«ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում անդրադարձել էին «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրենի մրցույթին, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին: Այդ մրցույթում միաձայն հաղթել էր քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը, որը ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, եւ նրա մեղադրանքով քրեական գործը ներկայումս քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Իհարկե, քանի դեռ չկա անձին դատապարտող դատավճիռ, տվյալ մարդը համարվում է անմեղ: Ուստի Վարդան Գեւորգյանի կողմից տնօրենի մրցույթին մասնակցելը իրավական տեսանկյունից խնդիր չի առաջացնում:
Այս դեպքում խնդիրը մրցութային հանձնաժողովն է: Մարդիկ առանց կաշկանդվելու քոլեջի տնօրենի պաշտոնում հաստատել են մի մարդու, որը բացառված չէ, որ առաջիկայում պաշտոնեական դիրքի չարաշահման համար կարող է դատապարտվել: Նման վերաբերմունքը կրթօջախի ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձի ընտրության նկատմամբ, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս մտահոգություն հայտնեց, որ խորհուրդները հաճախ ազատ չեն եւ գտնվում են ինչ-որ անձանց ազդեցության տակ:
-Դիլիջանի պետական բժշկական քոլեջում օրեր առաջ մրցութային խորհուրդը տնօրեն է ընտրել գործող տնօրենին՝ Վարդան Գեւորգյանին, ով ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ինչպե՞ս է նման բան հնարավոր:
-Մեզ համար իսկապես խնդիր են խորհուրդները: Հիմա կառավարություն ենք ներկայացնում նոր կարգը: Այժմ խորհուրդներն իրավասու են ցանկացած լիցենզիա ունեցող մարդու, որը բաց մրցույթով դիմել է, ընտրեն:
Ձեր ասածի պարագայում, եթե քրեական գործ է առկա, մինչեւ որեւէ ձեւ մեղադրանք չի հաստատվում, նա անմեղ է: Եթե մեղադրանքի արդյունքում կալանքի խնդիր է լինում, արդեն դատախազությունը դիմում է նախարարությանը, եւ դադարեցվում են նրա լիազորությունները: Մարդը, եթե անգամ քրեական գործ է հարուցված, բայց չի կալանավորվում, նա մինչեւ դատավճռի կայացումն անմեղ է:
-Որքանո՞վ են դպրոցների այդ խորհուրդներն ազատ գործում: Ովքե՞ր են ընդգրկված դրանց կազմում:
-Իմ անձնական տպավորությամբ դպրոցական խորհուրդները, որոնք հիմա ձեւավորված են, կարիք ունեն արմատական բարեփոխման: Դպրոցի տնօրենը պետք է ունենա ավելի մեծ պատասխանատվություն, եւ ընտրվելու ձեւաչափն այս խորհուրդների միջոցով պետք է փոփոխել: Սա իմ մոտեցումն է, եւ մենք բարեփոխումներն իրականացնում ենք:
Այսօրվա խորհուրդներն այնքան թույլ են, որ հաճախ կարող է ընկնեն համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի, ԲՈՒՀ-ի ազդեցության տակ, եւ, ասենք, մեկ կամ երկու հոգին, որ նախարարությունը կամ մարզպետարանն ունենում է, անգամ չեն կարողանում խնդիրը լուծել: Եվ մենք անգամ ունենք փաստ, որ, ցավոք սրտի, ժառանգականության որոշակի սկզբունք է ներդրվել, որը հիմա արդեն մեծ էներգիա ենք ծախսում ջարդելու համար:
Դրա համար պետք է արմատապես փոխվի այդ կառավարման համակարգը: Դա դրել ենք արդեն իբրեւ խնդիր: Խորհուրդները երբեմն ազատ են, երբեմն անձնական շահերով են առաջնորդվում, այսինքն՝ մեխանիզմը պետք է փոխվի: Խնդիրն այն է, որ մենք ժամանակին եվրոպական չափանիշներով ենք ընտրել խորհուրդները, կան ներկայացուցիչներ ե՛ւ մարզպետարանից, ե՛ւ նախարարությունից, ե՛ւ համայնքից, ե՛ւ ծնող, ե՛ւ ուսուցիչ: Սակայն ես կարծում եմ, որ դա պետք է շատ անկախ միավոր լինի:
-Ձեր կողմից կառավարությանը ներկայացված կարգն ի՞նչ է իրենից ենթադրում:
-Մենք բավականին լուրջ փոփոխություններ ենք նախատեսում: «Ուսուցիչ» ծրագիրը, որի մասին մենք խոսում ենք, ամենակարեւոր հատկություններից մեկը դպրոցների կառավարման նոր մեխանիզմի ներդրումն է, ֆինանսավորման նոր մեխանիզմը, որովհետեւ իրար հետ կոմպլեքս կապ ունեն:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը