ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեյրան Օհանյանը պետք է Սամվել Բաբայանի կողքին լիներ. Գագիկ Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում):

Դատավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան դատապարտեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Ի դեպ, մեղադրող կողմը պահանջել էր 7 տարվա ազատազրկում:

Նկատենք, որ ի սկզբանե Սամվել Բաբայանի ձերբակալումը բոլորը կապում էին ՕՐՕ դաշինքի հետ: Սակայն ո՛չ երեկ, ո՛չ դատական մյուս նիստերին դաշինքի առաջնորդները Բաբայանի կողքին չէին:

Նույնիսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երբեւէ չայցելեց դատարան: Սամվել Բաբայանի վճռի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, երեկ հրապարակվեց Սամվել Բաբայանի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:

-Եթե վերցնում ենք մեր իշխանությունների գործունեությունը՝ սկսած 100 տարի առաջ, նորից նույն բաները կատարվում են: Իշխանությունն իր վարվելակերպը չի փոխում: Հիմա Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին դատում են, ձերբակալում:

Դատարանը երեկ չապացուցեց Սամվել Բաբայանի մեղքը, բայց 6 տարի ժամկետով դատապարտեց: Նորից նույն պատմությունը շարունակվում է, «Սասնա ծռերի», Ժիրայր Սէֆիլյանի դատավարությունն է ընթանում, բոլորին էլ դատելու են, ու այսպես շարունակ: Կա՛մ պետք է թողնեն, Հայաստանից գնան, կա՛մ էլ պետք է բանտերում անցկացնեն իրենց օրերը:

-Սամվել Բաբայանի ձերբակալումը քաղաքակա՞ն հետապնդում եք համարում:

-Իհարկե, ես դա համարում եմ, որ քաղաքական հետապնդում է, քանի որ Սամվել Բաբայանն աջակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, եւ նրանք լիկվիդացրեցին Բաբայան Սամվելին, որպեսզի ՕՐՕ-ն շարքից դուրս գա: Մեր իշխանությունները պետք է վերջացնեն այս հետապնդումները: Հիմա մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք երկրում կատարելու, քան թե ձերբակալումները: Երկրի լուրջ խնդիրները թողած՝ ընկել են ձերբակալումների հետեւից:

-Սակայն այժմ ընտրություններն արդեն ավարտվել են, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրան ազատ չարձակեցին:

-Դա իրենց պետք է հարցնեք, ինչու ազատ չարձակեցին: Ամեն ինչ ավարտված է, իրենք հաղթանակած են, պետք է բարի կամքի դրսեւորում ցուցաբերեին, որպեսզի թողնեին այդ մարդկանց: Այստեղ ոչ ոք ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել, իշխանությունը նրանց ձեռքում է, ամեն ինչ նրանց ձեռքում է, երկիրն էլ ղեկավարում են: Սամվել Բաբայանը ոչ ոքի չէր կարող խանգարեր:

-Սամվել Բաբայանը տեղի ունեցածը որակեց իր դեմ պատվեր: Դուք գիտե՞ք՝ ո՞ւմ էր նա ակնարկում:

-Բաբայանն ասեց, թե դա ինչ պատվեր է, ես չեմ կարող ասել, թե ինքն ում նկատի ուներ: Ես ի սկզբանե ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ դա քաղաքական հետապնդում էր: Բաբայան Սամվելը սկզբում չէր ցանկանում, որ դա քաղաքական ձեւակերպվի, որովհետեւ ինքը դատարանում ապացուցեց, որ ինքն իրոք ոչ մի մեղք չի գործել: Դատարանում ապացուցեց ու բոլորին ապացուցեց, որ «ես մեղավոր չեմ, բայց ինձ դատապարտում են»: Նոր է ինքն արդեն ասում, որ պատվեր է:

-Դուք նշեցիք, թե նրա ձերբակալումը նպատակ ուներ թուլացնելու ՕՐՕ դաշինքը: Նրա ձերբակալումից հետո ականատես եղանք, որ դաշինքի առաջնորդներից ոչ ոք նրա կողքին չի եղել, նույնիսկ երեկ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը: Դա ճի՞շտ եք համարում:

-Դա իրենց պետք է հարցնեք՝ ինչու այդտեղ չէին: Վերջապես այդ մարդն այն ժամանակ աջակցում էր, օգնում էր: Չեմ կարող իր տեղ պատասխանել: Սեյրան Օհանյանի հետ հանդիպում ենք, սակայն ոչ քաղաքական առումով: Ինքը, հնարավոր է, հանրապետությունից բացակայում էր եւ այդ պատճառով ներկա չէր դատավարությանը: Սակայն բոլոր դեպքերում առաջնորդները պետք է նրա կողքին լինեին:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս