Խաղաղություն փոթորիկից առա՞ջ. ԱՄՆ նախագահի փեսայի ճակատագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ԱՄՆ-ում ներքաղաքական կրքերը մի փոքր հանդարտվել են, եւ կարծես նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը հնարավորություն է ստացել լծվելու առօրյա աշխատանքի:

Սակայն շատերն այս իրավիճակը գնահատում են իբրեւ խաղաղություն փոթորիկից առաջ` հաշվի առնելով Թրամփի նախընտրական արշավում ռուսական հետքի շուրջ ՀԴԲ-ի հետաքննությունը: Նախընտրական շտաբի նախկին ղեկավարի ձերբակալությունն ու հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանդարտ գործողությունները հուշում են, որ նոր զարգացումներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Հատուկ դատախազի թիրախում, ըստ ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի, հայտնվել է նախագահի փեսա Ջարեդ Քուշները, որը ներկայումս Թրամփի ավագ խորհրդականն է: Մյուլլերը հարցաքննել է բազմաթիվ գործիչների, եւ այդ հարցաքննությունների ընթացքում հաճախ են քննարկվել Քուշների խոսակցությունները: Հատկապես ուշադրություն է դարձվում Քուշների եւ արտասահմանյան դիվանագետների ու պաշտոնյաների առանձնազրույցներին: Դատախազի ուշադրությունը հատկապես սեւեռվել է ՌԴ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Քուշների հանրահայտ հանդիպման վրա, երբ նախագահի փեսան առաջարկում էր ստեղծել հատուկ գաղտնի կապ ՌԴ շրջանակների հետ, որին հետեւելու հնարավորություն չէին ունենա ամերիկյան հատուկ ծառայությունները:

Բացի այս՝ Քուշները հանդիպել էր ռուսական կառավարող շրջանակների մտերիմ բանկիրներին, ինչը թույլ է տալիս կասկածելու, որ այդկերպ փորձ է արվել ներգրավելու ռուսական ֆինանսական կապիտալը: Եվ ահա նման վտանգավոր տեղեկատվական արտահոսքերի պայմաններում հայտնի դարձավ, որ Թրամփը պաշտոնանկ է արել ռուսական հետքը փնտրող ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին հենց Քուշների համառ հորդորներից հետո: Քուշների հանդեպ իրավապահների ու լրագրողների ուշադրությունը սեւեռվեց նաեւ այն պատճառով, որ նա ժամանակին չէր հանձնել ռուսական շրջանակների հետ իր կապերն ու զրույցները բացահայտող բոլոր փաստաթղթերը, ինչի մասին պարզ է դարձել հետաքննության ընթացքում: Անգամ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատորներն են արտահայտել իրենց դժգոհությունն այս առումով` հրապարակավ պահանջելով Քուշներից իրենց տրամադրել ողջ տեղեկատվությունը:

Ի դեպ, նույնիսկ Թրամփի փաստաբաններն են բաժանվել երկու ճամբարի, որոնց մի մասը պնդում է Քուշների շուտափույթ հրաժարականի վրա, մյուսները նման զարգացումը անհեթեթ են համարում: Եթե անգամ Քուշները այս փուլում հրաժարական չներկայացնի, ապա միեւնույն է՝ հատուկ դատախազի գործունեությունը վաղ թե ուշ հանգեցնելու է նրա պաշտոնանկությանը: Նրա մեծագույն սխալը եղել է ռուսական կապերի մասին ամբողջական տեղեկությունը չտրամադրելը: Ավելին` հենց Թրամփի փեսան է եղել ռուս դիվանագետների հետ գաղտնի զրույցների նախաձեռնողը: Եվ հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ լինելով նախագահի ավագ խորհրդականը` նա դեռեւս չունի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու բացարձակ իրավունք, ինչը եզակի երեւույթ է Սպիտակ տան համար: Ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների` Քուշները անհանգստացած է, որ հատուկ դատախազի վարած հետաքննությունը, ի վերջո, հանգելու է նախագահին:

Այդ մասին նա՝ Քուշները, զրուցել է իր մտերիմ ընկերներից մեկի հետ` միաժամանակ տրտնջալով, որ նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին զգալիորեն սահմանափակել է իր գործունեության ազատությունը: Նախկին գեներալը հասկանում է, որ պետակառավարման փորձ չունեցող Քուշները դժվարությամբ է պատկերացնում այս ոլորտը եւ Թրամփին էլ խորհուրդներ է տալիս` ելնելով գործարարի իր փորձից, ինչը բավականին վտանգավոր կարող է լինել առաջին հերթին հենց նախագահի համար: Սպիտակ տունը թեպետ պաշտոնապես ժխտել է այս ամենի հավաստիությունը, սակայն առկա տեղեկատվությունը ստիպում է այնքան էլ չհավատալ պաշտոնական պարզաբանմանը: Ի վերջո, New York Times-ը նախօրեին տեղեկություն հրապարակեց, որ հետաքննության թիրախում հայտնված եւ Թրամփի անվտանգության գծով նախկին խորհրդական, գեներալ Ֆլինի փաստաբանները այլեւս հրաժարվել են համագործակցել Թրամփի իրավաբանների հետ` հայտարարելով, որ իրավական առումով դա անթույլատրելի է:

Ըստ իրավագետների` նման անթույլատրելիություն կարող էր ծագել միայն այն դեպքում, եթե Ֆլինը սկսել է համագործակցել հատուկ դատախազի հետ` նրան որոշ գաղտնի տեղեկություններ հայտնելով: Անշուշտ սա դեռ հաստատված չէ, սակայն հանգամանքը, որ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները դադարեցնում են տեղեկատվության փոխանակումը միմյանց հետ եւ նախընտրում հետաքննիչների ու հատուկ դատախազի հետ առանձին գործ ունենալ, արդեն իսկ չափազանց խոսուն փաստ է:

Ն․ Հովսեփյան




Լրահոս