Աշտարակի երիտասարդ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը որդեգրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործելաոճը: Նա եւս չի դադարում պետական միջոցները ծախսել՝ օրինակ՝ գերթանկարժեք նստարաններ ձեռք բերելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան է ձեռք բերել, որի յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:
«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման, ԱԿ-ն իշխանության մաս կազմող ՀՅԴ-ինն է. հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Կ. Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ ընկերության հիմնադիրներից Վ. Վարդանյանը քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ հենց աշխատել է Կ. Գեւորգյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետարանը այս օգոստոսին էլ 25 հատ թուջե ձուլվածքով նստարան էր գնել. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ։ Միայն 25 հատ նստարանի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ։