Եթե քաղաքացին գիտակցեց, ձեռնպահ կմնա կաշառք տալուց. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում փաստաբանների կալանավորման եւ նրանց կաշառքի մասով մեղադրանք առաջադրելու դեպքերին, ասաց. «Այս դեպքերը պետք է հաղորդագրություն լինեն դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին եւ ոստիկաններին՝ հեռու մնալ կոռուպցիոն սխեմաներից»:

Հիշեցնենք, որ 2016 թվականին կաշառք վերցնելու համար կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, իսկ ահա կաշառքի միջնորդության համար մեղադրանք առաջադրվեց նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանին: Սեպտեմբերի 17-ին հատուկ քննչական ծառայությունում կաշառքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կալանավորվեց փաստաբան Գայանե Գուլոյանը:

Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կաշառքի միջնորդության գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել փաստաբան Էդվարդ Չինարյանը: Եվ վերջին դեպքը՝ նոյեմբերի 20-ին, կաշառքի միջնորդության գործով կրկին ՀՔԾ-ի կողմից կալանավորվեց փաստաբան Վաղինակ Աթոյանը, որի նկատմամբ երեկ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Փաստաբանների շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:

-Պարո՛ն Զոհրաբյան, արդեն չորրորդ փաստաբանն է մեղադրյալի աթոռին հայտնվել: Պատճառը կաշառքի միջնորդությունն է, որպեսզի իրենց պաշտպանյալին մեղմ պատիժ նշանակեն: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:

-ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի համաձայն՝ անձն անմեղ է, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի հաստատվել նրա մեղավորությունը: 2017թ. կաշառքին առնչվող երեք տարբեր քրեական գործերն առնչվում են երեք փաստաբանի հետ: Նշված փաստաբանների առնչությամբ քրեական գործերը դեռ չեն ավարտվել, հետեւապես չի կարելի ասել, որ նրանք հանցագործություն են կատարել: Իմ տեղեկություններով՝ մեկ գործն արդեն դատարանում է, իսկ մյուս երկու գործերը գտնվում են նախաքննության փուլում:

-Փաստ է, որ արդեն 4-րդ փաստաբանն է նման կոռուպցիոն դրսեւորման գնում, ինչի՞ հետեւանք կարող է լինել այս ամենը:

-Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են: Մենք կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից ունենք «ականներ» փաստաբանի վարքագծի կանոնագրքում, օրինակ՝ եթե փաստաբանը երաշխավորում է գործի ելքը, ապա դա հիմք է՝ արտոնագիրը դադարեցնելու համար: Փաստաբանական դպրոցում դասընթացների ժամանակ պարզաբանում ենք կոռուպցիոն երեւույթների վնասակար հետեւանքները:

Այն ոչ միայն քրեաիրավական հետեւանքներով է վնաս տալիս, այլ նաեւ ոչնչացնում է փաստաբանի մասնագիտությունը: Հեշտ գումար աշխատելու ճանապարհն ընտրած մասնագետն այլեւս չի կարդալու գործի նյութերը, օրենսդրությունը, հետեւապես չի կատարելագործելու իր գիտելիքները, ինչն ի վերջո հանգեցնելու է նրա՝ որպես մասնագետի որակի անկմանը: Կոռուպցիայի պատճառները կապված են մարդու իրավագիտակցության մակարդակի, սոցիալական վիճակի եւ այլ հանգամանքների հետ:

Այս տեսակետից պետք է բարելավել դատավորների նյութական պայմանները, իրազեկման աշխատանքներ կատարել քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց շրջանակում: Պարզ է, որ կաշառքն առաջանում է պահանջարկի եւ առաջարկի միաժամանակյա առկայության դեպքում: Հետեւաբար պետք է թիրախավորել երկուսն էլ: Եթե քաղաքացին գիտակցեց կաշառք տալու հետեւանքները եւ հասարակության բացասական վերաբերմունքը, ապա ձեռնպահ կմնա կաշառք տալուց:

Եթե դատավորը գիտակցեց կաշառք վերցնելու իրավական հետեւանքները, այդ հարցում իր խոցելի լինելը եւ ամբողջ պետական համակարգի ու հասարակության բացասական վերաբերմունքը, ապա չի համաձայնի կաշառք վերցնել: Առաջարկի կամ պահանջարկի բացակայությունն արդեն կբացառի կաշառքի գործարքը՝ մյուս դերակատարներով հանդերձ:

-Այս գործընթացի տակ ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

-Տեսնում եմ իրավապահ մարմինների հետեւողական աշխատանքը կոռուպցիոն երեւույթները վերացնելու հարցում: Այս դեպքերը պետք է հաղորդագրություն լինեն դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին եւ ոստիկաններին հեռու մնալ կոռուպցիոն սխեմաներից:

Քնար Մանուկյան




Լրահոս