Ձվի գինը շարունակում է բարձր մնալ. որն է թանկացման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը շարունակում է բարձր մնալ: Երեկվա դրությամբ խանութներում ձվի գինը սկսվում էր 70 դրամից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձվի շուկայում ստեղծված իրավիճակի պատճառը եղել է այն, որ որոշ տնտեսվարողներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ձուն ներկրելու հայտ են ներկայացրել: Ամանորի տոների շրջանում, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել:

Ինչեւէ: ՍԱՊԾ-ն չի բավարարել տնտեսվարողների` ձու ներկրելու վերաբերյալ հայտերը: Այս քայլն անմիջապես իր արձագանքն է գտել ձվի շուկայում՝ ձվի գնի բարձրացման տեսքով: Նույնիսկ նշվում է, թե իբր ներկայումս արդեն իսկ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել, եւ նոյեմբերի պահանջարկը եւս ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվեր: Իսկ թե ինչ տեղի կունենա Ամանորի նախաշեմին, դժվար չէ կռահել:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ տնտեսվարողները այս շաբաթ են դիմել ձու ներկրելու թույլտվության համար: «Այն տնտեսվարողները, որոնք բավարարում են թե՛ ՀՀ օրենսդրությանը, թե՛ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ընթացակարգերին եւ պահանջներին, անարգել կարող են ՀՀ ներկրել իրենց ուղեբեռը:

Այն է` ունենալ անվտանգություն հավաստող փաստաթղթեր, հայերեն մակնշում եւ գրանցված լինել երկու ռեեստերներում: ՍԱՊԾ պետական սահմանային այս կամ այն ուղեբեռը ներմուծելու թույլտվություն տալիս է՝ բացառապես հիմնվելով օրենսդրությամբ սահմանված պահանջների եւ իր լիազորությունների վրա»,- փոխանցեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանը:

«Ժողովուրդ»-ին ՍԱՊԾ-ից նաեւ հայտնեցին, որ մի քանի հայտ չի բավարարվել, որովհետեւ գրանցված չեն եղել ռեեստերներում կամ անասնահամաճարակային իրավիճակով պայմանավորված (թռչնագրիպով գրանցված տարածքից): Նաեւ հավելեցին, որ ձվի մեկ խմբաքանակ արդեն իսկ ներկրվել է Հայաստան, իսկ 4 տնտեսվարողներ էլ ստացել են ձու ներկրելու թույլտվություն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս