«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու այսօրվա նիստը եւս հետաքրքիր կանցնի: Օրակարգում են հուշատախտակների եւ փողոցների անվանակոչության հարցերը: Հուշաքարեր կտեղակայվեն Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմյոն Հախումյանի եւ մի շարք այլ հայտնի մարդկանց ապրած շենքերի պատերին: Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա «Ելք» խմբակցության բազում առաջարկներից մեկն է անցել. Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ:
Սերգեյ Փարաջանովի անվամբ կկոչվի Հրազդանի կիրճի Փարաջանովի թանգարանին կից հատվածի փողոցը: Կենտրոն վարչական շրջանի Սարալանջից մինչեւ Լեո-Կամսար հատվածը կանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելքը» դեմ է այս մոտեցմանը՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանել հայտնի հայորդու անունով, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է դրան, եւ ըստ ամենայնի կհաստատվի ՀՀԿ-ականների տարբերակը: Նիստը թե՞ժ կլինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չէ, չեմ կարծում, Զառան Լոս Անջելեսում միտինգի է, չնայած նրա երկու «վիշապները» կգան, իրենք էլ, «Ելքն» էլ ինչ ասեն, մենք չենք արձագանքելու»: Չե՞ք հայհոյելու։ «Չէ, չի լինի այլեւս նման բան. նախորդ նիստին տեսաք` մենք արդեն չենք արձագանքում ոչ մեկին, այդ թվում եւ նրանց տգեղ բառերին»: Ձերն էլ պակաս տգեղ չէր, եթե ոչ ավելի։ «Դե, Լեւոնն էր, էլի, քթի տակ մի բառ էր ասել, վռազ զապիս էին արել։ Մենք մեզ վաղը խելոք ենք պահելու»»:
Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: