Կաթիլային ոռոգման համար էժան վարկեր կտրամադրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» մասին որոշման նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագծով առաջարկվում է սուբսիդավորել կաթիլային ոռոգման նպատակով գյուղացիական տնտեսություններին մինչեւ 12 տոկոսով վարկերի տրամադրում: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այս ծրագրի իրագործման արդյունքում չորս տարիների ընթացքում կխնայվի առնավազն 75 մլն խմ ջուր, իսկ գյուղացիական տնտեսությունները կստանան շուրջ 9 մլրդ հավելյալ եկամուտ:

Մասնավորապես գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճը, ըստ տարիների, հետեւյալ պատկերն է ունենալու՝ 2018թ.` 0.6 մլրդ դրամ, 2019թ.` 1.2 մլրդ դրամ, 2020թ.` 1.8 մլրդ դրամ, 2021թ.` 2.4 մլրդ դրամ եւ 2022թ.` 3 մլրդ դրամ: Ենթադրվում է, որ ծրագրի շնորհիվ տարեկան 1.6-1.7 հազ. հեկտար տարածքում կներդրվի կաթիլային ոռոգման համակարգ: Ըստ նախագծի՝ գյուղատնտեսական վարկերը պետք է տրվեն առավելագույնը 14%-ով, այսինքն՝ պետությունը կսուբսիդավորի 2 տոկոսը: 1 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման միջին արժեքը, ըստ գյուղատնտեսության մասնագետների, կազմում է 1.3 մլն դրամ է:

Ըստ այդմ, վարկավորման գումարը տարեկան 1600 հա հողատարածքների համար կազմելու է շուրջ 2 մլրդ դրամ: Վարկերը տրամադրվելու են երեք տարի ժամկետով, մարման պարբերականությունը` 6 ամիս:

Ծրագրի իրականացման համար 2018 թվականին պետական բյուջեից կհատկացվի 114 մլն 652.778 հազ. դրամ, 2019 թվականին` 313 մլն 263.889 հազ. դրամ, 2020 թվականին` 425 մլն 208.333 հազ. դրամ, 2021 թվականին` 455 մլն դրամ եւ 2022 թվականին` 966 մլն 875 հազ. դրամ:

Ուշագրավն այն է, որ ամենախոշոր սուբսիդավորումը նախատեսվում է ծրագրի վերջին՝ չորրորդ տարում, որն, ի դեպ, նախընտրական տարի է լինելու, քանի որ 2022 թվականի գարնանը տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները:




Լրահոս