Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկեց «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության անդամ-պետությունների 7-րդ հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում նոյեմբերի 27-ին կայացան Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամների ընտրությունները: 6 թափուր տեղերի համար իրենց թեկնածությունն էին ներկայացրել 10 պետություններ: Քվեարկության արդյունքում ընտրվեցին հետևյալ անդամները` Իտալիա (48 ձայն), Հայաստան (44), Կամբոջա (43), Ճապոնիա (42), Էլ Սալվադոր (39), Եգիպտոս (32): Հետևապես, Հայաստանը վերընտրվեց 2017-2021թթ. ժամանակահատվածի համար:

Տեղեկանք: 1954թ. Կոնվենցիային կից Երկրորդ արձանագրության շրջանակներում գործող կոմիտեն ունի 12 անդամ:

Հայաստանը դարձել է Կոմիտեի անդամ 2013 թվականին:

Կոմիտեի հիմնական գործառույթներից է Երկրորդ արձանագրության իրականացման համար ղեկավար ցուցումների մշակումը, վերջինիս իրականացման գործընթացի վերահսկումը, անդամ երկրների պարբերական զեկույցների քննարկումը, ինչպես նաև մշակութային արժեքների համար ուժեղացված պաշտպանության կարգավիճակի տրամադրումը:




Լրահոս