ՖՈՏՈ. 50 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն:

Մինչև համալիրի հիմնական մաս հասնելը, այցելուները անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են քաղաքների անուններ: 1996թ-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության:

Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն: 1988-1990թթ. Հայոց Մեծ Եղեռնի Հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի:

1995թ. Մեծ Եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան): Այսօր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գործում է որպես գիտահետազոտական կենտրոն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգում:

Հուշահամալիրի կառուցումը

Խորհրդային իշխանության օրոք, երբ բացարձակապես մերժված ու անընդունելի էր որևէ ազգային գաղափարախոսություն, պարտադրված լռության էր մատնված նաև Հայոց ցեղասպանության հիշատակումն ու զոհերի հիշատակի ոգեկոչումը:

1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:

Այստեղ անգնահատելի է հատկապես Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի կատարած աշխատանքը, ով ջանք չխնայեց Մոսկվային համոզելու դրա անհրաժեշտության մասին:

Մինչև հուշահամալիրի կառուցումը, հայ ժողավուրդը Հայոց ցեղասպանության զոհերին իր հարգանքի տուրքը մատուցում էր` այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, իսկ 1967թ. ի վեր մարդկանց բազմահազարանոց թափորը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

1965թ. ապրիլին հայտարարվեց համազգային մրցույթ` կոթողի լավագույն նախագծի համար: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու նրա անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան` ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ Եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»:

Մրցույթին մասնակցեցին ինչպես տեղացի, այնպես էլ սփյուռքահայ ճարտարապետների հեղինակած 69 նախագծեր` («Ժայռ», «Փյունիկ», «Մուշ», «Ղողանջ», «Կրակ», «Կարմիր ծաղիկ» և այլ ծածկագրերով):

Ընտրվեց «ՀՍՍՌ Դրոշակ» ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը: Ճարտարապետներից յուրաքանչյուրը պարգևատրվեց 100-ական ռուբլով: Կառույցի վայրն ընտրել էին հեղինակները: Շինարարության ժամանակ բազալտե հիմքի մեջ հայտնաբերվեցին բրոնզեդարյան մշակույթի առարկաներ: Շինարարության ֆինանսավորումը կազմեց 400 հազար ռուբլի, կառուցում էր «Երքիմշինտրեստը », անմիջական ղեկավարն էր շինարար Արտավազդ Օրդուխանյանը:

Կոթողի բացումը, որը տեղի ունեցավ 1967թ. նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը, վերածվեց քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության: Հազարավոր մարդկանց թվում Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավարները` Ա. Քոչինյանը, Ն. Հարությունյանը, Գ. Տեր-Ղազարյանը, Ռ. Խաչատրյանը, Լ. Ղարիբջանյանը: Սգո երթը հուշահամալիր շարունակվեց մինչև ուշ գիշեր:

1967թ. սկսած` ամեն տարի, ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. նրանց թիվը տարեցտարի ավելանում է:




Լրահոս