ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 5 տարի հետախուզման մեջ գտնվող Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին հայտնաբերեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:
Նախ՝ ամենասկզբից
Այս տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ-ում «Ինտերպոլի» ԱԿԲ-ի միջոցով Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Ուկրաինայի Կիեւ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր 37-ամյա Խաչատուր Բ.-ն:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչատուր Բ.-ն 2012թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Խաչատուր Բ-ն, որին իրավապահները կաշառքի գործով հայտնաբերել էին:
Ով է Կիեւում հայտնաբերվածը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 տարի հետախուզման մեջ գտնվող անձը Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանն է:
Իսկ 2012 թվականին իրավապահները ի՞նչ էին բացահայտել Խաչատուր Բաղդասարյանի գործունեության մասով, որ նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել ու 5 տարի փնտրում էին ու փնտրում:
Պարզվում է՝ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի՝ նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը եւ այն գրավադրելով իր ծանոթի անվամբ՝ որպես վարկ ստացել է 4 մլն 400 հազար դրամ ու խաբեությամբ հափշտակել:
Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս. Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ՝ ստացել է 43 հազար դոլարի վարկ եւ հափշտակել:
Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ եւս 40 հազար դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ այն իրավապահները բացահայտել էին:
Սակայն այս պատմության ամենաաղմկալի բացահայտումն այն է, որ Կոտայքի բնակիչ Ափոյանը տանիք է ունեցել, որ հանգիստ, խարդախությամբ հափշտակություններ է կատարել: Ըստ մամուլի հրապարակումների՝ պարզվել է, որ խարդախներին հանցակից է եղել ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ով կեղծ գործարքներին ընթացք չտալու պայմանով Ափոյանից պահանջել էր 9 հազար դոլար կաշառք:
Ո՞վ է բացահայտել գործը
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս աղմկահարույց բացահայտումը իրականացրել էր ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, սակայն վերջինիս բացահայտումից հետո ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին ձերբակալել հնարավոր չէր եղել, քանի որ նա կարողացել էր փախուստի դիմել Հայաստանից:
Ասել է, թե ավագ դատախազը տեղեկացված է եղել, որ մի խումբ մարդիկ կեղծ փաստաթղթերով վարկային կազմակերպություններից խաբեությամբ խոշոր գումարներ են ստանում եւ հափշտակում: Սակայն հանցագործության մասին իմանալով՝ ոչ թե համապատասխան ընթացք է տվել, այլ մի բան էլ հանացավոր խմբավորման հետ գործարքի էր գնացել եւ համապատասխան գումար պահանջել:
Նկատենք, որ դեռես 2012 թվականին այս աղմկահարույց բացահայտումը դատախազության ներսում ներքին տարաձայնության պատճառ է դարձել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազությունում քննարկել են, թե ինչպես փրկեն իրենց ավագ կոլեգային, սակայն, ըստ ամենայնի, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը իրավիճակի մասով այլ կարծիք է ունեցել եւ որոշել է գործին ընթացք տալ:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը հափշտակության մեջ մենակ չի գործել. կոլեգա օգնական էլ է ունեցել, բայց նրա մասնակցության հարցը այդպես էլ չի հաստատել, քանի որ Խաչատուր Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, եւ նրա նկատմամբ 2012 թվականին հայտարարվել է հետախուզում:
Այսպիսով՝ 5 տարի անց ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը հայտնաբերվեց, իսկ թե հետո ինչ բացահայտումներ կլինեն, սպասենք զարգացումներին:
Քնար Մանուկյան