ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։
2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 01։05-ին, Ալավերդու բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ պարանոցի հատվածում կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը եւ նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով։
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ալավերդու 30-ամյա բնակիչն սպանվել, իսկ 26-ամյա Ա.Մակոյանը ծանր մարմնական վնասվածք է ստացել նույն միջադեպի ժամանակ։
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան, եւ իրականացվել մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս Ալավերդի քաղաքի բնակիչ է, ծնված 1989 թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։