Նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09:55-ին, ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Գառնիկ Բորիսի Պետրոսյանի դին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական քննության տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Գառնիկ Պետրոսյանը 24.11.2017թ.՝ ժամը 09:30-ի սահմաններում, դիմել է զորամասի բուժկետ՝ գանգատվելով կրծքավանդակի հատվածում սեղմոցից:
Զորամասի բուժկետից Գ.Պետրոսյանն ուղեգրվել է ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային զինհոսպիտալ, սակայն վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ըստ նախնական ախտորոշման՝ Գ.Պետրոսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: