Պետք է ուշադրություն դարձնեն անդրսահմանային հիմնահարցերին. ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 52

Համագործակցությունը պետք է խթանի ներպետական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները՝ կապված՝
ա) կլիմայի փոփոխության մեղմացման,
բ) կլիմայի փոփոխությանը հարմարեցման,
գ) կլիմայի փոփոխությունը հասցեագրելու շուկայական եւ ոչ շուկայական մեխանիզմի,
դ) նոր, անվտանգ, կայուն եւ հարմարեցված նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների ուսումնասիրության, մշակման, ցուցադրման, տեղաբաշխման, փոխանցման ու տարածման,
ե) դեպի ընդհանուր եւ ոլորտային քաղաքականություններ կլիմայի հարցերով դիտարկումների ուղղորդման, եւ
զ) իրազեկության բարձրացման, կրթության եւ վերապատրաստման հետ։

ՀՈԴՎԱԾ 53

1. Կողմերը, ի թիվս այլնի, պետք է՝
ա) փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը,
բ) ավելի մաքուր եւ շրջակա միջավայրի համար բարենպաստ տեխնոլոգիաների վերաբերյալ իրականացնեն համատեղ ուսումնասիրություններ եւ տեղեկությունների փոխանակում,
գ) տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով իրականացնեն համատեղ գործունեություն, այդ թվում՝ Կողմերի վավերացրած բնապահպանական բազմակողմ այնպիսի համաձայնագրերի մասով, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության 1992 թվականի՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ-ի ԿՓՇԿ) եւ 2015 թվականի Փարիզյան համաձայնագիրը, եւ անհրաժեշտության դեպքում համատեղ գործունեություն իրականացնեն համապատասխան գործակալությունների շրջանակներում։
2. Կողմերը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն անդրսահմանային հիմնահարցերին եւ տարածաշրջանային համագործակցությանը։

ՀՈԴՎԱԾ 54

Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի իրականացման միջոցառումները՝ սույն Համաձայնագրով սահմանված սկզբունքներին համապատասխան,
բ) կլիմայի փոփոխությանն առնչվող արդյունավետ գործողություններ ձեռնարկելու նպատակով կարողությունների շրջանակի ընդլայնմանն ուղղված միջոցառումները,
գ) կլիմայի փոփոխության երկարաժամկետ մեղմացման եւ դրան հարմարեցման համար կլիմային առնչվող ընդհանուր ռազմավարության եւ գործողությունների պլանի մշակումը,
դ) խոցելիության եւ հարմարեցման գնահատումների մշակումը,
ե) ցածր ածխածնային զարգացման պլանի մշակումը,
զ) կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումների մշակումն ու իրականացումը՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաները հասցեագրելու միջոցով,
է) ածխածնի արտանետումների քվոտաների վաճառքի միջոցառումները,
ը) տեխնոլոգիաների փոխանցման գործընթացի խթանմանն ուղղված միջոցառումները,
թ) կլիմայի հարցերով դիտարկումները դեպի ոլորտային քաղաքականություններ ուղղորդելուն միտված միջոցառումները, եւ
ժ) օզոնային շերտը քայքայող նյութերին եւ ֆտոր պարունակող գազերին առնչվող միջոցառումները։

ՀՈԴՎԱԾ 55

Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։

ՀՈԴՎԱԾ 56

Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ IV հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։

ԳԼՈՒԽ 5

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 57
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը արդյունաբերական եւ ձեռնարկատիրական քաղաքականության շուրջ՝ դրանով բարելավելով գործարար միջավայրը բոլոր տնտեսական օպերատորների համար, սակայն առանձնահատուկ շեշտադրելով փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ-ներ)։ Ընդլայնված համագործակցությամբ պետք է բարելավվի վարչական եւ կարգավորիչ իրավական դաշտը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միությունում գործող՝ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության բիզնես գործունեությունների համար, եւ դա պետք է հիմնվի Եվրոպական միության ՓՄՁ-ների եւ արդյունաբերական քաղաքականությունների վրա՝ հաշվի առնելով այդ ոլորտում միջազգայնորեն ընդունված սկզբունքներն ու փորձը։

ՀՈԴՎԱԾ 58
Կողմերը պետք է համագործակցեն՝ հետեւյալ նպատակներով՝
ա) Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների հիման վրա ՓՄՁ-ների զարգացման համար ռազմավարությունների իրականացում եւ իրականացման գործընթացի մոնիթորինգ՝ կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնելու եւ երկխոսություն անցկացնելու միջոցով։ Այդ համագործակցությունը պետք է նաեւ կենտրոնացած լինի միկրո- եւ արհեստագործակցական ձեռնարկատիրության վրա, որոնք չափազանց կարեւոր են թե՛ Եվրոպական միության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության տնտեսությունների համար.
բ) տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման միջոցով ծրագրային ավելի լավ պայմանների ստեղծում՝ դրանով նպաստելով բարելավված մրցունակությանը։ Այդ համագործակցությունը պետք է ներառի կառուցվածքային փոփոխությունների (վերակազմավորման) կառավարումը եւ բնապահպանական ու էներգետիկ այնպիսի հարցեր, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը եւ ավելի մաքուր արտադրությունը.
գ) կարգավորումների ու կարգավորիչ գործունեության պարզեցում եւ ռացիոնալացում՝ կարգավորիչ միջոցներին, այդ թվում՝ Եվրոպական միության սկզբունքներին առնչվող պատշաճ գործելակերպի փոխանակման առանձնահատուկ շեշտադրմամբ.
դ) նորարարական քաղաքականության զարգացման խրախուսում՝ գիտահետազոտական եւ նախագծային աշխատանքների առեւտրայնացմանն առնչվող (այդ թվում՝ տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսի մեկնարկի համար օժանդակ փաստաթղթերը) տեղեկությունների եւ պատշաճ գործելակերպի փոխանակման, կլաստերի զարգացման եւ ֆինանսների հասանելիության միջոցով:

Շարունակելի…




Լրահոս