Ինչպես փրկել ընտրակեղծարարներին. Սերժ Սարգսյանը` ՀՔԾ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՔԾ կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ անդրադարձել հատուկ քննիչների գործունեությանը: Ու մինչ խոսքերի բովանդակությանն անդրադառնալը, նկատենք, որ Սարգսյանը բավականին նուրբ է արտահայտվել ՀՔԾ-ի մասին՝ ի տարբերություն մյուս ուժային կառույցների՝ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության համակարգում եղած նմանատիպ խորհրդակցությունների ժամանակ ունեցած ելույթների: Նա քննադատել էր բոլոր կառույցներին:

Իսկ երեկ ՀՔԾ-ում Ս. Սարգսյանը ասել է. «Հարգելի՛ քննիչներ, բնականաբար, չեմ կարող նաեւ չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ձեր լիազորությանը: Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի: Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում:

Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ եւ ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլեւ օրինական եւ տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը»:

Ս. Սարգսյանը հավանաբար նկատի ունի այն փաստը, որ ՀՔԾ քննիչները կարողացան ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները «զտել» եւ դրանց մի փոքր մասին ընթացք տալ: Օրինակ՝ հարուցված քր. գործերի մի զգալի մասը 2-3 ամիս անց կարճվեցին, իսկ այն դեպքերն էլ, որոնց մասով հարուցվեց քր. գործ, ընտրակեղծարարաները, բացառությամբ մեկ անձի, ազատազրկման ձեւով պատժի չդատապարտվեցին:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների գործով դատարան է ուղարկվել 14 քր. գործ, որոնց 8-ի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ ահա երկու անձի նկատմաբ պատիժ սահմանվեց տուգանք 50 հազարից մինչեւ 500 հազար դրամի չափով: Աժ ընտրություններում կրկնակի քվեարկության համար միայն Արագածոտնի բնակիչ Աշոտ Առաքելյանը ազատազրկման դատապարտվեց 2 տարի ժամկետով, իսկ Երեւանի բնակիչ, կրկնակի քվեարկության փորձ կատարած Դավիթ Սիմոնայնի գործով դատաքննությունը շարունակվում է:

Իրավապահ կառույցները ներողամիտ գտնվեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ: Բանն այն է, որ ավագանու ընտրություններում խախտումների մասով հարուցվել էր 10 քր. գործ, բայց կարճ ժամանակ անց դրանցից 7 կարճվել է, մեկ քր. գործը՝ կասեցվել, եւ դատարան է ուղարկվել միայն երկուսը, որոնք կատարած անձինք տուգանվեցին 700 հազար դրամով:

Կարճ ասած՝ Ս. Սարգսյանը շնորհակալություն էր հայտնում քննիչներին՝ ընտրակեղծարարներին «տիրություն» անելու եւ «ջրից չոր դուրս բերելու» համար:

Քնար Մանուկյան




Լրահոս