Ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն հասավ կրթության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը (ԿՌՈՒ)` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:

Բանն այն է, որ այս տարվա մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, եւ ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել:

Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

-Պարո՛ն Արամյան, ազգային պատկերասրահի եւ նախարարության վեճը հասել է դատարան, Ազգային պատկերասրահը դատարանի միջոցով է փորձում հասնել արդարության, ի՞նչ կասեք այս մասին:

-Դժվարանում եմ ասել, ես չէի ասի, որ այստեղ արդարության խնդիրն է: Հնարավոր է, որ լինեն տարբեր տեսակետներ, դա նորմալ է, երբ լինում է ակտ եւ բանավեճ: Բայց իրականում ակտի վերաբերյալ ստորագրվել է, առանց ստիպողաբար է ստորագրվել:

Ուզում եմ՝ այս բանը բոլորի համար շատ պարզ լինի. ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունը մեկ մանդատ ունի, նա պատժող գործիք չունի, նա պատժող չէ, ինքը գնում է բյուջետային կանոնների հետեւից, ինքը գնահատականը չի տալիս, թե այս ծրագիրը արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ, սա վերահսկիչ պալատի գործառույթն է: Նա ուղղակի ունի հստակ նախագծված կանոններ, բյուջետային գործընթացներ, թե ինչպես պետք է ծրագրվի յուրաքանչյուր դրամը, եւ ինչպես պետք է ծախսվի, եւ նա արձանագրում է, թե այս ամբողջ կանոններին հետեւե՞լ են, թե՞ ոչ: Հիմա ինչ ունենք պատկերասրահում… դիտարկվել են, որ բյուջետային կանոնների խախտում կա:

-Կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ կանոն են խախատել:

-Ասենք, վարձավճարներ պետք է հավաքեր այն օպերատորներից, որոնց թույլատրել են իրենց կառույցի տանիքում կամ իրենց կառույցի որեւէ մեկ այլ տեղում մի սարք տեղադրեն: Կառավարությունը սահմանել է վարձավճարների օգտագործման կարգ, թե ինչպես է պետք ցանկացած ՊՈԱԿ որոշակի կարգով ծախսի այդ գումարը, եւ այդ կարգը խախտվել է:

Հիմա մենք ասում ենք՝ եղբա՛յր, դու կարգը խախտել ես եւ այն գումարը, որ դու ծախսել ես, մենք չենք ասում, որ դու ծախսել ես ու գնացել, ինչ-որ ավտոմեքենա ես գնել, դրա մասին չէ խոսքը, ՊՈԱԿ-ի կարիքների համար է ծախսվել, բայց որպեսզի նա կարողանար այդ իրավունքը ունենար, պետք է համապատասխան գործընթաց անցներ:

-Այսինքն՝ ՊՈԱԿ-ը համապատասխան գործընթացը չէ՞ր անցել:

-Այո՛, իրենք չեն իրականացրել, ու խոսքը նման այլ բաների մասին է: Ինչի ենք մենք ուզում այս ամենով հասնենք՝ կարգապահության:

-Կա՞ն այնպիսի գերատեսչություններ, որոնք եւս նման խախտումներ են արել, կամ այլ խախտումներ եք հայտնաբերել, կնշեք կոնկրետ:

-Իհարկե, կան, օրինակ՝ մենք նայել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությանը, նորից եմ կրկնում՝ ոչ թե միտումնավոր մտադրված քայլ են արել, այլ գործընթացների մեջ կարգեր են խախտել: Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում արձանագրել ենք, որ պրոբլեմը կառավարության որոշման մեջ է եղել, որը ընդունված է եղել 2004 թվականին եւ դրանից հետո չի թարմացվել, բայց այսօրվա դրությամբ բավականին շատ բան է փոխվել:

Ասենք՝ օրապահիկի համար դու չես կարող 4000 դրամով որեւիցե հյուրանոցում սպորտսմեններին տանես եւ կարողանաս տեղափորել, հնարավոր չէ, դա անհեթեթություն է:

-Այլ որտե՞ղ եք խախտումներ գտել:

-Գնացել ենք մարզպետարաններ, մարզպետարանների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներ: Հիմա կրթության ոլորտ ենք մուտք գործել, այնտեղ ենք նայում: Օրինակ՝ այդ վերահսկողության արդյունքում մեկ բան ծնվեց, որ 2013 թվականից հետո, երբ կառավարության որոշում էր կայացվել՝ նոր եկամտային հարկի մուտքի հետ կապված, պետք է ճշգրտումներ կատարվեր, համատարած թերացումներ էր կատարվել, եւ այդ ճշգրտումները ճիշտ չէին արել, որը հետեւանքներ էր առաջացրել՝ սխալ ծրագրավորման, սխալ իրականացման, եւ հիմա մենք ասում ենք՝ հետ բերեք, եւ արդյունքում հիմա այդ գումարները վերականգնվում են:
Օրինակ՝ մեկ այլ կառույցում մարդիկ գնացել են գործուղումների, գնացել են այլ ձեւաչափով, բայց այդ մարդը գնացել է այն ծրագրի համար, որը անհրաժեշտ է եղել պետության համար:

Բայց ինքը իրականում պետք է գնար վարչապետի որոշումից հետո, գործընթացը մեկ այլ ձեւաչափ է սահմանում, սխալ են արել, եւ դա հանգեցրել է որոշակի գումարների, որ ոչ թե վերականգնման ենթակա է, այլ ճիշտ պետք է հետագայում ծախսել:

Ուստի որպեսզի գործընթացը ճիշտ իրականացնեն, պետք է գնան, կառավարությունով պպտվեն, նոր գնան գործուղում: Այսինքն՝ ոչ խնդիր է եղել, որ այդ գործուղումը անհրաժեշտ էր, թե անհրաժեշտ չէր, քանի որ այն իրականում կապված էր այն ծրագրի հետ, որը հաստատել էր կառավարությունը, եւ երկրորդը՝ այդ գումարը պետք է հետ վերականգնվեր:

Պատկերացրեք՝ պետական ծառայողին ոչ իր կամքով ասում ենք՝ գնա, այս միջոցառմանը մասնակցի, պարտավոր ես այնտեղ լինել, եւ հիմա որքանով է ճիշտ՝ մենք ասենք՝ այդ գումարը վերականգնման ենթակա է, արդյո՞ք պետական ծառայողը իր գործուղման ծախսերը պետք է վերադարձնի իր եկամուտի հաշվին, դա անհեթեթություն է:

-Այդ դեպքում ո՞րն է լուծումը:

-Տարբերակ առաջին, եթե այդ գործընթացը արդյունավետ է, ուրեմն պետք է ճիշտ կատարվի, հետեւյալ նախարարությունում հետագայում պետք է հետեւեն այդ պահանջներին, եթե այնպես է, որ այդտեղ կան գործընթացի խնդիրներ, հետագայում մենք պետք է առաջարկներ ներկայացնենք, որ գործընթացը շտկվի:

Քնար Մանուկյան




Լրահոս