար ժամանակ չէր ստորագրում հռչակագիրը, նույնիսկ լքել էր նիստերի դահլիճը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չկարողացավ հստակ ասել՝ ի վերջո, համաձայնագիրը կստորագրվի՞, թե՞ ոչ: «Եկեք, այս մեկ օրն էլ սպասենք, մեկ օր է մնացել, բոլոր հարցերի պատասխանը կլինի: Ինքնին համաձայնագիրը պարունակում է դրույթ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, եւ այդ ստորագրումն ապագայում նման հարցեր կհանի»,- նկատեց Շավարշ Քոչարյան: