Բնակիչներն ահազանգում են. ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ն չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։ Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ իրենց ծախսերը հանելու համար։

Հիմա առեւտրային քանակ չի համարվում մինչեւ 5 կգ-ն, դրանից ավելին մաքսազերծման ենթակա է։ Եվ սա հարուցել է մարդկանց դժգոհությունը։ ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ինչու է շեմն իջեցվել։ Պարզվեց՝ պատճառը ԵԱՏՄ-ն է։ «Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման՝ վերոհիշյալ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչեւ 5 կգ-ի Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել՝ առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին ՊԵԿ-ից։

Հետեւաբար, ըստ ՊԵԿ-ի, անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5 կգ-ից ավելի խնդրո առարկա մանդարինի՝ «ենթակարանտինային արտադրանքի» ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն բուսասանիտարական հավաստագիր ունենալու եւ այն ՀՀ մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքում: Այնպես որ՝ եթե պատրաստվում եք գնալ Վրաստան եւ մանդարին գնել, որտեղ այն արժե մոտ 110 դրամ՝ 1 կգ-ի համար, 5 կգ-ից ավելի գնելու դեպքում պետք է դիմեք բուսասանիտարիայի ծառայություն՝ հավաստագիր ստանալու համար»:

Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս